Բաժիններ՝

Կարեն Կարապետյանի սպասված որոշումը` ՀՀ-ն կմասնակցի Դավոսի համաշխարհային համաժողովին

Այս տարի հունվարի 23-26-ը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը միանշանակ դրական է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը:

«Ցանկացած համաժողով ինչ-որ հնարավորություններ է բացում, ցանկացած շփում գործընկերների հետ պոտենցիալ հնարավորություններ է, և երկրի մասնակցությունն օպտիմիզմ է ներշնչում թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, որ մենք էլ ենք պատրաստ համագործակցության»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա` նման մակարդակի համաժողովին չմասնակցելը չի կարող չարտահայտվել երկրի վրա, և անցած 9 տարիները, որ Հայաստանը չի մասնակցել Դավոսին, բացթողնված հնարավորությունների ժամանակաշրջան էր:

Ա.Կայֆաջյանն օրինակ բերեց մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք մշտապես մասնակցում են Դավոսին: Նրա կարծիքով` եթե գործնական արդյունք չլիներ, նրանք էլ չէին մասնակցի:

«Նաև կապ ունի մեր ներկայացուցչական կազմը: Եթե նախկին կառավարությունը չուներ համապատասխան կադրեր` սկսած լեզուների իմացությունից, գիտելիքներից, ապա միգուցե ներկա կառավարությունն ունի այդ ներուժը, կադրերը և իրեն ավելի վստահ է զգում»,- նկատեց Ա.Կայֆաջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս