Թրամփի «գռեհիկ» արտահայտության արձագանքը
Ամերիկյան հասարակությունն ու միջազգային հանրությունը քննադատում են ներգաղթի, մասնավորապես՝ 700 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի քննարկման ընթացքում Թրամփի արած «գռեհիկ» արտահայտությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփը հերքել է Սպիտակ տանը ներգաղթի թեմայով քննարկումների ընթացքում Հաիթիի և աֆրիկյան երկրների հասցեին գռեհիկ արտահայտություն անելու մասին լուրերը:
Հինգշաբթի օրը օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն, ԱՄՆ-ի նախագահը, ըստ որոշ աղբյուրների, հրապարակային հարց էր հղել, թե ինչու է Միացյալ Նահանգները ընդունում մեծ թվով ներգաղթյալներ Աֆրիկայի և Հաիթիի նման կեղտոտ ու աղքատ երկրներից, այլ ոչ թե Նորվեգիայի նման երկրներից:
Ուրբաթ օրը Թրամփը մի շարք թվիթերյան հաղորդագրություններում ընդունել է, որ մեղմ չի արտահայտվել, բայց և միաժամանակ հերքել է ոչ կոռեկտ բնորոշում օգտագործելու մասին լուրերը՝ մեղադրելով դեմոկրատ օրենսդիրներին իր մեկնաբանությունները խեղաթյուրելու մեջ:
Իլինոյս նահանգի դեմոկրատ սենատոր Դիք Դուրբանն, ով ներկա է եղել Թրամփի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում հաստատել է նախագահի կիրառած բառը:
«6 սենատորներից բաղկացած մեր երկկուսակցական թիմը, որը ներառում է 3 դեմոկրատ և 3 հանրապետական սենատորներ, արդեն 4 ամիս է աշխատում DACA- ծրագրով նախկինում պաշտպանված ավելի քան 700 հազար անփասթաթուղթ երիտասարդների արտաքսման հարցի շուրջ, քանի որ նրանց ճակատագիրը մարտի 5-ից հետո հարցականի տակ է դրված: Սենատոր Գրեմհեմի ելույթի ժամանակ, նախագահը ընդհատում էր նրան, հարցեր տալիս ու ատելություն պարունակող, վիրավորական և ռասիստական արտահայտություններ անում:
Միջազգային հանրությունը կտրուկ է արձագանքել Թրամփի արտասանած խոսքերին: Ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խոսնակ Ռուպերտ Քոլվիլը նշել է որ, եթե Թրամփն իրոք արել է այդ արտահայտությունը, ապա այն վիրավորական է զարգացող երկրների համար:
«Խոսքը միայն գռեհիկ լեզվի օգտագործման մասին չէ, այլ՝ մարդկային ամենավատ կողմերին տեղի տալու՝ քանի որ այն սովորական է դարձնում, վավերացնում և խրախուսում ռասիզմի, ինչպես նաև օտարամերժության դրսևորումները, և հնարավոր է դարձնում բազմաթիվ մարդկային կյանքերի խեղումն ու կործանումը: Այդ տրամաչափի քաղաքական գործչից նման արտահատությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ»:
Ի հակադրութուն Թրամփի մեկնաբանությունների՝ վերջինիս կողմից պաշտոնանկ արված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին իր թվիթերյան էջում մեջբերել է տասնամյակներ շարունակ ներգաղթյալներին ողջունող Նյու Յորքի Ազատության արձանի վրա ամրագրված ուղերձը: