Էդեն Ազարը համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»
«Չելսին» կորցնում է առաջատարին: Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ և ընդունել է «Ռեալի» առաջարկը: Տեղափոխությունը նախատեսված է ամռանը:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական RMC Sport ռադիոկայանը, որին հղում են Mundo Deportivo-ն և Express-ը, համաձայնության համար որոշիչ գործոն է դարձել 27-ամյա ֆուտբոլիստի ցանկությունը՝ աշխատել մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
Ազարն արդեն մերժել է «Չելսիի» 2 առաջարկ: Երկրորդ անգամ «կապույտներն» Էդենին առաջարկել են տարեկան 17.6 մլն եվրո աշխատավարձ: Ազարի պայմանագիրը «Չելսիի»» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Էդենը հանդես է գալիս լոնդոնյան ակումբի կազմում 2012 թվականից: «Չելսիի» հետ բելգիացին 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը