Բաժիններ՝

«Կլիմայի տաք լինելն ավելի շատ դրական կանդրադառնա գյուղատնտեսության վրա». Փոխնախարար

2017 թվականին ունեցանք ոչ նորմալ գարուն, ինչն իր ազդեցությունը թողեց գյուղատնտեսության վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ խոսելով անոմալ տաք ձմռան մասին, նշեց, որ գյուղատնտեսության առումով՝ այն մի շարք դրական ազդեցություններ կարող է ունենալ:

«Այս պահի դրությամբ իսպառ վերացել է ցրտահարության ռիսկը, որն ամեն տարի մենք ունենում ենք: Կա այսպիսի արտահայտություն՝ «կենսաբանական զրո», որի դեպքում հողում լինում է +8-9 աստիճան ջերմաստիճան, և դա տևում է 10-15 օր:

Այս պարագայում սկսում է հյութաշարժությունը, այս պահին չունենք այդ խնդիրը, չկա հյութաշարժության հարց այս պահին, ծառերը, կարելի է ասել, անցել են հարաբերական հանգստի ժամանակաշրջան, գնում է նորմալ պրոցես: Իդեալական տարբերակ կլինի, երբ այս ջերմաստիճանի պայմաններում մենք ունենանք տեղումներ, չդիտվի ձմեռային երաշտ, որ հետագայում չունենանք ջերմաստիճանի կտրուկ նվազում: Եթե ունենանք ձյան առատ տեղումներ, արդեն տարին բարեհաջող կլինի: Դրականի առումով ավելացնեմ, որ այս պահի դրությամբ ջերմոցներում և ջերմատներում ջերմաստիճանի հետ կապված խնդիրներ չունենք, ջերմատներում հիմնականում էներգակիրների ծախսը կտրուկ նվազել է՝ նկատի ունեմ գազի սպառում, էլեկտրաէներգիայի սպառում»,- նշեց փոխնախարարը:

Նրա կարծիքով՝ Ամանորի օրերին թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները չպետք է բարձրանան, որովհետև չի ծախսվել լրացուցիչ ջերմություն, որը կբերեր ինքնարժեքի բարձրացմանը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ կլիմայական անբարենպաստ պայմանների առումով մենք ունեցանք խոտի կուտակման պակաս. «Այս պահի դրությամբ եղել ենք մարզերում, զրուցել ենք, տեսել ենք, որ գյուղամերձ տարածքներում դեռևս խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիներն արոտներում արածում են: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ նույնիսկ կենդանիները չեն անցել խորը մսուրային շրջանի, դա էլ ինչ-որ առումով բերում է կերի պակասի բալանս: Կուզեի հորդորել մեր մեղվաբուծությամբ զբաղվող ընկերներին, որ իրենք ուշադիր լինեն իրենց մեղվանոցների նկատմամբ, պետք է հետևեն կուտակված պաշարներին, որովհետև ջերմաստիճանի ակտիվացման հետ՝ մեղուները սկսում են ակտիվանալ, և նույնիսկ այն մեղվաընտանիքները, որոնք դրսերում են գտնվում, համապատասխան չափի բացվածք տան, կարողանան թռիչքը նորմալ ապահովել:

Այս պահի դրությամբ ես չեմ կարող արձանագրել որևէ բացասական ազդեցություն կլիմայի առումով գյուղատնտեսության վրա: Սպասում ենք, որ հետագայում չենք ունենա ջերմաստիճանի կտրուկ անկում, գոնե կունենանք ձյան տեղումներ, կլինի ձյան շերտ, և ծառերի բողբոջելը կլինի նորմալ: Ինձ թվում է՝ գարունն իր ժամանակին նորմալ ձևով կգա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս