«2018 թվականին կունենանք կաթնատվության առնվազն 20 տոկոս աճ». Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
«2018 թվականին շարունակելու ենք խմբային դասընթացները, ապահովելու ենք մոտ 750 ֆերմերի կրթություն, խորհրդատվական տեսանյութեր պատրաստելու ենք կրկնակի անգամ ավելի շատ, որոնք էլի կբխեն պետության կողմից բխող ռազմավարությունից՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին հիմնադրամն իր ուժերով իրականացնելու է անասնապահական ուղղվածություն ունեցող կոոպերտիվների դասընթաց. «Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված միջոցներն այս պարագայում կխնայվեն, մենք հավելյալ ռեսուրս չենք ծախսի, մեր կարողություններով արդյունքային ցուցանիշները կապահովենք, իսկ այդ գումարը կծախսենք, օրինակ, շինարարության համար»:
Գ. Գևորգյանը նշեց, որ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ևս մեկ ծրագիր են իրականացնելու, որի ընդհանուր արժեքը 42.67 ԱՄՆ դոլար է: Նա նշեց, որ դրա նպատակն է՝ անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներում արոտավայրերի բարելավումը, անասնապահության զարգացման խթանումը, ինչպես նաև արժեշղթայի զարգացումն ու արտադրանքի ապահովումը՝ մեղր, կաթ, պանիր, հատապտուղ և այլն, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության ինստիտուցիոնալ որոշակի կառույցների կարողությունների զարգացումը:
«2017 թվականի ընթացքում արձանագրել ենք հետևյալ արդյունքները. 10 համայնքում՝ ավարտվել, իսկ 8 համայնքում շարունակվում են շինարարական աշխատանքները, 22 համայնքի համար հայտարարել ենք մրցույթ, ևս 32-ի համար նախագիծ ենք կատարել: Տվել ենք գյուղտեխնիկա՝ 41 միավոր, 16 ենթածրագիր ենք ֆինանսավորել պարենային ոլորտում, կառուցել ենք բանջարաբոստանային գիտական կենտրոնի համար 3000 քառակուսի մետր ապակեպատ լաբորատորիա և լաբորատոր գործիքներ ենք տվել Գյուղնախարարության մյուս ինստիտուտներին: 2018 թվականի ընթացքում կառուցելու ենք նոր ջերմոցներ, 800 միլիոն դրամի գյուղտեխնիկա ենք տրամադրելու, և ընդհանուր ներդրումը միայն 2018 թվականի ընթացքում 2.5 միլիարդ է: Ծրագրի ընթացքում կունենանք կաթնատվության առնվազ 20 տոկոս աճ, գլխաքանակի՝ 20 տոկոս աճ»,- նշեց Գ. Գևորգյանը: