Հունվարի 1-ից թանկացումների նոր ալիք կլինի

Հարցազրույց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

– Պարոն Մակարյան, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում՝ ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: Սրա հետևանքով նշված ապրանքների դեպքում որքա՞ն թանկացում է հնարավոր։

– Թանկացման առումով ժողովրդի համար ամենից կրիտիկականը ես համարում եմ բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը։ Դրա հետ կապված՝ տրանսպորտային որոշ ընկերություններ արդեն ահազանգում են։

Օրինակ՝ եթե ընկերությունը 40 հազար խմ գազ է օգտագործում երթուղային տաքսիների համար, իր հաշվարկում մոտ 2 մլն դրամ թանկացում է առաջանալու։

Հիմա ոչ բոլոր ընկերությունները կարող են այդ թվերի մեջ տեղավորվել, որովհետև մոտավորապես 25 դրամով ավելանում է, դրան գումարած՝ ԱԱՀ-ն, և մոտ 30 դրամ գնի բարձրացում է բերում։ Հետևաբար՝ տրանսպորտային ընկերությունների գները կբարձրանան, չնայած  խոսակցություններ կան, որ կառավարությունը կարող է սուբսիդավորել։

Իսկ տրանսպորտի գների բարձրացումը ժողովրդի վրա կանդրադառնա, որովհետև մարդիկ այդ հարցում շատ զգայուն են։ Դա կարող է նաև աղմուկ առաջացնել, հանրապետությունով մեկ տարբեր տհաճ խոսակցություններ լինեն։ Նույն ձևով էլ՝ բենզինը։ Բայց ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը կրիտիկական չեմ համարում, որովհետև ծխողներն էլի կծխեն, եթե չեն ծխի, ապա՝ ավելի լավ, որովհետև, եթե նրանց առողջական վիճակը վատանա, դա ավելի մեծ ծախսեր է առաջացնելու։ Իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում բացառություններ կան, օրինակ՝ մրգային օղիներին և մի քանի այլ տեսակների դա չի վերաբերելու։

Ալկոհոլային խմիչքներն առանց այդ էլ թանկ են, դրանց դեպքում տարբերությունը շատ չի զգացվի։ Ավելի կրիտիկականն այս պահին բենզին ու սեղմված գազն են։

– Թանկանալու դեպքում որքա՞ն պետք է լինի, օրինակ՝ երթուղային տաքսիների արժեքը. հնարավո՞ր է, որ 150 կամ 200 դրամի այն հասնի։

– Պետք է նայենք, թե իրենց շրջանառությունն ինչքան է։ Նրանք կամ պետք է չթանկացնեն, իրենց եկամուտից գնա, տեղավորվեն այդ գնի մեջ, որը կարող է բարդ լինել։ Պետք է այսպես նայենք՝ ընկերությունը չպետք է զրոյի վրա կամ զրոյին մոտ եկամտաբերությամբ աշխատի, դա էլ է տանում բիզնեսի կործանման, որովհետև ինքը չի հասցնում մոդեռնիզացվել, մեքենաների անվտանգությունը, որակը, հարմարավետությունը լավացնել։ Բայց կարծում եմ, որ այդպիսի թվերի չի հասնի՝ 150 դրամ և այլն, այլ ենթադրում եմ, որ կարող է 120 դրամ լինել։ Այլ հարց է, որ տրանսպորտային ընկերությունները դեռ նախորդ տարիներին ուզում էին գները բարձրացնել, և եթե, ասենք, գա թանկացման պահը, ուզենան 150 դրամ դարձնել, որ նախկին ծախսերն էլ տեղավորվեն դրա մեջ։ Բայց կարծում եմ, որ միայն ակցիզային դրույքաչափի թանկացումը չպետք է գերազանցի 20 դրամը։

– Նաև ընդունվելու է ԵՏՄ ընդհանուր Մաքսային օրենսգիրքը, որն անդամ երկրներում մաքսային դրույքաչափերի նույն ռեժիմն է սահմանելու, ինչը Հայաստանի դեպքում ենթադրում է դրույքաչափերի բարձրացում: Բացի այդ, հունվարի 1-ից այլևս չի գործելու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը. սա ի՞նչ հետևանքներ կունենա։

– Այստեղ հավասարակշռելու խնդիր ունի մեր հանրապետությունը։ Նախ՝ այդ 800 անուն ապրանքների մասով. դա նորություն չէր, 2015 թվականից դրա մասին գիտեին, կառավարությունը 2 տարով արձակուրդ էր վերցրել՝ էկոնոմիկան զարգացնելու և հասարակությանը նախապատրաստելու համար։ Հիմա այլ հարց է, թե ինչքանով զարգացրինք մեր տնտեսությունը։

Լա՞վ, թե՞ վատ, դա արդեն պետք է տեղի ունենա։ Հավասարակշռումն այլ ձևով եմ ուզում հասկանանք։ Նույն ձևով որոշ ապրանքներ ԵՏՄ-ի շնորհիվ էժանացել են, օրինակ՝ ռուսական ալյուրը բերվում է բավականին մատչելի գներով և լուրջ մրցակցություն է առաջացնում, կամ՝ մթերքների, տեխնիկայի, ավտոմեքենաների որոշ տեսակներ։ Այսինքն՝ պետք է նայել այսպես՝ քաղաքացին կամ ընտանիքն իր ամսական ռացիոնի մեջ ինչից ինչքան է օգտագործում, և հիմա թանկանալու դեպքում՝ որքանով է մի դեպքում որոշ ապրանքն էժանացել, որքանով է մյուս ապրանքը թանկացել, ու դրանց ընդհանուր գումարայինը թանկացո՞ւմ է, թե՞ իրար հավասարակշռում են, այսինքն՝ զրոյի վրա է կանգնում։

Իհարկե, մեր տնտեսական վիճակից ելնելով՝ ցանկալի կլիներ, որ միայն էժանացման կողմը գնայինք, չմտածեինք հավասարակշռելու մասին, բայց զուտ տնտեսական առումով, եթե ֆորմալ նայենք հարցին, կարող է այդ ընդհանուր հաշվարկն արվի ու հավասարակշռություն ստացվի։ Հիմա ուղղակի նման հաշվարկ ոչ ոք չի արել։ Կարող է և մի քիչ թանկացում լինել, բայց այստեղ մի ուրիշ բաղադրիչ էլ կա, որ կարող է հավասարակշռել վիճակը։

Դա այն է, որ տնտեսական աճը կա ու կշարունակվի, տնտեսական աճի էֆեկտիվությունը քաղաքացիները կսկսեն զգալ, և երկրորդ՝ աշխատանքային միգրանտների ուղարկած գումարների ծավալներն ավելանում են, որովհետև ՌԴ տնտեսությունն ավելի արագ է առողջանում, և տրանսֆերտների գումարները մեծանում են։ Այսինքն՝ տրանսֆերտների գումարը կկոմպենսացնի, եթե նույնիսկ ընտանիքները նեղվեն, որ որոշ բաներ թանկ են, ապա այդ տրանսֆերտների ավելանալը կարող է նրանց հոգսը թեթևացնել։

Բոլոր դեպքերում, թանկացումները հնարավոր են, որովհետև, փաստորեն, այդ 800 ապրանքներն ազատ ռեժիմից դուրս են գալիս։ Կառավարությունը հիմա լուրջ ջանքեր է ներդնում՝ տեղական արտադրությունը խթանելու և ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու համար։ Շատ բաներ հիմա ընթացքում են, այդ թվում նաև՝ մթերքների բնագավառում, հետևաբար՝ այն ինչ այստեղ արտադրվի, կարող է ավելի լավ գին ունենալ։ 2018թ. մենք ավելի հստակ կարող ենք այդ հարցին գնահատական տալ։

Տեսանյութեր

Լրահոս