Բաժիններ՝

Վրաստանի Պանկիսի կիրճում ձերբակալություններ են կատարվել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Վրաստանի Պանկիսի կիրճի Դուիսի գյուղում դեկտեմբերի 26-ի առավոտից ոստիկանական գործողություն է անցկացվում մինչեւ 60 հատուկ ջոկատայինների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Դուիսի գյուղի բնակիչներին:

Ձերբակալվել են Դուիսիի երկու բնակիչներ՝ Թեմիռլան եւ Ռուսլան Մաչալիկաշվիլիները, ինչպես նաեւ այդ գյուղից սերված Օմալո Բադո Չոպանաշվիլին, որոնք մեղադրվում են նոյեմբերին Թբիլիսիում վերացված ահաբեկիչ Ահմեդ Չաթաեւի հետ կապեր ունենալու մեջ:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Չոպանաշվիլին օգնել է Չաթաեւին ու նրա խմբին՝ բնակարան վարձել Թբիլիսիում: Առայժմ Վրաստանի իրավապահ մարմինները տեղեկատվություն չեն հրապարակել Պանկիսի կիրճում հատուկ գործողություն անցկացնելու վերաբերյալ:

Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում, որն ավելի քան քսան ժամ շարունակվել է նոյեմբերի 21-ից մինչեւ 22-ը, բազմահարկ շենքի բնակարաններից մեկում ոչնչացվել են երեք ահաբեկիչներ, իսկ մեկը ձերբակալվել է մինչեւ մարտի սկսվելը: Զինված բախման հետեւանքով սպանվել է մեկ, վիրավորվել՝ մի քանի հատուկ ջոկատային, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս