
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը

Վրաստանի նախագահական նստավայրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Նախագահներն առանձնազրույց կանցկացնեն, ինչից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Մինչ այդ Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ նախագահին և առաջին տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջենալիձեն և Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենան նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: