«Բանկերը համատարած դատի են տալիս քաղաքացիներին. որևէ գործ բանկի դեմ չի լուծվում». փաստաբան

Փաստաբան Հայկ Ալումյանն ասօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ դատավորների նկատմամբ հաճախ ճնշում է գործադրվում հենց դատական իշխանության վերնախավի կողմից։ Ըստ նրա՝ այլ բան է դատական իշխանության անկախությունը, և բոլորովին այլ բան՝ դատավորի անկախությունը։

«Մենք պետք է ոչ այնքան դատական իշխանության անկախության ձգտենք, այլ ձգտենք նրան, որ յուրաքանչյուր դատավոր արդարադատություն իրականացնելիս՝ ինքն իրեն անկախ զգա, և փաստացի էլ լինի այդպիսին, ինչին այս օրենսգիրքն անգամ չի էլ ձգտում։ Դատավորների կախյալ վիճակի հետ կապված բազմաթիվ տեսակետներ կան և նաև բազմաթիվ լծակներ կան դատավորների նկատմամբ, որոնք միշտ չէ, որ տեսանելի լծակներ են։

Օրինակ՝ գործերի բաշխման հետ կապված լծակները։ Դուք գիտեք՝ երկար տարիներ գործերը բաշխվում էին դատարանի նախագահների կողմից և բաշխվում էին կամայականորեն, ինչը հնարավորություն էր տալիս դատարանի նախագահին՝ այդ եղանակով ցանկացած ճնշման տակ դնել որևէ դատավորի, որն իրեն դուր չէր եկել, և հակառակը՝ արտոնություններ սահմանել այն դատավորների համար, որոնք աշխատում են իր հետ լավ հարաբերություններ պահպանել։

Երկար պայքարից հետո, այդ թվում՝ միջազգային կառույցների ներգրավմամբ, հանգեցինք  նրան, որ գործերը պետք է բաշխվեն համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով, որպեսզի դատավորի նկատմամբ այդ լծակը գոյություն չունենա։ Բայց ինչ է, հիմա կարո՞ղ է՝ մեկը կարծում է, թե դատարանում գործերը բաշխվում են համակարգչի միջոցով՝ պատահականության սկզբունքով»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ, եթե նման կարծիք ունեցող մարդիկ գոյություն ունեն, ապա նրանք պատրանքների մեջ են, այդպիսի բան այլևս գոյություն չունի։

Փաստաբանի խոսքով՝ համակարգչի քողի տակ գործերը շարունակում են բաշխվել կամայականորեն՝ թիրախավորելով որևէ դատավորի. «Դատարանի նախագահը կարող է նրան ծանրաբեռնել ամենաբարդ գործերով, և՝ հակառակը»։

Ալումյանի կարծիքով՝ դատավորի նկատմամբ մի ուրիշ լծակ է այն, որ հատկապես քաղաքացիական գործեր քննող դատավորներն այսօր իրենց ժամանակի 80 տոկոսը նվիրել են բանկերի գործերը քննելուն.

«Բանկերը համատարած դատի են տալիս քաղաքացիներին, և այդ գործերը քննում են դատավորներ, բայց մեկն ու մեկը ստուգե՞լ է՝ կարող է պատահի՝ այդ բանկի վարկառու է հանդիսանում այդ դատավորը, և ենթադրենք՝ այդ բանկից ստացել է արտոնյալ վարկ, և հիմա այդ բանկի հայցերն այդ դատավորը քննում է։ Որևէ մեկը ստուգե՞լ է՝ Վճռաբեկ դատարանի դատավորները ո՞ր բանկերում վարկեր ունեն և ի՞նչ պայմաններով են այդ վարկերը։

Եթե մենք ասում ենք, որ դատավորը պետք է հայտարարագրի իր գույքը, իր հետ փոխկապակցված անձանց գույքը, եկամուտները, իսկ ինչո՞ւ չի ստեղծվել օրենքի մեջ այնպիսի մեխանիզմ, որ դատավորը պարտավոր է նաև հայտարարագրել, թե ինքը որ բանկում ինչ վարկեր ունի, ինչ պայմաններով, և արդյո՞ք նա ժամկետանց վարկառու չէ ու լրիվ չի ընկել այդ բանկի թակարդը, և հիմա նա քննում է այդ բանկի գործերը։ Ինչո՞ւ որևէ գործ բանկի դեմ չի լուծվում։

Եվ այն եզակի գործերը, որոնք բանկերի դեմ լուծվում են առաջին ատյանի դատարաններում, ապա դրանք հաստատ վճռաբեկ կամ վերաքննիչ դատարաններում բեկանվում են և լուծվում բանկի օգտին։ Ինչո՞ւ, միգուցե խնդիրն այն է, որ ինչքան բարձրաստիճան դատական ատյան է, այնքան կախումը բանկերից ավելի շատ է, դա պետք է ամրագրել։ Միգուցե դա ձեռնտու է ոմանց»։

Փաստաբանն իր գործունեության ընթացքում երբևէ չի տեսել դեպք, որ օրենքի մեջ որևէ դրական փոփոխություն տեղի ունենա իշխանությունների նախաձեռնությամբ. «Ցանկացած դրական փոփոխություն, եթե օրենքի մեջ տեղի է ունեցել, եղել է կամ Վենետիկի հանձնաժողովի ճնշման տակ, կամ Եվրոպական դատարանի վճիռների արդյունքում, կամ Եվրոպայի խորհրդի ճնշման տակ, կամ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումից հետո, որ, եթե այս դրական փոփոխությունը չանեք, այլևս չենք ֆինանսավորելու։ Եվ սա հերթական պարզ ապացույցն է։

Ցանկացած դրական տեղաշարժ եթե այս օրենսգրքում արձանագրենք, ապա կտեսնենք, որ դա տեղի է ունեցել կամ Վենետիկի հանձնաժողովի ճնշման տակ, կամ որևէ միջազգային կառույցի։ Սա ոչ միայն՝ վատ, սա ողբալի երևույթ է»։

Տեսանյութեր

Լրահոս