«Ոստիկանության բյուջեն 35 միլիարդից հասել է 64 միլիարդ դրամի. ինչների՞ս է պետք 64 միլիարդ դրամանոց բյուջեով Ոստիկանություն»

Այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Մեծ խոստումներ, դառը իրականություն. աղքատներն են մեղավոր, «չեն ուզում աշխատել», թե՞ կառավարությունն է ապաշնորհ» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ որևէ փաստաթղթում չկա անդրադարձ գործազրկությանը, կամ այն հարցին, թե ինչ է տալիս 6-7 տոկոս տնտեսական աճը քաղաքացիներին.

«Նույնիսկ երեկ, երբ համապատասխան թվեր հրապարակվեցին, դրանց մասին չխոսվեց։ Հիմա այս տնտեսական քաղաքականությունն ինչո՞ւ ենք իրականացնում, ինքնանպատակ ինչ-որ գործընթա՞ց է։ ԿԲ-ն պայքարում է ինֆլյացիայի դեմ․ հենց այնպե՞ս է պայքարում, որ լինի 1.5%, ինչի՞ համար։ 1991-ից մինչև հիմա գործազրկության մակարդակը 16-19 տոկոս է, այդ խնդիրը չի լուծվում:

Խնդիրն այն է, որ ՀՀ-ում չեմ տեսնում նպատակ իշխանության կողմից, բոլոր կառավարությունների կողմից: Խնդիրն այն է, թե ինչ քաղաքական խնդիր է դրված: Մեր այսօրվա քաղաքական իշխանությանն այսօր ձեռնտու է այս համակարգը: Նրանց ձեռնտու է, որ մեզ մոտ աղքատները մնան աղքատ, և լինեն մի խումբ հարուստ մարդիկ: Սա նշանակում է՝ ավտորիտար համակարգ, որտեղ քաղաքական հարցերը ոչ թե՝ հրապարակային, ընտրությունների ճանապարհով են լուծվում, այլ՝ կուլիսային»:

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ պարզաբանեց, թե ինչի հաշվին է ապահովվել 7.3 տոկոս տնտեսական աճ. «Տնտեսական աճը տնտեսագետները նայում են համալիրի մեջ։

Մեր արտահանման շուկաները մեծանում են, ավանդական արտահանվող ապրանքների թիվը մեծացել է, պղնձի գներն աճել են։ Մեկ գործոն էլ կա՝ մասնավոր տրանսֆերտները, դրսից ներմուծվող փողն ավելանում է, առևտրաշրջանառությունը բարձրանում է։ Այնպես որ, 7.3 տոկոս տնտեսական աճը բարձր թիվ չէ, դա շատ ցածր բազայի վրա է ձևավորվել, և կարելի է ասել՝ որոշակի աշխուժացում կա, ներդրումների որոշակի հոսք կա։ Որակական փոփոխություններ տնտեսական աճի մեջ չկան, դրանից սենսացիա սարքելու հիմքեր ես չեմ տեսնում»։

Ըստ Մարգարյանի՝ սոցիալական քաղաքականությունը չի բերել նրան, որ տնտեսական աճը լինի ներառական: Երկարաժամկետ ռազմավարության խնդիրն է: Մեր կառավարությունները չեն ունեցել ողջաժամկետ ռազմավարություն: Մեր կարգի երկրներում, որոնց տնտեսությունները թերբեռնված են, աճը պետք է լինի 10 տոկոս և ոչ պակաս»:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահը հայտարարել էր, որ մարդիկ չեն ուզում աշխատել, դրա համար են վատ ապրում, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն այսպես արձագանքեց.

«Իհարկե, ՀՀ նախագահը շատ ճիշտ գնահատական է տվել, որ պետք է աշխատել: Համոզված եմ, որ առաջին հերթին՝ դա ուղղված է կառավարությանը: Պորտաբույծների մի մեծ բանակ կա, որոնցից չենք կարողանում ազատվել: Մենք էլ ենք մեղավոր, հասարակությունն էլ է մեղավոր, որ չենք կարողանում ազատվել նրանցից, որ կարողանանք աշխատեցնել կառավարությանը: Կառավարության մոտ մի վատ մշակույթ է ձևավորվել՝ չնկատել Վահագն Խաչատրյանին, Ատոմ Մարգարյանին, այսինքն՝ հեղինակություն ունեցող մարդկանց։

Արդյո՞ք պահանջված է տնտեսագիտական միտքն այսօր։ Մենք կարող ենք բաժակաճառի մակարդակով ցանկություններ ու խոստումներ ասել, և դրանից հետո ոչ ոք մեզ չի հարցնի՝ բա մի տարի առաջ ի՞նչ էիք ասում, և ո՞վ էր ձեզ խանգարում, որովհետև հիմա շատ է շրջանառվում այդ թեզը, կառավարությունն ասում է, որ իրենց խանգարում են։ Ես չեմ ուզում դրան հավատալ։ Այդ դեպքում կամ հրաժարական են տալիս, կամ անում են այն, ինչի համար եկել են իշխանության»։

Քննարկման մասնակից քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նկատեց`միշտ տնտեսական տարբեր նպատակներ են հայտարարվել, որոնք ձախողվել են։ Ըստ նրա՝ տարիներ շարունակ կրթությանը հատկացվող բյուջեն չի աճում. «Երբ նայում ենք կրթության բյուջեին, տեսնում ենք, որ այն չի աճել: Մինչդեռ Ոստիկանության բյուջեն 35 միլիարդից հասել է 64 միլիարդ դրամի: Այդ գումարներն ուղղվում են լրիվ այլ տեղ: Ինչների՞ս է պետք 64 միլիարդ դրամանոց բյուջեով Ոստիկանություն»:

Տեսանյութեր

Լրահոս