«Միշտ ասում էին, որ Աթեշյանն Էրդողանի եղբայրն է. դա ինձ համար պատիվ է». Արամ արքեպիսկոպոս Աթեշյան
Պոլսո հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թուրքական իշխանությունների ցանկությամբ ինքը պատրիարքական ընդհանուր փոխանորդ է։
«Այս 8 տարվա մեջ ոչ ոք չխոսեց իմ հաջողությունների մասին, այլ միշտ ասում էին, որ Աթեշյանն Էրդողանի եղբայրն է, ես էլ ասացի, որ դա ինձ համար պատիվ է․ վարչապետի հետ լավ եմ, նախարարների հետ լավ եմ, դա իմ համայնքի շահն է»,- ասաց նա՝ ներկայացնելով իր կատարած գործերը, որոնցից հատկապես առանձնացրեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը, Տիգրանակերտի եկեղեցու վերանորոգումը և այլն։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե եթե այդքան բան է արել, ապա ընտրությունների ժամանակ ինչո՞ւ դա չգնահատվեց։
«Բոլոր հոգևորականներն էլ, օտարականներն էլ գնահատում էին։ Եկեղեցական համագումարը որոշել էր, որ պատրիարքը ցմահ է ընտրվում, և չէինք կարող նոր պատրիարք ընտրել, որոշեցինք պատրիարքին հանգստի ուղարկել, թեև դրա իրավունքն էլ չունեինք։ Առանց աշխարհականներին հարցնելու, ինքնագլուխ պատրիարքին հանգստի ուղարկեցինք։ Միայն հոգևորականները դրա իրավունքը չունեին, բայց արեցինք։
Տեղապահ ընտրելու համար էլ կենտրոնական մարմինն ու կրոնական ժողովը միասին պետք է ընտրեին։ Ընտրությունից հետո ուղարկում են նահանգապետին, որը, եթե վավերացնի, տեղապահը կմնա։ Հիմա մեզ նախքան ընտրությունն ասացին, որ ընտրություն չանենք, բայց մեր հոգևորականները պնդեցին, որ ընտրություն պետք է լինի։ Հիվանդանոցի ատենապետ Պետրոս Չիրինօղլու ունենք, որին ևս ասել էին, որ ընտրություն չպետք է լինի, նա էլ համայնքի առաջատարների հետ խոսեց, նրանք դա չընդունեցին, ասելով, թե՝ նահանգապետն ինչո՞ւ է խառնվում, և ընտրություններ եղան։
Ընտրությունից 10 րոպե հետո նահանգապետարանից նամակ եկավ, որ ընտրությունն ընդունելի չէ, և, որ իրենց որոշածի պես՝ ես եմ պատրիարքարանի ընդհանուր փոխանորդը և պետք է շարունակեմ իմ գործը»,- ի պատասխան՝ ասաց նա։ Դիտարկմանը՝ համայնքը՝ որպես տեղապահ, ընդունում է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, նա այսպես արձագանքեց.
«Գոռացող 50-100 հոգին համայնքը չեն ներկայացնում։ Համայնքը 70 հազար է»։ Հարցին՝ Էրդողանին նամակ գրելն ու Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ափսոսանք հայտնելն է՞լ էր բխում հայկական համայնքի շահերից, նա այսպես պատասխանեց.
«Այո՛, անշուշտ, դա բխում էր հայկական համայնքի շահերից: Այդպես են արել իմ նախորդները՝ նախորդ պատրիարքները: Ես ինքնագլուխ ոչինչ չեմ արել: Նամակն էլ մի քանի հոգով ենք գրել»։
Աթեշյանը հստակ չպատասխանեց՝ ի վերջո, Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ. «Ես ընդունում եմ Ցեղասպանությունը, թե ոչ, դա այլ հարց է։ Նամակում ես չեմ գրել, որ Ցեղասպանություն չի եղել, ոչ էլ գրել եմ, որ եղել է։ Ինչ որ Հրանտ Դինքն էր ասում, դա եմ ասել։ Բոլորն էլ ասել են, որ, թող մյուս երկրները մեզ որպես ջոկերի թուղթ չգործածեն։ Գերմանիան 100-ամյակի ժամանակ ինչո՞ւ դա չընդունեց, որովհետև Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ուներ։ Բոլոր երկրներն էլ այդպես են, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները սառչում են, Ցեղասպանության հարցն առաջ են բերում»։
Նրա խոսքով՝ Հայաստանում գտնվողներն ազատ խոսում են և չեն պատկերացնում, թե ինչ վիճակում են Թուրքիայում ապրողները: Նա ասաց, որ իր նամակը բխում էր համայնքի շահերից, բայց միևնույն ժամանակ՝ նշեց, որ կարող էր և չգրել այդ նամակը։
Հարցին՝ Աթեշյանն ասում է, որ ինքը կրկնել է այն, ինչ Հրանտ Դինքն ու մյուսներն են ասել, բայց իր ասածը շրջվեց իր դեմ, ինչո՞ւ այդպես եղավ, նա նախ պատասխանեց, որ չի հասկանում հարցը, ապա նշեց, որ, քանի որ ինքն է համայնքի գլուխը, դրա համար այդպես ընդունվեց։
Ինչ վերաբերում է Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրություններին, նա ասաց, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պետք է հեռանա, որովհետև թուրքական իշխանությունները դեմ են նրան, որից հետո կլինեն ընտրություններ։ Լրագրողի դիտարկմանը, թե՝ Աթեշյանն ու Բեկչյանը թող հեռանան, որ նոր պատրիարք ընտրվի, Աթեշյանն ասպես արձագանքեց. «Կամ ես ուղեղ չունեմ, կամ՝ դուք։ Մարդը ասում է, որ ձեր արածը հականոնադրական է։ Ես հետ չեմ կանգնում, որովհետև եկեղեցական ընդհանուր համագումարը որոշել է, որ ես լինեմ»։