Կազմվել է 2017 թվականին ամենաարագ հարստացած միլիարդատերերի վարկանիշը
Forbes հանդեսը կազմել է 2017 թվականին ամենաարագ աճող կապիտալների տերերի վարկանիշը: Ցուցակի առաջին տեղում Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա ակտիվները թանկացել են 33,8 մլրդ դոլարով՝ մինչեւ 98,6 մլրդ դոլար։
Երկրորդ տեղն զբաղեցրել է Evergrande Group-ի սեփականատեր Սյույ Ցզյայինը: Նրա ակտիվների ընդհանուր արժեքը տարվա ընթացքում աճել է 27,4 մլրդ դոլարով եւ կազմել 36,5 մլրդ դոլար:
Երրորդ հորիզոնականում Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոն է: 2017 թվականին նա հարստացել է 23,6 մլրդ դոլարով՝ մինչեւ 40,3 մլրդ դոլար: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չորրորդ դիրքում է, նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 23,6 մլրդ դոլարով՝ մինչեւ 72 մլրդ դոլար:
Հինգերորդ հորիզոնականը Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Խուատենինն է: 2017 թվականին նա հարստացել է 21,8 մլրդ դոլարով՝ մինչեւ 44,3 մլրդ դոլար:
Տասնյակում տեղ են գտել նաեւ հնդիկ մեդիամագնատ Մուքեշ Ամբանին, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը, Ասիայի ամենահարուստ կինը՝ Յան Հուեյյանը, Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը եւ Christie’s աճուրդների տան սեփականատեր Ֆրանսուա Պինոն:
Ջեֆ Բեզոսը Forbes հանդեսի միլիարդատերերի գլոբալ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջինում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է: Institute for Policy Studies ամերիկյան ինստիտուտը նոյեմբերին հաշվել է, որ ԱՄՆ-ի ամենահարուստ երեք քաղաքացիների՝ Բեզոսի, Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆեթի միագումար կարողությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչության չքավոր կեսի (160 մլն մարդ) ընդհանուր կարողությունը: