Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկերները
2017 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը՝ 2017 թվական հունվար-սեպտեմբեր ամիսների համար։ ԱՎԾ-ն հրապարակել էր ներդրումների զուտ հոսքերը (ստացումների և մարումների տարբերությունը)։ Ու քանի որ նախորդ հրապարակումների ժամանակ տնտեսական բլոկի պատասխանատուները հորդորում էին հիմք չընդունել միայն զուտ հոսքերը, այլ նաև եղած տվյալների հիման վրա հաշվել և համեմատել ներդրումների գծով ստացումները, մենք այդպես էլ արել էինք։
Հաշվել էինք, և ստացվել էր, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ստացումները 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 33.4 մլն դոլարով կամ 6.6%-ով (505.6 մլն դոլարի փոխարեն՝ 472.1 մլն դոլար)։
Դեռ նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ստացումների ընդհանուր ցուցանիշից բացի՝ հաշվել ենք նաև տվյաները՝ ըստ երկրների։ Այսինքն՝ պարզել ենք, թե որ երկրից որքան օտարերկրյա ուղղակի ներդրում է կատարվել ՀՀ տնտեսության իրական հատվածում, և որքանով է փոխվել 2016 թվականի համեմատ։
Մինչ առաջ անցնելը նշենք, որ այստեղ և հետայսու օգտագործվող օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) տակ նկատի ունենք ստացումները՝ առանց հաշվի առնելու մարումները։
2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված 472.1 մլն դոլար ՕՈՒՆ-ների կեսից ավելին՝ 243.7 մլն դոլար, բաժին է ընկնում Ռուսաստանին։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ ռուսաստանյան ներդրումների մի զգալի մասը կատարվել է էլեկտրաէներգետիկայի ոլորտում։
Այս ցուցանիշի մեջ մեծ դեր է խաղում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործարքը։ Ինչպես հիշում եք, Սամվել Կարապետյանն ի սկզբանե ՀԷՑ-ը գնեց կիպրական օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջոցով։ Իսկ այս տարվա ապրիլին «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» ՀԷՑ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ այս գործարքի արդյունքում Կիպրոսից կատարվող ներդրումների զուտ ներհոսքը նվազելու է, Ռուսաստանից կատարվող ներդրումներինը՝ աճելու, ինչը և այսօր արտացոլված է։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների երկրորդ խոշոր աղբյուրը Ջերսին է։ Այստեղից կատարվել է 122 մլն դոլարի ներդրում (ամբողջն ուղղակի ներդրումներ են)։ Տեղեկացնենք, որ Ջերսիից կատարված ներդրումները «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրում կատարված ներդրումներն են։ Ամուլսարի հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կազմելու է 370 միլիոն ԱՄՆ դոլար:
Ուղղակի նեդրումների ստացումների առումով երրորդ տեղում Գերմանիան է (22.3 մլն դոլար)։ 10 մլն դոլարից ավելի ուղղակի ներդրումներ են հոսել ևս 3 երկրներից՝ Ֆրանսիայից (18.8 մլն դոլար), Լիբանանից (15.6 մլն դոլար) և Կիպրոսից (13.9 մլն դոլար)։
Հարևան երկրներից Իրանը կատարել է 200 հազար դոլարի ուղղակի ներդրումներ, իսկ Վրաստանից այս տարի ուղղակի ներդրումներ չեն ստացվել։ Ներդրումները զրոյական են նաև ԵԱՏՄ անդամ Բելառուսից և Ղազախստանից (Ղրղըզստանի տվյալները հրապարակված չեն)։
Ուղղակի ներդրումների ստացումներից բացի՝ հետաքրքիր է նաև այդ ստացումների փոփոխությունը՝ ըստ երկրների։ Մենք կազմել ենք 10 երկրների ցանկը, որտեղից ՕՈՒՆ-ներն ամենից շատ են աճել, և 10 երկրները, որտեղից ամենից շատ են նվազել։
Ինչպես տեսնում եք, աճի առումով առաջատարը Ջերսին է։ Նախորդ տարի այստեղից ներդրումներ չեն եղել, և այս տարի աճը միանգամից 122 մլն դոլար է։
Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի Ամուլսարի ծրագրի ներդրումները եկել են Միացյալ Թագավորությունից։ Այսինքն՝ աղբյուրն աշխարհագրորեն փոխվել է, ինչի հետևանքով՝ ՄԹ-ից ՕՈՒՆ-ների ստացումները նվազել են 63 մլն դոլար։ Սակայն, եթե անգամ այդ հանգամանքը չեզոքացնենք ու ենթադրենք, այդ 63 մլն դոլարի նվազումն ամբողջությամբ պայմանավորված է Ամուլսարի հանքավայրով, միևնույն է՝ կստացվի, որ այս ծրագրի գծով ստացված ներդրումներն աճել են 50 մլն դոլարով։
Համեմատության համար նշենք, որ Գերմանիայից ստացվող ներդրումներն աճել են 13,5 մլն դոլարով, Ֆրանսիայից կատարված ներդրումները՝ 12,7 մլն դոլարով, Ռուսաստանից կատարված ներդրումները՝ 5,1 մլն դոլարով։
Ի հակառակ սրա՝ ՕՈՒՆ-ների ներհոսքն ամենից շատ (60-ական մլն դոլարով) նվազել է Կիպրոսից, Լյուքսեմբուրգից և Միացյալ Թագավորությունից։
Ահա այսքանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումների վիճակագրության մասին։ Ամբողջական պատկերը, իհարկե, պարզ կդառնա, երբ կհրապարակվի տարեկան վիճակագրությունը՝ հաշվարկված ինչպես՝ Ազգային վիճակագրական ծառայության, այնպես էլ՝ Կենտրոնական բանկի կողմից (ըստ վճարային հաշվեկշռի)։ Սակայն այսքանն էլ բավական է՝ պատկերացում կազմելու համար, թե ովքեր են մեր խոշորագույն ներդրումային գործընկերները 2017 թվականի արդյունքներով։