
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». ՌԴ Պետդումայի պատգամավոր

«Մենք չենք համարում, որ Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիր կնքելը Ռուսաստանի ազգային շահերին ուղղված սպառնալիք է, եթե, իհարկե, այն չի խախտում Հայաստանի պարտավորվածությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՊԴ ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը և եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարարում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կարող է լինել կամուրջ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք հետաքրքրված են ԵՏՄ շուկայով: 168.am-ի հարցին՝ ռուսական կողմն այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ հնարավորություններ է տեսնում, Զատուլինն այսպես պատասխանեց.
«Համաձայն եմ եվրոպացի դիվանագետի հետ, նրա ասածի իրականացման հիմքերը կան։ Բայց դրա հետ մեկտեղ՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը մեծ երկիր է, և այն վարում է ուղիղ երկխոսություն եվրոպական երկրների հետ, և այդպես լինելու է նաև հետո: Այդ առումով՝ չի կարելի ասել, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը պետք է վստահենք մեկ այլ երկրի, հույս ունենք, որ մեր փոխարեն մեր խնդիրը կլուծի ուրիշը: Իհարկե, մենք ենք նախ պատասխանատու այդ երկխոսության համար, բայց եթե կան երկրներ, որոնք այդ հարցում մեզ կօգնեն, շնորհակալ կլինենք»։
«Այո, մենք նկատի ենք առնում և ունենք իրավունք նկատի առնելու, որ ոչ միայն՝ Հայաստանը, այլ նաև՝ աշխարհի հայերը դրական են տրամադրված Ռուսաստանի և նրա քաղաքականության նկատմամբ, և շատ հաճախ սփյուռքում այդ մասին արտահայտվում են այլ երկրներում ապրող հայերը»,- ասաց նա:
Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը հետ չի կանգնի իր ցանկությունից՝ Լեռնային Ղարաբաղն իր կազմում տեսնելուց:
«Կարծում եմ՝ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվում՝ կողմերի միջև եղած անհամաձայնությունների պատճառով: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի համաձայնի լինել Ադրբեջանի կազմում: Դա փաստ է, որի հետ վաղ թե ուշ պետք է հաշտվել, բայց այդ մտքի հետ Ադրբեջանը, հայտնի է, չի հաշտվում:
Նա անում է շատ բարձր հայտարարություններ հողերի մասին, որոնք պետք է վերադարձնել: Կարծում եմ, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է մոտ լինել իր հանգուցալուծմանը, եթե կողմերը ելնեն խաղաղ հանգուցալուծման սկզբունքից ու հանեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում եղած բոլոր արգելքները. դա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, Ադրբեջանին վերադարձնել հակամարտության ժամանակ Լեռնային Ղարաբաղի կողմից գրավված տարածքները, լինի գործարք կողմերի միջև, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց բնակավայրեր»,- ասաց նա:
Զատուլինն առաջիկայում չի սպասում լուրջ ճեղքում կարգավորման գործընթացում: Ըստ նրա՝ դա երկարատև գործընթաց է, և Ադրբեջանում եղած տրամադրվածությունները հաշվի առնելով՝ նման բան սպասել պետք չէ:
«Ես իմ ջանքերը գործադրում եմ, որ այլևս սուր ռազմական հակամարտություն չլինի: Արյուն չլինի, նորից չվերսկսվեն ռազմական գործողությունները: Դա ամենակարևոր դիրքորոշումը պետք է լինի»,- եզրափակեց նա։