«Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին». ՌԴ Պետդումայի պատգամավոր
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՊԴ ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինն այսօր տեսակամուրջի ժամանակ անդրադարձավ ռուսական մեդիայի հակահայ քննարկումներին։
«Հայաստանից չենք կարող պահանջել կամ ստիպել, որ պրոռուսական կուրս վարի, Հայաստանը պրոհայկական կուրս է վարում, և Ռուսաստանը հարգում է դա։ Ես ցավում եմ, որ մի խումբ քաղաքագետներ, խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին, էմոցիոնալ, նույնիսկ վուլգար են արձագանքել։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, հեռուստամեկնաբանների կաստա է ձևավորվել, որոնք պատրաստ են ամեն ինչ մեկնաբանել։ Ես հուսով եմ՝ ինձ այդ շրջանակում չեմ տեսնի»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը Եվրամիության հետ վաղուց է բանակցում, և դեռ 2013թ. պետք է ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը. «Արևելյան գործընկերությունը նպատակ ունի պոսսովետական երկրներին ինտեգրել ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական ոլորտներում։ Արևելյան գործընկերության այդ նպատակներն ակնհայտ էին շատ վաղուց, բայց կոշտ և կոմպրոմիսի չգնացող մոտեցումն իրականացավ միայն 2013թ.։
Այդ ժամանակ Հայաստանը տեսնելով այդ սպառնալիքը, չցանկացավ «կամ-կամ»-ի քաղաքականությանը միանալ, որը պարտադրում էր ԵՄ ղեկավարությունը։ Եվ թեկուզ Ռուսաստանն այդ ժամանակ ասում էր, որ պետք է երկու համակարգերի համադրման վերաբերյալ բանակցություններ վարել, որ Ռուսաստանը համաձայն է նրա հետ, որ պետք է ինչ-որ ձևով տնտեսական կառույցները համաձայնեցնել, բայց մեզ չլսեցին, և տեսանք, թե ինչ եղավ Ուկրաինայի հետ։ Հայաստանն այդ ճանապարհով չգնաց, ինչի համար մենք երախտապարտ ենք նրան»։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրին, նա ասաց, որ ակնհայտ էր՝ ԵՄ-ն ևս դասեր է քաղել 2013 և 2014թթ. իրադարձություններից. «Այս փաստաթղթում չկա ազատ առևտրի գոտու մասին, որը քննարկվել էր ԵՏՄ շրջանակներում։ Ռուսաստանը մի կողմից՝ Հայաստանին նայում է՝ որպես դաշնակից, միակ հետևողական դաշնակիցը Կովկասում, և միայն Հայաստանի հետ ԵՏՄ շրջանակներում ունենք կոլեկտիվ անվտանգության պայմանավորվածություն։
Մենք շատ ուշադիր հետևում ենք երրորդ կողմերի հետ մեր դաշնակիցների հարաբերություններին, ինչպես դա անում են մեր դաշնակիցները։ Մենք իրավունք չունենք արգելել ինչ-որ մեկին, նույնիսկ՝ մեր դաշնակիցներին, շահավետ հարաբերություններ ունենալ ուրիշ երկրների հետ»։