Բաժիններ՝

«Այս օրենքում կան լուրջ խնդիրներ». Գևորգ Կոստանյան

«Հայաստանում անձնական ազատության իրավունքի վիճակը վատ է, մենք շատ անելիքներ ունենք այստեղ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ հնարավոր լինի վիճարկել ձերբակալության օրինականությունը, սակայն, ըստ նրա, այս խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա:

«Անձն ինքը պետք է որոշի՝ հավանականություն կա՞, որ իր տված ցուցմունքն իր դեմ կօգտագործվի՞, թե՞  ոչ: Այս մասով Սահմանադրության հոդվածը, որին համապատասխանեցվում է այս օրենքը, կարծում եմ՝ հետընթաց է ապրել նախորդ սահմանադրությունից, որովհետև Եվրոպական դատարանի նախադեպերով հաստատված է, որ մարդն իրավունք ունի լռելու, իսկ դա նշանակում է՝ ոչինչ չասել, ոչ մի ապացույց չտալ հետաքննության մարմնի համար»,- նկատեց Ա. Զեյնալյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանի խոսքով էլ՝ օրենքի անհրաժեշտությունն ակնհայտ է: Նրա խոսքով՝ ՀՀ-ն 2002 թվականից վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 5-րդ հոդվածի 3-րդ մասը ֆիքսում է, որ ցանկացած անձ պետք է հնարավորություն ունենա վիճարկել իր ձերբակալումը դատական կարգով:

«Մինչև այսօր մենք այդ օրենքը չունեինք: Մարդը, մինչև այս օրենքի ընդունումը, չի ունեցել հնարավորություն՝ վիճարկելու իրեն ձերբակալելու որոշումը: Այսինքն՝ սա ոչ թե բխում է միայն սահմանադրական փոփոխություններից, այլև կոնվենցիոն պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք դեռևս 2002 թվականին:

Բայց այս օրենքում կան լուրջ խնդիրներ, ու կան այնպիսի դրույթներ, որոնց կատարումը կարող է վտանգել ամբողջ կոնվենցիոն պարտավորության կատարումը: Մի քանի հանգամանքների մասին է խոսքը. առաջին՝ անձը, որը ձերբակալվում է, պետք է հնարավորություն ունենա իր ձերբակալումը վիճարկել այն ժամկետում, որ մինչև իր ձերբակալման ժամկետը լրանալն ինքն ազատ արձակվելու հնարավորություն ունենա: Երկրորդը՝ անձը ձերբակալումը վիճարկելու համար պետք է իր տրամադրության տակ ունենա բոլոր նյութերը, որի հիման վրա ինքը ձերբակալվել է, հակառակ պարագայում ձերբակալման վիճարկումը կլինի ապրիորի և ոչ արդյունավետ: Երրորդ՝ ցանկացած անձ, որն ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի, և պետությունը պարտավոր է փոխհատուցել»,- նշեց Գ. Կոստանյանը:

Նա ասաց, որ հիմա չկա վիճակագրություն, թե վերջին տարիներին քանի ապօրինի ձերբակալություն է եղել, քանի որ մարդիկ վիճարկելու հնարավորություն չեն ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս