
Երկրի բնակչությունը 2016 թվականին 45 մլն տոննա էլեկտրատեխնիկական աղբ է թափել

Երկրագնդի վրա սրընթաց կերպով աճում են այսպես կոչված էլեկտրատեխնիկական աղբի՝ հին շարժական հեռախոսների, դեն նետված կենցաղային տեխնիկայի եւ այլնի ծավալները։
Անցյալ տարի նման թափոնների ծավալն ամբողջ մոլորակում կազմել է 44,7 մլն տոննա՝ 8 տոկոսով ավելի նախորդ հետազոտության տվյալների համեմատությամբ, որն անցկացվել է երեք տարի առաջ:
Այս թվերը ներկայացված են Տոկիոյում բազավորված ՄԱԿ-ի համալսարանի զեկույցում, որը հենվել է տարբեր ազգային ճյուղային կազմակերպությունների եւ էլեկտրակապի միջազգային միության վիճակագրության վրա:
Ուսումնասիրության տվյալներով՝ հավաքվում եւ վերամշակվում է այդ աղբի ոչ ավելի, քան 20 տոկոսը: Տվյալներ չկան այն մասին, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում դեն նետված էլեկտրասարքերի ու սարքավորումների մեծամասնության հետ: Դա, մասնագետների կարծիքով, վնաս է հասցնում մոլորակի բնապահպանությանը, որը մշտապես աճում է. այդ աղբի մեջ հաճախ վնասակար նյութեր են պարունակվում: Զեկույցում նշվում է, որ այդ թափոնների հավաքումն ու օգտահանումը կարգավորող օրենսդրությունն ընդունվել Է 67 երկրներում: Սակայն դրա իրագործումը քիչ թե շատ հաջողվել է ստուգել միայն 41 պետություններում:
Մյուս կողմից՝ էլեկտրատեխնիկական աղբի մեջ ոսկու, պլատինի եւ այլ արժեքավոր բաղադրիչների պարունակությունը միայն անցյալ տարվա ծավալներով գնահատվում է 55 մլրդ դոլար: Սակայն մեծ մասամբ այդ արժեքները չեն կորզվում: ՄԱԿ-ի համալսարանը կանխատեսում է, որ մինչեւ 2021 թվականն այդ աղբի տարեկան ծավալը կհասնի 52,2 մլրդ տոննայի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: