Արցախում վերին շնչուղիների սուր վարակի դեպքերը նվազել են
Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) 2932 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4264-ի փոխարեն:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ նշելով, որ 0-18 տարեկան երեխաների մոտ անցած տարվա դեկտեմբեր ամսվա տվյալներով, 2017-ի համեմատ, ՎՇՍՎ դեպքերը նվազել են 1096-ով:
«ԱՀ առողջապահության նախարարության կողմից վերահսկվում է համաճարակաբանական իրավիճակը, իրականացվում ամենօրյա մշտադիտարկում. բուժսպասարկման բոլոր օղակներում, նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում կազմակերպվում են համալիր միջոցառումներ:
Բուժհաստատություններում հսկողությունն ուժեղացված է հիվանդների ժամանակին հայտնաբերման, ախտորոշման, գրանցման և հոսպիտալացման գործընթացների առումով: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում է ամենօրյա բակային համայցեր»,-ասել է Օ. Հարությունյանը և հավելել, որ ԱՀ-ում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ:
Խոսելով ՎՇՍՎ-ով վարակվելու կանխարգելման միջոցների մասին՝ համաճարակաբանը խորհուրդ է տվել գրիպանման երևույթների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ժամանակին դիմել բժշկական օգնության, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համապատասխան, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազելու և փռշտալու վերվելակարգը: