Հայ-թուրքական արձանագրությունները դարձան թուրք-ադրբեջանական հարաբերությունների պատանդը
Հայկական Սփյուռքին ուղղված Էրդողանի քննադատություններից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2018թ. գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին նա հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին՝ նա հիշեցրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը:
Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: «Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն արձանագրություններն առոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»,- հայտարարել է Նալբանդյանը:
Ավելի վաղ Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ էր տվել պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը` տեղեկացնելով` պատրաստ է առոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն, երբ ըստ էության կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:
«Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «168 Ժամի» հետ զրույցում հիշեց, թե ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը:
Ըստ նրա՝ դա համայնքին հավելյալ անվտանգության, կայունության զգացում էր ներշնչել, հույս, որ հայրենիքի հետ կապը կվերականգնվի, հայ համայնքի իրավունքները ու շահերն առաջ կմղվեն հեշտությամբ, հայ համայնքը Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրներ այլևս չի ունենա, հայկական մշակութային ժառանգության պահպանման համար անվերջ պայքարը կավարտվի, և այսպես շարունակ: Էստուկյանի խոսքով՝ հայաստանաբնակ հայերը ևս ոգևորված էին, որովհետև հնարավորություն կստեղծվեր այցելել Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր, սահմանը կբացվեր, առևտուր, հարաբերությունների խորացում, և այլն, և այլն:
Սակայն այդ հույսերը, խմբագրի կարծիքով, շուտ անհետացան, քանի որ ուրվագծվեց Ցյուրիխյան արձանագրությունների անհաջող ապագան, այդ արձանագրությունները տապալվեցին:
«Վերջին տարիներին Թուրքիայում Ադրբեջանի ազդեցությունն էապես աճել է, քանի որ ներդրումներն են մեծացել, կապերն են խորացել, որոնց շնորհիվ Թուրքիայի իշխանություններն իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են Բաքվի հետ: Եվ ըստ էության այս արձանագրությունները դարձան Ղարաբաղյան հակամարտության պատանդը: Հայ-թուրքական սահմանի փակ վիճակը շարունակելով՝ Թուրքիան և Ադրբեջանը հույս ունեին զիջումներ ստանալ Հայաստանից, կարծելով, թե ծնկի են բերել, ինչը չհաջողվեց, այս արձանագրություններն էլ, հետևաբար, որևէ իմաստ չունի շարունակել պահել: Ի վերջո սահմանը պետք է բացվի, դա Եվրոպայի միակ փակ սահմանն է»,- ասաց Էստուկյանը:
Նրա պնդմամբ՝ դրանք որևէ արժեք չունեն Թուրքիայի համար, եթե նախայմանների խնդիրը չի լուծվում, ուստի Հայաստանի իշխանությունների որոշումն արդարացված է:
«Հայ համայնքում առանձնակի հիասթափություններ չկան, քանի որ այստեղ դեռ վաղուց պարզ էր, որ այս արձանագրություններն ապագա չունեն, ցավով եմ դա նշում, այստեղ յուրաքանչյուր հայտարարություն այդ մասին երկար ժամանակ քննարկվել է, մարդիկ հույս են ունեցել, բայց վերջին երկու-երեք տարվա ընթացքում պատրանքներ այլևս չկան, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը ռեգիոնում պարզ է, դրա հիմնական ուղղությունը պարզ է, թեև Էրդողանը մեղավորությունը փորձում է բարդել Սփյուռքի վրա, բայց Սփյուռքը սահմանի հարցում որևէ դերակատարություն չունի, այս արձանագրությունները նույնիսկ Սփյուռքի կողմից առաջ են մղվել»,- ասաց Էստուկյանը:
Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին ևս այն կարծիքին է, որ այդ արձանագրությունները պետք է դուրս գան օրակարգից, քանի դեռ Թուրքիան իսկապես պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Թուրքիան արհեստականորեն նաև մեղավորությունը ստեղծված իրավիճակի փորձում է բարդել Ադրբեջանի վրա, բայց Թուրքիայի իշխանություններին այսօր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում անհրաժեշտ չէ:
Թուրքիան այսօր բոլորովին այլ ճանապարհով է ընթանում: Այսօր այնպես է ստացվել, որ Թուրքիան ավելի շատ արտաքին քաղաքական խնդիրներ ունի, քան լավ հարաբերություններ: Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսեցին կարգավորվել, քանի որ երկու երկրների միջև շատ լուրջ շահեր կային, որոնք ստիպեցին գնալ լուրջ զիջումների, Ռուսաստանը լուրջ զիջումների է գնացել այդ հարաբերությունները ողջ ծավալով վերադարձնելու նպատակով, այդ զիջումներից մեկը ռուսական ուժերի դուրսբերումն է Սիրիայի տարածքից, դա հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկն էր, որի մասին վերջերս Էրդողանը հայտարարել էր՝ մինչ Պուտինի հետ բանակցությունների՝ Սոչի մեկնելը, որտեղ էլ պարզվեց, որ բանակցությունները բավականին սուր ընթացք են ունեցել, որից հետո Լավրովը մեկնեց Թուրքիա, ապա Էրդողանը՝ կրկին Սոչի:
Այս ամենը նշում եմ՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ամեն բան այսօր էլ հարթ չէ, արտաքին քաղաքական շահերը տարբեր են, բայց տնտեսական օգուտներն այնքան մեծ են, որ կողմերը դրանք հանուն արտաքին քաղաքական սկզբունքների և հաղթանակների չեն ցանկանում զոհաբերել: Ներկայիս Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը բարդ հարց է, ավելի բարդ է դրանք կարգավորելը:
Ես հիշում եմ, որ Ցյուրիխյան արձանագրությունների հարցում Ռուսաստանը որոշակի դերակատարություն ունեցավ, այսօր Ռուսաստանը հիմքեր չունի միջամտելու այս հարցին, քանի որ Թուրքիայի նախագահն առավել հաճախ Ղարաբաղյան կոնֆլիկտից է խոսում, քան հայ-թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ ավելի հաճախ Ղարաբաղյան կոնֆլիկտն է քննարկում, քան Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման, սահմանի բացման հարցը: Ի վերջո, Թուրքիան, որը մեղադրում է Սփյուռքին Հայաստանի շրջափակման համար, կարող է Ռուսաստանին դիմել այս հարցով, եթե խնդիրը հայկական Սփյուռքն է:
Սակայն այդ հայտարարությունները վարագույր են, որի ետևում թաքցվում է իրականությունը` Թուրքիան բացարձակապես չունի հայ-թուրքական սահմանը բացելու մտադրություն: Ցանկության դեպքում դա մի քանի ամիսների հարց է»,- ասաց վերլուծաբանը:
Նրա կարծիքով` արձանագրությունների՝ օրակարգից դուրսբերումից հետո երկկողմանի քաղաքական կամքի պարագայում կարելի է այդ փաստաթուղթը վերանայել և վերադառնալ դրան, քանի որ դա այն շրջանակն է, որով պետք է կարգավորվեն այդ հարաբերությունները, դրանում ներառված են բոլոր հարցերը, որոնց դեմ չեն կողմերը: