«Բիթքոինը մնում է ռիսկային վճարման միջոց». Փորձագետ
Ֆինանսական ոլորտի փորձագետներն անդրադառնում են բիթքոին վճարային միջոցին՝ վերջինիս ֆյուչըրսների առուվաճառքի կապակցությամբ: Ըստ փորձագետների, բիթքոինի արժեքը, որը վերջին շրջանում գրանցել էր սրընթաց աճ, աստիճանաբար կդանդաղի մոտակա ամիսների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ներդրողների կարծիքով այն շարունակում է մնալ չափազանց մեծ ռիսկ պարունակող ներդրում: Բիթքոինի մեջ ներդրումը նրանք համեմատում են խաղադրույք կատարելու հետ:
«Սա բավականին ոգևորիչ շրջան է այս վճարման միջոցի համար, սակայն կարծում եմ, պետք չէ գլխակորույս գնել այն: Դա չափազանց ռիսկային ներդրում է: Ես ինքս կսպասեի մի փոքր: Եթե ցանկանում եք ընդամենը խաղադրույք անել, ապա կարող եք գնել այն, քանի որ երբեք չգիտեք, թե ինչ կլինի: Դրա իրական արժեքը դեռևս պարզ չէ: Ուստի կարծում եմ, որ եթե ընդամենը ցանկանում եք փորձել բախտը, ապա կարող եք գնել այն, սակայն եթե իրական ներդրող եք, ապա կսպասեք»,- ասում է փորձագետ Սանթոշ Ռաոն:
Դեկտեմբերի 10-ին Չիկագոյի Cboe Global Markets բորսան դարձավ բիթքոինի ֆյուչըրսների առուվաճառքի առաջին հարթակ, որը ներդրողների կարծիքով դրական ազդեցություն կունենա կրիպտոարժույթի վրա:
«Կարծում եմ, որ սա դրական երևույթ է արտարժույթի համար, եթե այն կարող ենք այդպես կոչել: Դրա նկատմամբ կա որոշակի վստահություն: Այն ունի նախապատմություն, և այնպես չէ, որ հայտնվել է մեկ օրում: Հետագայում այն կտատանվի, սակայն կարծում եմ կպահպանի իր գոյությունը շատ ինտերնետային ընկերությունների նման, օրինակ Amazon-ի: Այս պահին սակայն, այն բավականին լավ դիրքերում է մնացածների համեմատ և դրա նկատմամբ վստահությունն աճում է»,- ասում է Մանհեթանի ֆինանսական ընկերության փորձագետ Սանթոշ Ռաոն:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում բիթքոինի արժեքը գրանցել է ավելի քան 200 տոկոսանոց աճ: Մասնագետների կարծիքով, այն դեռևս չի հասել իր գագաթնակետին:
2008 թվականին այն հիմնվել է Սատոշի Նակամոտո անվանումը կրող մարդկանց մի խմբի կողմից՝ դառնալով առաջին թվայնացված վճարման միջոցը: Սկզբում դրա գինը կազմում էր մոտ 1 դոլար, սակայն կարճ ժամանակահատվածում այն սկսեց արագորեն աճել՝ հասնելով մի քանի հազար ԱՄՆ դոլարի:
Բիթքոինի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Նրա քննադատներն ու երկրների կենտրոնական բանկերը ընդգծում են, որ այն հեշտությամբ կարող է օգտագործվել փողերի լվացման կամ անօրինական այլ գործարքների համար, քանի որ ապակենտրոնացված է և ֆինանսական որևէ մարմնի կողմից չի ենթարկվում վերահսկողության: