Բաժիններ՝

Անխորտակելի Անաստասը. Միկոյանի քաղաքական երկարակեցության գաղտնիքը

1978թ. հոկտեմբերի 21-ն Անաստաս Միկոյանի մահվան օրն է: 40 տարի նա եղել է ԽՍՀՄ կառավարության վերին օղակներում. համարվում է կրեմլյան երկարակյացների ամենավառ ներկայացուցիչը: Ժամանակներ էին փոխվում, առաջնորդներ, և միայն Միկոյանն էր մնում անսասան: Նրա անունը ժողովրդական բանահյուսության անբաժան մասն էր. «От Ильича до Ильича без инфаркта и паралича»:

Կյանքի ընթացքում Միկոյանին ուղեկցել է տարօրինակ բարի բախտը. ողջ է մնացել ռազմաճակատում, լինելով «Բաքվի 27-րդ կոմիսարը»՝ ողջ է մնացել, խուսափել է ստալինյան բռնաճնշումներից, չնայած մի քանի անգամ նրա կյանքը եղել է մազից կախված: Life-ը փորձել է պարզել Միկոյանի քաղաքական անխորտակելիության գաղտնիքը:

Ինչպես էր կոփվում պողպատը

Անաստաս Միկոյանը ծնվել է Թիֆլիսի գուբերնիայի գյուղերից մեկում: Ինչպես նա էր պատմում՝ գյուղացի աղքատ հյուսնի ընտանիքում: Գրագիտություն սովորել է տեղի վանքի վանականներից, որից հետո տեղի քահանայի խորհրդով՝ նրան ընդունել են Թիֆլիսի հոգևոր ճեմարան:

Կարդացեք նաև

Իր հուշերում Միկոյանը պնդում է, որ բոլշևիկյան կուսակցության շարքերն է անցել 1915 թ: Սա վիճելի է, քանի որ այդ տարվա սկզբում նրա քաղաքական հայացքները խիստ տարբերվել են բոլշևիկյան գաղափարախոսությունից:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսական կայսրությունում հայտնվեց Անդրանիկ Օզանյանը: Ծնված լինելով Օսմանյան կայսրությունում, հայ հայդուկապետը բոլորին հայտնի էր՝ որպես թուրքերի դեմ պայքարող մարտիկ, որոշ ժամանակ եղել է դաշնակցական, իսկ պատերազմը սկսվելուց հետո իր ծառայություններն է առաջարկել ռուսական բանակին: Օզանյանին թույլ տվեցին հայ կամավորականներից ձևավորել ջոկատներ, որոնք կկռվեին Կովկասյան ճակատում: 1914 թ. վերջում այդ ջոկատներից մեկում ընդգրկված էր նաև պատանի Անաստաս Միկոյանը: Սակայն ճակատում նա քիչ եղավ: Մի քանի ամիս անց նա հիվանդացավ մալարիայով և վերադարձավ: Իսկ եթե իսկապես բոլշևիկ է դարձել 1915-ին, ապա միևնույն է՝ լուրջ դեր չի խաղացել, քանի որ բուժվելուց հետո վերադարձել է ճեմարան:

Կովկասում հեղափոխությունից հետո իրադարձությունների հորձանուտ էր, իրադարձությունները, իրավիճակը փոփոխվում էին կայծակնային արագությամբ, և արդյունքում՝ ստացվում էր լրիվ նոր կոմբինացիա: Օրինակ՝ ինչ-որ ժամանակ Միկոյանը եղել է հայտնի հայ ֆիդայի Սրվանձտյանի ջոկատի կոմիսարը, որը տանել չէր կարողանում բոլշևիկներին, չէր խնայում նրանց:

Բաքվի 27-րդ կոմիսարը

Ագիտացիոն նպատակներով Բաքվի նավթահանքերում հայտնված Միկոյանը հեղափոխական քաոսի էպիկենտրոնում էր, և միայն ինքը գիտեր, թե ինչպես այնտեղից ողջ դուրս եկավ:

Ոչ մի պայծառ ապագա նրան չէր հաջողվի կերտել. 1918 թվին, ինչպես մյուս Բաքվի կոմիսարները, նա 100 տոկոսով դատապարտված էր մահվան: Չէ՞ որ նրան էլ, մյուս հեղափոխականների հետ միասին, ձերբակալել էին: Բաքվի 26 կոմիսարները ԽՍՀՄ-ում պաշտամունքի առարկա էին՝ նրանց մասին բալլադներ էին հյուսվում, նրանց անունով քաղաքներ և փողոցներ էին հռչակվում:

1918 թ. Բաքուն հռչակվեց խորհրդային, ձևավորվեց կառավարություն: Միկոյանը կառավարության կազմում չէր, նա մնաց քաղաքային խորհրդի անդամ, այնտեղ կային նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց՝ ոչ բոլշևիկներ:

Բաքվի կոմունան երկար կյանք չունեցավ: Քաղաքի վրա հարձակվեց «Իսլամի բանակը», որը ղեկավարում էին թուրքական սպաները, իսկ շարքայիններն ադրբեջանցիներ ու դաղստանցիներ էին: Բաքվի Սովնարկոմը փորձեց կազմակերպել քաղաքի պաշտպանությունը, բայց չհասցրեց: Քաղաքայի խորհուրդը նույնպես դժգոհում էր բոլշևիկներից, նրանք պահանջեցին օգնության կանչել անգլիացիներին:

Ձայների մեծամասնությամբ այդ որոշումն ընդունվեց: Խորհրդային իշխանությունը փորձեց փախչել քաղաքից, սակայն ձերբակալվեց նոր իշխանությունների կողմից և մեղադրվեց քաղաքը թշնամուն հանձնելու համար: Չմոռանանք նշել, որ այդ ընթացքում, լինելով բոլշևիկ, Միկոյանն ազատության մեջ էր: Իր վիճակից օգտվելով՝ նա փորձում էր օգնել և ազատել ընկերներին: Դա նրան հաջողվեց այն ժամանակ, երբ թուրքական զորքերը մտան քաղաք: Նա կոմիսարների հետ պետք է նավ նստեր և հեռանար Աստրախան, բայց ինչ-որ անհասկանալի պատճառով Միկոյանին չհաջողվեց նստել այդ նավը: Հայ հեղափոխականը հեռացավ ուրիշ նավով, էսեռ և դաշնակցական փախստականներով բեռնված նավով՝ իր քաղաքական հակառակորդների հետ միասին:

Այդ նավում եղած բոլշևիկները փորձում էին կաշառել նավի կապիտանին, որ նրանց Աստրախան հասցնի, բայց նավում եղած մյուս ուղևորները դրան դեմ էին: Վերջիններս պահանջեցին հանձնել բոլշևիկներին Կրասնովոդսկի էսեռական իշխանություններին: Այդպես էլ եղավ: Միկոյանը հայտնվեց բանտում և ողջ մնաց պատահականության արդյունքում: Բանն այն է, որ Կրասնովոդսկի էսեռները չէին ճանաչում Բաքվի բոլշևիկներին, ձեռքի տակ ունեին միայն Բաքվի բանտի ավագի անվանացանկը: Երկար չմտածելով՝ որոշեցին բոլորին գնդակահարել: Արդյունքում՝ հայտնի «26 կոմիսարների» ցուցակը կրճատվեց, այնտեղ գնդակահարվեցին անգամ քաղաքականությամբ չզբաղվող մարդիկ: Ինչպե՞ս Միկոյանին հաջողվեց ողջ մնալ և մի քանի ամիս անց ազատության մեջ հայտնվել…

Սա պաշտոնական վարկածն է, որի մասին իր հուշերում գրել է նաև Անաստաս Միկոյանը:

Ի՞նչ է եղել իրականում՝ անհայտ է: Սա չափազանց առեղծվածային պատմություն է: Երբ 2009 թվին տեղի ունեցավ կոմիսարների վերահուղարկավորությունը, հայտնաբերվեցին 23 մարդու մասունք, այլ ոչ թե՝ 26:

Ինքը՝ Միկոյանը, հուշերում գրել է. «Ստալինը բռնաճնշումների տարիներին բազմանշանակալից ասաց, որ Բաքվի կոմիսարների գնդակահարությունից միայն Միկոյանն է ողջ մնացել, դա մութ և խճճված պատմություն է, և դու՝ Անաստաս, այնպես մի արա, որ մենք ստիպված լինենք քանդել այդ խճճված կծիկը»:

Ժողովուրդների առաջնորդը

Երիտասարդ Միկոյանի քաղաքական առաջխաղացման հեղինակը Ստալինն էր: Դեռ Լենինի օրոք սկսվեց ազդեցության համար պայքարը: Այդ պայքարում Ստալինը, ի տարբերություն Զինովևի և Տրոցկու, համարվում էր խաղից դուրս, քանի որ չուներ իր կլանը: Դրա համար, սկսած 1922 թվից, Ստալինը սկսեց հավաքել իր թիմը, մարդկանց, ովքեր շատ ընդհանուր բաներ ունեին: Դրանք մինչև 30 տարեկան հավակնոտ կոմունիստներ էին, որոնք չունեին նախահեղափոխական կուսակցական փորձ: Նրան հարկավոր էր հավաքագրել նաև նվիրյալների, ովքեր այդքան էլ քաջատեղյակ չէին մարքսիզմի տեսության մեջ առկա խորամանկություններին: Այդ տեսակի համար Ստալինը մեծություն էր (լենինյան գվարդիան միշտ էլ վերևից էր նայում Ստալինին):

Այդ ժամանակ Միկոյանն աշխատում էր Նիժնի Նովգորոդի գուբկոմում: Ստալինը որոշեց փորձել Միկոյանին՝ վստահելով չափազանց նուրբ մի գործ. Միկոյանը պետք է մեկներ Սիբիր, Լաշևիչի մոտ, հաղորդելով, որ վերջինս հսկի առաջիկա համագումարին ժամանող պատգամավորներին և այնպես անի, որ Մոսկվա գան Տրոցկու տեսակետներին հարող քիչ կոմունիստներ:

Հանձնարարականի իրագործումը գոհացրեց Ստալինին՝ Միկոյանը գործուղվեց Հյուսիսային Կովկաս: Նախ՝ Հարավ-արևելյան Կենտկոմ, ապա՝ Հյուսիսային Կովկասի քարտուղար, որի մեջ էին Ստավրոպոլի մարզը, Հյուսիսային Օսեթիան, Ադիգեյը, Կաբարդինո-Բալկարիան, Չեչնիան, Ինգուշեթիան, Կարաչաևո-Չերկեսիան: Այդ ժամանակ Միկոյանի 30-ը դեռ չէր լրացել:

Ստալինի համար այդ տարածաշրջանը մեծ ռազմավարական նշանակություն ուներ: Պատահական չէ, որ 4 առաջին քարտուղարներից 3-ը Ստալինի թիմից էին՝ Միկոյան, Օրջոնիկիձե, Անդրեև: Բացի այդ, Միկոյանն առաջադրվեց ԽՍՀՄ Կենտկոմի Քարտուղարությունում: Սակայն նրա իրական թռիչքը Լենինի մահից հետո էր:

Այն բանից հետո, երբ Ստալինը, Զինովևը և Կամենևն ազատվեցին Տրոցկու ազդեցությունից, Ստալինը տապալեց իր ոչ վաղ համակիրներին: 1926-ին Զինովևը հեռացվեց քաղբյուրոյի կազմից, իսկ Կամենևն անդամակցությունից դարձավ թեկնածու: Միաժամանակ Ստալինին հաջողվեց առաջ մղել իր նոր մարդկանց՝ Միկոյանին, Կագանովիչին, Անդրեևին, Օրջոնիկիձեին և Կիրովին: Սկսելով քաղբյուրոյի անդամի թեկնածուից, Միկոյանը քաղբյուրոյի լիիրավ անդամ աշխատեց 40 տարի:

Զինովևի անկումից հետո նրա համախոհ Կամենևը նույնպես զրկվեց պաշտոնից (առևտրի ժողկոմի): Այդ պաշտոնը Ստալինը վստահեց լոյալ Միկոյանին: Անաստաս Միկոյանը փորձում էր հրաժարվել՝ պնդելով, որ ոչինչ չի հասկանում առևտրից, իսկ Ստալինը հակադարձեց, որ Կամենևը նույնպես ոչինչ չէր հասկանում, բայց շատ լավ աշխատում էր:

Հարկ է նշել, որ իմիջի տեսանկյունից՝ պաշտոնի նման բարձրացումը կասկածելի է: Շատ բոլշևիկներ դեմ էին առևտրին՝ այն համարելով բուրժուական երևույթ: Սկզբում նույնիսկ փորձ արվեց վերացնել առևտրային հարաբերությունները (ռազմական կոմունիզմի տարիներին առևտուրը համարվում էր հանցագործություն, «մեշոկչիներին» բռնում էին և գնդակահարում)՝ փոխարինելով ապրանքափոխանակությամբ: Բայց նման արյունալի էքսպերիմենտները երկար կյանք չունեցան: Այդուհանդերձ, շատ բոլշևիկներ գտնում էին, որ այդ գործը պատիվ չի բերում իրենց եղբորը, և, եթե նույնիսկ նշանակումը համարվում էր պատահական (այդ ժամանակ Ստալինին խիստ անհրաժեշտ էին հավատարիմ մարդիկ) ընտրության արդյունք, առևտրի ոլորտը դարձավ Միկոյանի հիմնական զենքը, որը նա կառավարեց գրեթե կես դար:

Բռնաճնշումները

Միկոյանն ավանդաբար համարվում է ամենաքիչ արյուն թափած ժողկոմը: Առաջին հայացքից երկրի գլխավոր մատակարարի համար այդպես էլ պետք է լիներ: Այդ գործում մեծ դեր են խաղացել նրա ազգականները, որոնք պնդում էին, որ Ա. Միկոյանը չի մասնակցել բռնաճնշումներին, իսկ 1938 թվին համաձայնել է ղեկավարել ԽՍՀՄ առևտրի նարկոմատը, միայն, եթե իր ենթականերից ոչ մեկը բռնաճնշումների չի ենթարկվի: Եվ իբր Ստալինն իր խոսքի տերն է եղել:

Սակայն անգամ ինքը՝ Միկոյանը, իր հուշագրերում խոստովանել է, որ բռնաճնշումներն իր գերատեսչության կողքով չեն անցել, և ինքն անզոր է եղել որևէ բան անել: Ծանր արդյունաբերության ժողկոմ Օրջոնիկիձեն պայքարում էր միջին օղակներում աշխատող իր բոլոր ենթակաների համար, և չդիմանալով՝ ինքնասպանություն է գործում: Սակայն Միկոյանն ավելի զգուշավոր էր, կտրուկ ոչինչ չէր անում, իրեն թույլ էր տալիս միայն զգուշորեն վիճել, որից հետո հանձնվում էր:

Իսկ ինչ վերաբերում էր ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմին, ապա այնտեղ մարդ չկար, ում կարելի էր աքսորել կամ գնդակահարել: «Ժողկոմում աշխատում էր 46 մարդ, որոնք սկսած 1930 թ.՝ տարբեր ժամանակներում կոլեգիայի անդամ կամ ժողկոմի տեղակալ են եղել: Նրանցից ոչ մեկը չի խուսափել բռնաճնշումներից»,- հիշում է Միկոյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք անձամբ ինքը մասնակցե՞լ է բռնաճնշումներին, ապա՝ այո, քանի որ ֆիզիկապես չէր կարող խուսափել դրանից՝ քաղբյուրոյի անդամ էր, կառավարության անդամ: Նրա ստորագրությունը՝ իբրև կառավարիչ, չէր կարող չլինել իր հիմնարկում տեղի ունեցող քաղաքական զտումների ցուցակի տակ:

1937-ին հենց Միկոյանն ու Եժովն են եղել ԽՍՀՄ Կոմկուսի պլենումում Բուխարինի գործով զեկուցողները: Բուխարինին ապշեցրել է Միկոյանի մերկացնող ելույթը, ումից ասես՝ այդպիսի ելույթ կսպասեր, բայց՝ ոչ Միկոյանից: Դեռ ավելին, հենց Միկոյանն է ղեկավարել Բուխարինի գործը НКВД-ին փոխանցելու հանձնաժողովը, որը փաստացի նշանակում էր՝ մահվան դատավճիռ:

Բացի այդ, 1937-ի աշնանը Միկոյանը մեկնեց Հայաստան, ուր, Մալենկովի հետ միասին՝ անցկացրեց կուսակցական կադրերի զտում, որն ավարտվեց կուսակցությունից հեռացված տրոցկիստների և զինովևականների հետապնդմամբ:

1937 թ. դեկտեմբերին հենց Միկոյանը ելույթ ունենալով ЧК НКВД-ի 20-ամյակի միջոցառմանը՝ Մեծ թատրոնի դահլիճում, փառաբանեց չեկիստների անխնա պայքարը թաքնված լրտեսների և թշնամիների դեմ: Ելույթը շռայլորեն փառաբանում էր Եժովին և Ստալինին, իսկ «Պրավդայում» հրապարակեցին ելույթի կրճատված տարբերակը:

Խնդրահարույց ազգականները

Միկոյանը չի խուսափել ազգականների հետ կապված լուրջ խնդիրներից, որի գինը կարող էր լինել նրա կարիերայի տապալումը կամ կյանքին հրաժեշտ տալը: 1943 թ. ամռանն ավիացիոն արդյունաբերության ժողկոմի որդին՝ Շախուրինը, գնդակահարում է իր ընկերուհուն՝ հայտնի խորհրդային դիվանագետ Ումանսկու դստերը: Խուզարկության ժամանակ հայտնաբերվում են օրագրեր, ուր գրված է լինում գաղտնի միության մասին, որի անդամներն իրար ֆյուրեր, գրուպենֆյուրեր են անվանում: Միության անդամները, այսպես կոչված, ոսկե երիտասարդության ներկայացուցիչներն են լինում՝ խոշոր կառավարիչների երեխաները, անգամ Ռեդենսը՝ Ստալինի ազգականը: Բացի այդ, պարզ է դառնում, որ Ումանսկուն ատրճանակը փոխանցած է լինում Միկոյանի որդիներից մեկը: Բացի այդ, գաղտնի կազմակերպության անդամներից է լինում Միկոյանի վստահությունը վայելող քարտուղար Բարաբանովի որդին:

Գործը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, բայց պատերազմի թեժ պահին Ստալինը խուսափեց պատժիչ գործողություններից՝ այդ ամենին վերագրելով պատանեկան անլրջություն (չնայած գործը վարում էր Վլոդզիմիրսկին՝ Բերիայի ամենավստահելի մարդկանցից մեկը): Միկոյանը պատասխանատու էր Կարմիր բանակի մատակարարման համար, և հեռացնել նրան նման պատասխանատու պահի՝ սխալ կլիներ: Երիտասարդներին պատժեցին՝ մեկ տարի արտաքսելով Մոսկվայից: Նրանց ազդեցիկ ծնողները մնացին իրենց տեղում:

Բայց 1949 թ. Միկոյանը կրկին բարեկամների պատճառով ծանր օրեր ապրեց: Այս անգամ պատճառ հանդիսացավ, այսպես կոչված, լենինգրադյան գործը: Այն ժամանակ, Ժդանովի մահից հետո, Մալենկովը (Ժդանովի վաղեմի թշնամին) Բերիայի հետ միասին հոշոտեցին անպաշտպան մնացած Ժդանովի թիմակիցներին (Լենինգրադը Ժդանովի հենակետն էր): ԽՍՀՄ Պետպլանի ղեկավար Վոզնեսենսկին գլխավոր մեղադրյալն էր, երկրորդը՝ Ալեքսեյ Կուզնեցովը, նա Ժդանովի օրոք մեծ ազդեցություն ունեցող գործիչ էր:

Միկոյանն անզգուշորեն խնամիացել էր Կուզնեցովի հետ: Նրա որդին՝ Սերգոն, ամուսնացել էր Կուզնեցովի դստեր հետ (ամուսնական դաշինքը կնքել էին Կուզնեցովի պաշտոնանկության օրը): Փետրվարին քաղբյուրոն վճիռ կայացրեց՝ Կուզնեցովին մեղադրելով «հակակուսակցական գործունեության մեջ»: Նա հեռացվեց բոլոր զբաղեցրած պաշտոններից: Իսկ ամռանը սկսվեցին ձերբակալությունները:

Միկոյանի ազդեցությունը սկսեց անկում ապրել: Ստալինի կյանքի վերջին 2-3 տարիների ընթացքում զգացվում էր հարաբերությունների սառեցում: Եվ դա միայն Միկոյանի նկատմամբ չէր, այլ նաև Մոլոտովի և Բերիայի հանդեպ: Ազգերի հայրը պատրաստվում էր հերթական քաղաքական զտումներին: Այս անգամ այն ծրագիրն իրականացնելու համար Ստալինը մեծացրեց Կենտկոմի նախագահության կազմը (այսպես էր վերանվանվել քաղբյուրոն)՝ ներառելով մեծ թվով կոմունիստների: Պետք է նկատել, որ Միկոյանը չէր ընդգրկվել ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի Նախագահության կազմում:

1952 թվականի վերջում, կուսակցության XIX-րդ համագումարի ժամանակ Ստալինը խիստ քննադատության ենթարկեց Մոլոտովին և Միկոյանին: Նիստին ներկա է եղել Սիմոնովը: Վերջինս այդ օրն այսպես է հիշում. «Մոլոտովի և Միկոյանի դեմքին մեռելային սպիտակություն էր իջել»:

Դիրքի վերականգնումը

Շուտով Ստալինը մահացավ: Զգուշավոր Միկոյանը ոչ մի կտրուկ քայլի չդիմեց: Ոչ մի ներքաղաքական խմբավորման չհարեց: Իսկ երբ կոլեկտիվ վճիռ կայացվեց՝ տապալել Բերիային, քննադատելով՝ զգուշորեն նկատեց, որ ընկեր Բերիան ամենևին անհույս չէ, ակնհայտ խուսափելով նրա արյունը թափելուց:

Հետագայում Միկոյանը դարձավ Խրուշչովի հավատարիմ զինակիրը, անդավաճան պաշտպանը: 1956-ին նա պաշտպանեց անձի պաշտամունքի դատապարտումը՝ իրեն բնորոշ զգուշավոր ոճով: 1957-ին, երբ հին ստալինյան գվարդիան՝ ի դեմս Մոլոտովի, Կագանովիչի, Վորոշիլովի և Մալենկովի, փորձ արեց հեռացնել Խրուշչովին, Միկոյանը հանդես եկավ հակառակ ելույթով:

Դա առիթ էր, որ Խրուշչովը նրան դասեր ամենավստահելիների շարքում: Միկոյանն ավելի վեր գնաց, քան Ստալինի ժամանակ: Նա ոչ միայն առևտրի նախարար էր, այլ նաև կատարում էր առաջին քարտուղարի դիվանագիտական հանձնարարությունները: Նրան հաջողվեց կապ հաստատել Հարավսլավիայի ղեկավար Տիտոյի հետ, բացի այդ, նրան հաջողվեց համոզել Ֆիդել Կաստրոյին՝ չսրել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որն առիթ հանդիսացավ հարթել Կարիբյան ճգնաժամը:

Խրուշչովի հեռացումից երեք ամիս առաջ Միկոյանը դարձավ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ: Իրավաբանորեն դա երկրի ամենաբարձր պաշտոնն էր, չնայած փաստացի երկիրը ղեկավարում էր կուսակցության առաջին դեմքը: Սա Միկոյանի ազդեցության գագաթնակետն էր:

Պետք է նաև նշել, որ հենց Միկոյանն է զրուցել Իգնատովի թիկնապահի հետ և իմացել, որ Խրուշչովի դեմ պալատական հեղաշրջում է պատրաստվում: Սակայն զգուշավոր Միկոյանն այս անգամ նույնպես ոչ մի կտրուկ քայլի չդիմեց, և ինքը՝ Խրուշչովը, այդ ամենին լուրջ չվերաբերվեց:

Ինչպես Բերիայի դեպքում, Միկոյանը մասնակիորեն հարեց դավադիրներին՝ պաշտոնանկության պահանջով նիստի ժամանակ քննադատելով Նիկիտա Սերգեևիչի գործունեությունը: Իր խոսքում նա նշեց, որ կուսակցության գլխավոր քարտուղարը հետևություններ կանի, առաջարկելով թողնել նրան իր զբաղեցրած պաշտոնին: Ինչպես Բերիայի դեպքում, նրան չլսեցին: Խրուշչովն ազատվեց զբաղեցրած պաշտոններից: Այս պահից Միկոյանի ազդեցությունը վերջնականապես անկում ապրեց:

Բրեժնևն իր թիմն ուներ, Միկոյանը դարձավ «վերջին մոհիկան»: 1965 թ. դեկտեմբերին, Խրուշչովի հեռացումից մեկ տարի անց, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ դարձավ Պոդգորնին: Մի քանի ամիս անց Միկոյանը զրկվեց նաև իր պաշտոնից քաղբյուրոյում, սակայն՝ պահպանելով Կենտկոմի քարտուղարի պաշտոնը մինչև 1976 թ:

Անխորտակելիության գաղտնիքը

Անաստաս Միկոյանը 40 տարի եղել է քաղբյուրոյի անդամ կամ թեկնածու, և 54 տարի՝ Կենտկոմի քարտուղար: Սա բացարձակ ռեկորդ է, որը չի հաջողվել գերազանցել ոչ մի կուսակցական գործչի: Ո՞րն է նրա ֆենոմենալ քաղաքական երկարակեցության գաղտնիքը:

Ժամանակին մարդիկ կատակում էին, որ անձրևի ժամանակ Միկոյանին անձրևանոց պետք չէ, քանի որ նա կարողանում է կաթիլների արանքով անցնել: Այս կատակն ավելի շատ ճշմարտություն է իր մեջ պարունակում, քան հումոր: Իսկապես Միկոյանը հայտնի էր իր պրագմատիզմով և զգուշավորությամբ: Նա իրեն կարող էր թույլ տալ վիճել առաջնորդի՝ Ստալինի կամ Խրուշչովի հետ, բայց միայն տեխնիկական հարցերի շուրջ: Քաղաքական որոշումներում, եթե անգամ համաձայն չէր լինում, լուռ ենթարկվում էր:

Օրինակ՝ մինչև կոլեկտիվացումը Միկոյանը հանդես էր գալիս առաջարկով՝ հացի  արտադրանքի արդյունավետությունն ավելացնելու համար խրախուսական քայլերով օգնել գյուղացիներին: Բայց երբ Ստալինը պնդեց կոլեկտիվացմանն անցնելու քաղաքական որոշումը, նա առանց խոսքի ենթարկվեց:

Իհարկե, 30-ականներին Միկոյանը փայլում էր Ստալինին ուղղված իր գովասանքի խոսքերով: Ելույթ ունենալով կուսակցության XVII-րդ համագումարին, 1934 թ. Միկոյանը իր կարճ ելույթում Ստալինի անունն արտաբերեց 40 անգամ: Ստալինը՝ «հանճարեղ ստրատեգ», «հանճարեղ կառավարիչ», «հանճարեղ հեղափոխական», նման բնորոշումներով՝ Միկոյանը ցուց է տալիս քաղաքական քծնանքի դասական օրինակ, բայց միայն քաղաքական քծնանքով երկարակեցություն չես ապահովի: Ստալինին բոլորն էին փառաբանում, բայց քչերին է հաջողվել հասնել 40-ականներին…

Զգուշավոր Միկոյանը երբեք չի մասնակցել պալատական խարդավանքներին: Բուռն 20-ականներին, երբ բոլորը հարում էին որոշ ներկուսակցական ֆրակցիաների, Միկոյանը ձեռնպահ էր, ստալինյան հակառակորդների ոչ մի օղակում չի ընդգրկվել: Դեռ աշխատելով Հյուսիսային Կովկասում՝ նա հայտնի էր իր քաղաքական պրագմատիզմով, գերադասելով զիջել փոքրի մեջ, որ շահի մեծ հարցերում:

Բոլոր տեսակի փոթորիկներից նրան փրկեց իր հենակետը՝ առևտրի ոլորտը: Սա այն ոլորտն էր, ուր քաղաքական պայքարն ակնառու չէր, աչք չէր ծակում: Պաշտպանության նախարարն ունի բանակ, ներքին գործերի նախարարը՝ ուժային համակարգ, հատուկ ծառայություններ, անգամ կուսակցական նոմենկլատուրան ակնառու իշխանություն ուներ իր կոմպրոմատներով, իսկ ի՞նչ ուներ մատակարարը՝ ոչինչ: Նրա գործը մսի կոմբինատներն ու հացի գործարաններն էին: Դա էր պատճառը, որ իշխանության պահպանման մոլուցքի տարիներին նա առաջնորդի համար վտանգ չէր ներկայացնում: Նա անգամ իր ազդեցության կլանը չուներ, ինչպես Ժդանովը կամ Բերիան: Ահա սա է Անաստաս Միկոյանի անխորտակելիության գաղտնիքը ԽՍՀՄ քաղաքական օլիմպոսում:

life.ru-ից հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս