
«Այս իշխանությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, ՀՀ հանրության կողմից. լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չի». Մարուքյան

«Ելք» դաշինքն ընդունում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը իշխանությունը ձևավորել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 105 հոգանոց խորհրդարանում ունենալով 58 մանդատ: Այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ կա իշխանություն ձևավորելու հստակ ճանապարհ՝ ընտրություններ:
«Հիմա նայում ենք վերջին իշխանության ձևավորման գործընթացը: 2017թ. ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ձևավորել է 58 մանդատ 105 հոգանոց խորհրդարանում: Այդ իշխանությունը ձևավորել է ընտրական տեղամասերում: Հիմա այս իշխանությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, Հայաստանի հանրության կողմից. լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ ընտրություններից հետո իրենք արձանագրել են, որ այս անգամ մեր քաղաքացիները ընտրական տեղամասերում ձևավորել են իշխանություն: Պատգամավորը հավելեց, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներով ձևավորվել է իշխանություն, որը իրենք ընդունում են, քանի որ քաղաքացիները գնացել և ընտրել են այդ իշխանությունը: