Բաժիններ՝

«Սինյոր Պապագատտոյի նման բնակբաշխման գործընթացը բիզնես են դարձրել». Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ

Գյումրին անօթևանությունից ազատելը մոտ 35-40 մլն դոլարի ծախս է պահանջում: Անկախությունից հետո մինչև այժմ հնարավոր չեղավ Աղետի գոտու բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովել հետևյալ պատճառներով:

Նախ, Հայաստանից դուրս արեցին ռուս շինարարներին, որոնք ըստ ԽՍՀՄ կառավարության որոշման, գրեթե երկու տարվա ընթացքում Գյումրու բոլոր անօթևանների համար բնակարաններ էին կառուցելու:

Պետական ծրագրով անօթևանների համար ընթացող բնակարանաշինության ծրագիրն ընթանում էր բավական դանդաղ և նոր ժամկետներ սահմանելով:

Եղան բարերարներ, որոնք բավական մեծ գումարներ ներդրեցին բնակարաններ կառուցելու համար, սակայն հետագայում իրենց հատկացված գումարներով բնակարանաշինությունն ամբողջ ծավալներով տեղական իշխանությունների կողմից չիրականացվեց: Մինչև 2013 թվականը Գյումրին տնակներից չազատվեց:

Հայ մեծ բարերար Քըրք Քրքորյանը, որի անունով այժմ կոչվում է Գյումրու Աբովյան փողոցի մի փոքր հատվածը, Աղետի գոտում բնակարաններ կառուցելու համար ներդրեց բավական խոշոր՝ 400 մլն ԱՄՆ դոլարի չափ գումար: Սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, գումարին համարժեք բնակարաններ չկառուցվեցին, այլ բավական քիչ թվով, որն առաջացրեց մեծ բարերարի դժգոհությունը և այս հարցով նա այլևս որևէ միջամտություն չարեց:

Քաղաքում կային բնակարաններ, որոնք կառուցվել էին նախկին Տեքստիլագործների թաղամասում, արտասահմանցի բարերար Հանթսմանի կողմից: Բնակարաններ կառուցելու նպատակով բարերարը հատկացրել էր 10 մլն ԱՄՆ դոլար, սակայն տվյալ միջոցների շատ փոքր մասն ուղղվեց բնակարանների կառուցմանը, մնացածի մասին տեղեկություններ չկան:

Այսօր «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Երկխոսություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում քննարկում էր կազմակերպել «Գյումրու վերականգնման ծրագրերը և անօթևանության հիմնախնդրի լուծման ուղիները 88-ի երկրաշարժից 29 տարի անց» թեմայով, որը տեղի ունեցավ Գյումրու «Բեռլին» հյուրանոցի դահլիճում:

Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով եղել են մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել ընդգրկվել հերթացուցակներում և բնակարան ստանալ:

«Մինչև 2004-2005 թվականները, մարդիկ, ովքեր դիմում էին դատարան անօթևան ճանաչվելու համար, իրենց հայցը բավարարվում էր: Այժմ նման հայցերը մեծամասամբ չեն բավարարում, որպեսզի ցուցակում նոր անօթևաններ չավելանան»,- ասաց Թամարա Յայլոյանը:

Իրավաբան Գայանե Գևորգյանի խոսքով, եղել են դեպքեր, երբ բնակարանների բաշխման հանձնաժողովը մերժել է անձին բնակարան հատկացնել ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառաբանությամբ: Այսինքն բնակբաշխման գործընթացում ցուցաբերվել է սուբյեկտիվ մոտեցում:

Ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանի խոսքով երկրաշարժը խաթարեց կյանքի բոլոր ոլորտները: Արդյունքում վնասվեցին նաև հուշարձանները:

«Մեր քաղաքի փորձանքներից մեկն էլ կոյուղու շարքից դուրս գալն է, որի հետևանքով բարձրացան գրունտային ջրերի մակարդակը»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի խոսքով, Գյումրիում 2993 տնակ կա, որից 979-ում մարդիկ չեն բնակվում: Մինչև հիմա քաղաքապետարանի ջանքերով քաղաքում 1000 տնակ է ապամոնտաժվել: Միևնույն ժամանակ անօթևանների նման թվաքանակ չէր լինի, եթե մարդիկ, ովքեր բնակարաններ էին ստացել, իրենց տնակները ժամանակին ապամոնտաժվեին:

«Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ բնակարանները, որոնք հիմնադրամի կողմից տրվել են անօթևաններին, սեփականության իրավունքով չեն հատկացվել, բացառությամբ նրանց, ովքեր փաստացի անօթևանի կարգավիճակ ունեն:

«Շահառուները և բնակբաշխման գործընթացն իրականացնողները բնակարանների բաշխման գործընթացն 95 տոկոսով անձնական նպատակներին են ծառայեցրել: Սինյոր Պապագատտոյի պես բնակբաշխման գործընթացը բիզնես էին դարձրել: Շատերն էլ ծուլության համախտանիշով են տառապում, որ չաշխատեն, տնակներում մնան և նպաստ ստանան: Լինում են դեպքեր, երբ մարդիկ տնակներ են տեղափոխվում, որպեսզի «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ն իրենց բնակարաններ հատկացնի: Իշխանությունները, ոչ էլ պետությունը մեղավոր չեն այն վիճակի համար, որում մենք հայտնվել ենք: Մենք ինքներս ենք մեղավոր: Երկրաշարժից անօթևան դարձածների խնդիրը լուծված է: Մեկ տարին բավական է 2500 տնակից՝ այս խայտառակությունից ազատվելու համար»,- հայտարարեց Շիրակի թեմի հոգևոր առաջնորդը:

Հանդիպմանը ներկա անօթևաններից մեկն էլ նշեց, որ ինքը բնակվում է Գյումրու թիվ 104/408 տնակում, որն ահավոր վիճակում է գտնվում և այդ պայմաններում տնակում երկու անչափահաս երեխա է մեծանում:

Մեկ ուրիշին էլ հուզում էր հարցը, թե կա՞ արդյոք աշխարհում մի պետություն, որտեղ 30 տարվա մեջ մի փոքրիկ քաղաք չեն կարողանում վերականգնել: Կամ ինչո՞ւ անօթևանության հարցը լուծելու համար հեռուստամարաթոն չի անցկացվում:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի խոսքով Գյումրիում մինչև հիմա կան կիսակառույցներ, որոնք դեռ չեն հիմնանորոգվել: Մինչդեռ դրանց վերականգնման դեպքում այդ շենքերը կարելի էր հատկացնել անօթևաններին բնակվելու համար:
Նշենք որ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով հողին հավասարվեց 217 շենք` 20.600 բնակարան` 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով:

Աղետի հետևանքով ընդհանուր նյութական կորուստը կազմեց 10 մլրդ ԱՄՆ դոլար, որից 658 մլն-ը բաժին հասավ փլված ու վթարային դարձած շինություններին:

Շիրակի մարզում 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարանային փոխհատուցման հերթացուցակում ընգրկված էր 4271 անօթևան ընտանիք, մինչ այժմ պետական ծրագրով նրանցից բնակարան է ստացել 2785-ը:

Պետական ծրագրով բնակարան չի ստացել և մերժում է ստացել 344 ընտանիք, որոնց մի մասը տարիների ընթացքում դիմել է դատական ատյաններ:

Դատարանները ճանաչել են նրանց` անօթևան լինելու փաստը, սակայն դեռևս պետական ծրագրով բնակարան չեն ստացել:  Շուրջ 400 ընտանիք սահմանված ժամկետում չի հասցրել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ընդհանրապես չի ներկայացել, հետևաբար, չեն ճանաչվել շահառուներ: 98 ընտանիք երկրաշարժի հետևանքով կորցրել է սեփական տուն և մինչ այժմ չի փոխհատուցում չի ստացել: 155 ընտանիք մասնակիորեն փոխհատուցվել է. սրանք այն ընտանիքներն են, որոնք համարժեք փոխհատուցում ստացել են, սակայն ընտանիքի մի մասը շարունակում է հերթացուցակում հաշվառված մնալ:

71 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայական, սակայն չեն կարողացել ձեռք բերել բնակարան, իսկ վկայականի ժամկետը լրացել է:

Բացի նշված պետական ծրագրից, 1988-ից մինչ այժմ որոշ ՀԿ-ներ և հիմնադրամներ, անհատներ, կուսակցություններ, օտարերկրյա հյուրեր են բնակարաններ հատկացրել Շիրակի և Գյումրու անօթևան 300-350 ընտանիքի:

Գյումրիում դեռ անօթևանության խնդիրն ամբողջովին լուծված չէ նաև այն պատճառով, որ 90-ականներին պետական ծրագրով փոխհատուցում ստացած բնակարանը ընտանիքը սոցիալական պայմանների պատճառով վաճառել է, այնուհետ գնել ժամանակավոր կացարան՝ տնակ, որտեղ ապրում է մինչ այժմ: Պետությունը, բնականաբար, այս ընտանիքների նկատմամբ պետական պարտավորություն չունի, սակայն ընտանիքները փաստացի անօթևան են:

Գյումրու քաղաքապետարանի տվյալներով՝ Գյումրու վարչական տարածքում հաշվառված է մոտ 2150 տնակ, որոնցից 50-ից ավելին 10-15 տարի է լքված են, բնակեցված չեն:

Գյումրիում անօթևան ընտանիքները բնակվում են ոչ միայն տնակներում, այլև՝ վթարավտանգ շենքերում, որոնք Գյումրիում մոտ 88-ն են:

Շիրակի մարզպետարանի տվյալներով:1988 թվականի երկրաշարժի հետևանքով Գյումրիում փլված բնակարաններից ավելին է կառուցվել, սակայն անօթևանության խնդիրը չի լուծվել, հիմնական պատճառն այն է, որ 29 տարիների ընթացքում ընտանիքները բազմացել են:

Մյուս կողմից էլ, Գյումրու նորակառույց թաղամասերի շենքերի բնակարանները փակ են. անօթևան ընտանիքները պետության կողմից փոխհատուցվել են, սակայն նախընտրել են ապրել ոչ թե նոր բնակարանում, այլ Գյումրուց և Հայաստանից հեռու:

Բացի անօթևանների խնդրի վերջնական կարգավորումից, հանդիպման մասնակիցները և Գյումրու ավագանին կարևորում են նաև Գյումրուն հատկացվող դոտացիայի ավելացումը և քաղաքի նախակրթարաններն անվճար դարձնելը:

Օրինակ՝ Գյումրին 1 մլրդ 960 միլիոնի դոտացիա է ստանում, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը՝ 6-7 մլրդ դրամի:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս