«Նա այդպիսի տպավորություն չէր թողել ինձ մոտ, մի մարդու, ում համար խորթ են հասարակությանը հուզող խնդիրները». Գևորգ Պետրոսյանը` Հակոբ Հակոբյանի մասին

«Մի քիչ ճիշտ չէ մեկնաբանել գործընկերոջ արտահայտությունները: Ինչո՞ւ, որովհետև Հակոբ Հակոբյանի հետ մենք աշխատանքային առնչություն ենք ունեցել դեռևս 2009 թվականից, երբ ես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էի և, համենայն դեպս, նա այդպիսի տպավորություն չէր թողել ինձ մոտ, մի մարդու, ում համար խորթ են հասարակությանը հուզող խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` խոսելով ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի հայտարարության մասին, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն և առևտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թա՞նկ են, թե՞ էժան:

Գ.Պետրոսյանը զարմանք հայտնեց Հակոբյանի այդ արտահայտության կապակցությամբ, հատկապես, որ դա ասվում է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից. «Սա մի քիչ զավեշտալի է: Իհարկե, ես չեմ ընդունում այդ արտահայտությունը»:

Սակայն, նրա կարծիքով, սա ավելի շատ ՀՀԿ-ի ներկուսակցական խնդիրն է. «Թող իրենք իրենց ներկուսակցական հարթակում վերլուծեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն»:

Պատգամավորը նշեց, որ թանկացումներն անդրադառնում են բոլոր շերտերի վրա, այլ է խնդիրը, որ մի շերտի համար այդ թանկացումը կարող է աննշան նշանակություն ունենալ, մեկ այլ շերտի ամար լինել կործանարար.

Կարդացեք նաև

«Ո՞նց կարող է թանկացումը չանդրադառնալ՝ ամենահարուստից սկսած, ընդհուպ՝ մինչև ամենաաղքատ մարդը: Ես չեմ հասկանում, թե ինչ տրամաբանություն պետք է դնել, որ ասեն այսինչ խավի վրա չի անդրադառնում»:

Հարցին` որքանո՞վ են հիմնավորված վերջին շրջանում տեղի ունեցող թանկացումները, Գ.Պետրոսյանը պատասխանեց.

«Պետք է որոշակի ուսումնասիրություն իրականացնել: Կարծում եմ` արտաքին գործոնները չեն կարող բացարձակ ազդեցություն չունենալ, բայց ես հակված չեմ կարծել, որ սա միայն արտաքին գործոններն են, այլ այստեղ ներպետական կառույցների ոչ արդյունավետ աշխատանքի խնդիր կա, մենաշնորհների խնդիր կա: Եթե պետությունն` ի դեմս իր համապատասխան իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց, հետևողական լինի պետական բյուջեի միջոցները նպատակային ծախսելու ուղղությամբ, ապա կարող են լուծվել նաև աղքատության հետ կապված շատ խնդիրներ»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանն ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար՝ թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ, եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս