Բաժիններ՝

«Հայաստանում մեծահարուստ ընտանիքների կանայք ևս ենթարկվում են բռնության». պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին, սակայն չի ցանկանում, որ երբեւէ որեւէ ընտանիքում կիրառվի: Նա այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ այս օրենքը արդեն ծայրահեղության հասած մարդկանց, ծայրահեղ իրավիճակում գտնվողների համար է, եւ հույս ունեմ, որ Հայաստանում այդ թիվը չի ավելանա, որովհետև Հայաստանին նման երեւույթները հարիր չեն»,- ասաց պատգամավորը:

Լուիզա Սարգսյանի խոսքով՝ տվյալ օրենքը չի պատրաստվում մտնել ընտանիք, պարզապես ներկա գործիքակազմը բավարար չէ ընտանեկան բռնությունների դեմ պայքար տանելու համար: «Հայաստանում այսօր մի շարք դժբախտ դեպքեր ունենք, եւ գուցե եթե ոստիկանությունը, քրեական օրենսգիրքը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միաձայն խոսեին այն մասին, որ նրանց բոլոր գործիքակազմերը բավարարում են այս խնդիրները լուծելու համար, միգուցե նման օրենքի անհրաժեշտություն չառաջանար»,-ընդգծեց նա:

Նա շեշտեց, որ համակարծիք չէ այն պնդումներին, թե բռնությունները պայմանավորված են լոկ մարդկանց սոցիալական կարգավիճակով: Պատգամավորի խոսքով՝ անգամ մեծահարուստ ընտանիքներում կանայք ենթարկվում են բռնության:

Կարդացեք նաև

«Եղել են դեպքեր, որ նրանք բարձրաձայնել են այդ մասին ու ասել, որ այն աստիճան են ծեծվում, որ արդեն վեցերորդ անգամ տանում են պլաստիկ վիրահատություն»,- Լուիզա Սարգսյանը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեկտեմբերի 12-ին խորհրդարանում անցկացվելիք արտահերթ նիստի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս