«Թրամփի այս որոշումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի է լարվելու». Արմեն Պետրոսյան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի  դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Նա այս քայլը որակեց որպես «ուշացած քայլ»՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի ճանապարհին: ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը կաջակցի 2 պետությունների միջև առկա խնդիրների լուծմանը, եթե այս քայլը հավանության արժանանա ինչպես՝ իսրայելցիների, այնպես էլ՝ պաղեստինցիների կողմից:

168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Թրամփի այս որոշումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի է լարվելու՝ ինչպես իսրայելապաղեստինյան բուն խնդրի համատեքստում, այնպես էլ՝ արաբամուսուլմանական երկրներ-Իսրայել համատեքստում.

«Այս որոշումից հետո հետագա զարգացումներում որոշակի անկանխատեսելիության գործոն կա. Պաղեստինում հերթական ապստամբության հնարավորությունից՝ մինչև լոկալ բնույթի դժգոհության ակցիաներ, ինչպես՝ Իսրայելի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց։ Հնարավոր է նաև դիվանագիտական ճգնաժամ մի շարք արաբական երկրների և Իսրայելի միջև։ Հնարավոր են նաև համատեղ գործողություններ մի շարք արաբամուսուլմանական երկրների կողմից՝ ընդդեմ Իսրայելի։ Այսինքն՝ որևէ դրական իրողության չի կարող հանգեցնել այս որոշումը»։

Ավելին, արաբագետի կարծիքով՝ սա հանգեցնելու է արաբամուսուլմանական մի շարք երկրներում ԱՄՆ-ի ազդեցության անկմանը. «Սա միակողմանի որոշում է, որն ակնհայտորեն թուլացնելու է ԱՄՆ-ի՝ որպես միջնորդ դերակատարի դիրքերն իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում»։

Արմեն Պետրոսյանը Թրամփի քայլը որակեց՝ որպես ամբողջ արաբամուսուլմանական աշխարհի դեմ ուղղված քայլ.

«Դատելով արձագանքներից՝ ամենասուր հայտարարությունները հնչել են Պաղեստինից և Թուրքիայից, նաև՝ Իրանից, մի շարք արաբական երկրներից։ Ակնհայտ է, որ այս քայլից, առաջին հերթին, տուժում է պաղեստինյան կողմը։

Սա միակողմանի որոշում էր, որը որոշակի հակասություններ ունի անգամ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ նախկինում ընդունված միջազգային բանաձևերի հետ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի 1947 թ.181(II) բանաձևին, ՄԱԿ-ի ԱԽ-ի 1980թ. 478 բանաձևին, որոնք և մի շարք այլ փաստաթղթեր, ըստ էության, սահմանում էին Երուսաղեմ քաղաքի և նրա երկու հատվածների կարգավիճակը՝ որպես Պաղեստինի և Իսրայելի մայրաքաղաքներ։

Ինչպես Թրամփի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական հարթություններում իրականացված բազմաթիվ քայլեր, այս մեկը ևս կարելի է պայմանավորել ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի մոտեցումներից տարբերվելու՝ տրամաբանության մեջ։ Վստահաբար, սա Թրամփի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների շատ նեղ խմբի կողմից ընդունված որոշում է։ Չեմ բացառում, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը չեղարկի Թրամփի վերոնշյալ որոշումը»։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը կտրուկ կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա և Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, ինչը դրական է Հայաստանի համար, արաբագետն ասաց, որ ՀՀ-ի շահերը չեն պայմանավորում Թուրքիայի և այլ պետությունների հետ հարաբերություններով.

«Հնարավոր է՝ և՛ Իսրայել-Թուրքիա, և՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացում, բայց այդ հարաբերությունները վերձին 6-7 տարիների կտրվածքով բանական խնդրահարույց են եղել։ Մինչդեռ իմ կարծիքով՝ հնարավոր զարգացումները հռետորաբանության և դիվանագիտական հարթություններից բացի այլ հարթակ հազիվ թե տեղափոխվեն»։

Տեսանյութեր

Լրահոս