«Կառավարությունը որևէ հիմք չի տեսնում՝ վերանայելու Վանաձորի ավագանու լիազորությունները». Դավիթ Հարությունյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է կառավարության դիրքորոշումը Վանաձորի ավագանու վերաբերյալ.
«Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում ավագանու ընտրությունների ժամանակ հատուկ ահաբեկչական գործողությունների արդյունքում մանդատագողություն տեղի ունեցավ, և ընդդիմադիր ձայները, որոնք կոնսոլիդացվել էին մեկ հուշագրի շրջանակներում, հօդս ցնդեցին։
Մեկ տարի շարունակ Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ապօրինի նիստեր էին հրավիրում և կայացնում որոշումներ, որոնք ճանաչվեցին հակասահմանադրական։ Մենք դիմել ենք ձեզ առաջարկով և պահանջով, որպեսզի դադարեցվի Վանաձորի ավագանու գործունեությունը և նշանակվեն նոր ընտրություններ։ Ուզում եմ իմանալ՝ դեռ որքա՞ն պետք է սպասենք, որպեսզի կառավարությունը կայացնի այդ որոշումը»։
Վարչապետին ուղղված Թանդիլյանի հարցին, սակայն, պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Նախ՝ ցանկացած քաղաքական համաձայնագիր չի ենթադրում պայմանագիր, որը չի ջնջվում։ Քաղաքական հուշագրերը ստեղծվում են քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ տվյալ քաղաքական իրավիճակում ստեղծվում են կոալիցիաներ, փոխվում են կոալիցիաները, այնպես որ, հարցի առաջին մասով ձեր հարցադրումն այդքան էլ տեղին չէ։ Դա սովորական քաղաքական գործընթաց է»,- ի պատասխան հարցի առաջին մասի՝ ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նա համաձայնեց՝ Վանաձորի ավագանին գործել է Սահմանադրությանը ոչ համապատասխան.
«Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն, և, եթե այդ նոր իրողությունը հնարավորություն ընձեռի, որ ավագանին պատշաճ գործի, որևէ հիմք՝ վերանայելու ավագանու լիազորությունները, մենք չենք տեսնում, ավելին, այն կհամարենք հակասահմանադրական, ինչի մասին Սահմանադրական դատարանը խոսել է հենց նույն որոշման մեջ։
Պատգամավոր Մանե Թանդիլյանը հակադարձեց՝ ասելով.
«Ձեր դիտարկման հետ կարելի է համաձայնել, եթե անտեղյակ ես տեղական իրողություններից, իսկ տեղական իրողությունները պատմում են այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես է քաղաքական այդ հուշագիրը հօդս ցնդել։ Իմ հարցն այլ էր՝ մենք գիտենք, և դուք էլ պնդում եք, որ մեկ տարի շարունակ հակասահմանադրական ավագանու նիստեր են տեղի ունեցել, և 6 ամիսը լրանալուն պես կառավարությունը պարտավոր է այն ցրել և նշանակել նոր ընտրություններ»։
Սակայն Դավիթ Հարությունյանը նորից չհամաձայնեց. «Այո, օրենքի որոշակի նորմը ՍԴ-ն համարել է Սահմանադրությանը չհամապատասխանող, սակայն նշել է, թե երբ է իրավական հետևանքը վրա հասնելու։ Սա, ցավոք, իրավական բանավեճ է, և չեմ կարծում, որ քաղաքական մարմնում այն նպատակահարմար է իրականացնել։ Այս պահին մենք չենք տեսնում որևէ հիմքեր հենց նույն ՍԴ որոշումից բխող իրավական վերլուծությունների հիման վրա»։