Խորագիր:

Որո՞նք են «Կրթության զարգացման ծրագիր 2030»-ի հիմնական թիրախները

Որո՞նք են «Կրթության զարգացման ծրագիր 2030»-ի հիմնական թիրախները

ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Կրթության զարգացման ծրագիր 2030թ. խնդիրների լուծման հստակ ճանապա՞րհ, թե՞ զուտ խոստումներ» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց ծրագրի նպատակն ու հիմնական թիրախները։

«Ծրագիրը կազմելու ժամանակ խնդիր է եղել՝ հստակեցնել ապագա համակարգը կամ հեռանկարը, որ ուզում ենք տեսնել 2030թ.։ Ծրագիրը պետք է միտված լինի այն կրթությանը, որը մեզ պետք է։ Ըստ այս ծրագրի՝ կրթության զարգացման գլխավոր նպատակը պետք է լինի այնպիսի համակարգի ձևավորումը, որն արձագանքում է անհատի շահերին, համապատասխանում է հասարակության և տնտեսության պահանջներին ու ծառայում ազգային շահերին»,- պարզաբանեց նա։

Ռոբերտ Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի հիմքում դրված է 3 հիմնական սկզբունք՝ կրթության որակ, մատչելիություն և արդյունավետություն. «Կրթության որակը սահմանվեց՝ որպես գերակա խնդիր։ Գերակայությունները սահմանվել են ամբողջ համակարգի համար։ Մատչելիության առումով հիմնական մոտեցումն է՝ ապահովելով մատչելիությունը՝ անցում կատարել ներառականության։ Միայն մատչելիությունը չպետք է լինի, այլ բոլոր կատեգորիաների ներգրավումը։ Միջոցների սղության պարագայում արդյունավետությունը հրատապ խնդիր է մեզ համար»։

Ծրագիրը, ըստ բանախոսի՝ ունի 5 թիրախ. հանրակրթության, նախադպրոցական, մասնագիտական ոլորտներ, դաստիարակության խնդիր և ներառական կրթության զարգացման խնդիր։

Դիտարկմանը, թե լավ կլիներ ներկայացնել ներկայիս իրավիճակը և դրանից բխող քայլերը, նա այսպես արձագանքեց.

«Նախորդ երկու ծրագրերի փորձը ցույց տվեց, որ հաստափոր ծրագրերը չեն կարդացվում։ Եթե ներկայացնեինք իրավիճակը, դա ծավալուն կլիներ։ Դուք անընդհատ մեզ փորձում եք տանել խնդիրների քննարկման ոլորտ, բայց ես ձեզ պետք է տանեմ 2030թվական. եկեք՝ մի պահ մոռանանք այսօրվա խնդիրները և հասկանանք, թե ինչ կրթական համակարգ ենք ուզում ունենալ, հետո որոշենք, թե որ ուղղություններով ենք գնալու»։

Քննարկման մյուս բանախոսի՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանի այն դիտարկմանը, թե գուցե իմաստ ունի օրենսդրական դաշտի փոփոխություններ իրականացնել, որ այս ռազմավարությունը չլինի օրենք, այլ լինի կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթ, Ռոբերտ Ստեփանյանը պատասխանեց, որ ՀՀ  օրենսդրության համաձայն՝ ծրագիրը պետք է հաստատվի ԱԺ-ում և օրենքի ուժ ստանա, ինչը, ըստ նրա՝ ունի իր դրական և բացասական կողմերը. «Քննարկումներ, իհարկե, նախկինում էլ եղել են ԱԺ ամբիոնից էլ, որ այս ծրագրի հաստատման պահանջն օրենքից հանվի, և մեր պատգամավորների մեծ մասը դեմ է եղել։ Խնդրի բացասական կողմն այն է, որ օրենքի ձևաչափը չի համապատասխանում ծրագրի ձևաչափին»։

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։