Ինչ են քննարկելու Նալբանդյանն ու Մամեդյարովը Վիեննայում

Ավստրիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 6-7-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործանախարարների խորհրդի նիստի շրջանակում գուցե հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Դեկտեմբերի 6-ին Վիեննայում ես կհանդիպեմ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներին և իմ հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ: Կքննարկենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները»,- ասել է Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով` Մոսկվայում համանախագահների հետ անցկացվել էին արդյունավետ բանակցություններ:

«Հույս ունենք՝ դրանք շարունակել Վիեննայում»,- ասել է Է. Մամեդյարովը:
Ի դեպ, Մամեդյարովը նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից անմիջապես հետո: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին՝ հայտնել է, որ օրերս հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին:

«Ես նրանց ասել եմ, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ, վճռական և անկեղծ լինել, և ընդգծել եմ, որ այդ հարցում աջակցություն կցուցաբերեմ»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նրա փոխանցմամբ՝ այդ հանդիպմանն Էրդողանն ասել էր, որ, եթե Ռուսաստանը վճռական լինի, ապա Ղարաբաղի խնդիրը կլուծվի, և Թուրքիան պաշտպանում է այդ նախաձեռնությունը:

ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Վիեննայում շարունակվելու են բանակցությունները հանուն բանակցությունների, քանի որ կողմերը և հատկապես՝ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների:

Ըստ նրա, նախարարական հանդիպումները ոչինչ չեն որոշում, պարզապես Մինսկի խումբը և միջնորդները փորձում են հավաստիանալ, որ իրենց աշխատանքն ապարդյուն չէ, սակայն իրավիճակը հեռու է կարգավորման շուրջ քննարկումներից: Սկակովի խոսքով, որքան էլ որ միջնորդները ներկայումս կոնսենսուս ունեն կարգավորման հարցի վերաբերյալ, ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն են, իրավիճակի ներկայիս ընթացքը թելադրում են իրենք՝ կողմերը:

«Զիջումներից խուսափելու Ադրբեջանի քաղաքականությունը պարզ է, դա փորձում են կանխել բոլոր կազմակերպությունները: Հենց այդ պատճառով զսպող հայտարարություն տարածեց ՀԱՊԿ-ը:

Ադրբեջանի նախագահը ցանկանում է ստատուս-քվո փոխել, որի մասին բաց արտահայտվում է, այդ նպատակով Ադրբեջանը ցանկանում է ներքաշել Թուրքիային, որը, ըստ նրա՝ ունի այնքան կշիռ, որ կարող է միջնորդել և տարածքներ ստանալ Հայաստանից, որոնց փոխարեն տալով ոչինչ:

Այնինչ Ռուսաստանը չի կարող դիտարկել բանակցություններում Թուրքիայի մասնակցությունը՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին բախումներ սկսելու հարցում ռուս-թուրքական կոնֆլիկտի պատճառով, ինչը պետք չէր ոչ կողմերին, ոչ միջնորդներին և լի էր տարածաշրջանի համար մեծ վտանգներով: Ապրիլյան պատերազմից հետո, կարելի է ասել, միջնորդները սկսեցին էլ ավելի գիտակցված գործել, և Թուրքիան այստեղ անելիք չունի:

Բանակցություններում, ցավոք, առաջընթացի հնարավորություն չեմ տեսնում, միակողմանի զիջումները պատերազմի մեկնարկի հնարավորություն են տալու, ինչը չի բխում որևէ կողմի շահերից, այնպես որ, դա հնարավոր չէ»,- ասաց նա:
Գնահատելով հայկական կողմի դիրքորոշումը, Սկակովն ասաց, որ հայկական կողմը չի կարող գնալ զիջումների, քանի դեռ դրան Ադրբեջանը պատրաստ չէ: Ուստի, նրա գնահատմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլ ելք չունի:

«Միջնորդներն աջակցում են Հայաստանին, այս պահին գնդակն ադրբեջանական դաշտում է: Ռուսաստանը, իմ տեղեկություններով՝ ճնշումներ բանեցնում է, բայց դա պետք է անեն մյուս միջնորդները ևս, քանի որ Ռուսաստանը չի կարող կտրել թելն Ադրբեջանի հետ, դա կարող է վտանգավոր լինել, այդ թվում Ղարաբաղի համար»,- ասաց Սկակովը:

Մեզ հետ զրույցում ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է, քանի որ դրա բռնկման հավանականությունը չափազանց մեծ է:

«Կարծում եմ՝ Վիեննայում նախատեսվող հանդիպումը հնարավորություն է՝ մտքեր փոխանակելու՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Պետք չէ միամիտ լինել, որ այն բեկում կմտցնի, բայց նման հանդիպումներն անհրաժեշտ են, նման հանդիպումներից են սկսվում գլոբալ գործընթացները, նման հանդիպումների միջոցով են բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց ուղերձներ հղում, այնպես որ, թերագնահատել այս հանդիպումները պետք չէ:

Հետաքրքրական է, որ հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում, և դրանից առաջ ակտիվորեն քննարկվում են Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցերը, քանի որ դրանք թույլ կտան պահպանել խաղաղությունը և ստատուս-քվոն սահմանին, որի կողմն են թե Թիլերսոնը, թե Լավրովը:

Ցանկալի կլիներ, որ այս հարցում միջնորդներն առաջընթացի հասնեին, սակայն ադրբեջանական կողմի հայտարարությունները թույլ չեն տալիս նման հույսեր ունենալ»,- ասաց Դելքուրը: Թե ինչ կխոսեն նախարարները և համանախագահները՝ ֆրանսիացի վերլուծաբանը դժվարանում է նշել:

«Ելնելով Սերգեյ Լավրովի խոսքերից՝ համանախագահները պետք է իրենց առաջարկները, փաթեթները ներկայացնեն, փորձեն խոսակցություն ծավալել, սակայն քաղաքականությունները դեռ այդ առաջարկներն ընդունելուն և կառուցողական բանակցության պատրաստ չեն: Սակայն պետք է միջնորդները կարողանան առաջ մղել մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ դրանք ամրագրված են անժամկետ համաձայնագրերում, որոնք կնքվել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև Ղարաբաղյան պատերազմից հետո, ինչո՞ւ են դրանք անտեսվում:

Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը, շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով: Միջնորդները կարող են դա անել»,- ասաց Դելքուրը:

Գնահատելով հայաստանյան քաղաքականությունը` Դելքուրն ասաց, որ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում:

«Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի: Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս