Բաժիններ՝

Հայրիկս սովորական մարդ էր. այսպիսին էր Հովհաննես Բաղրամյանը դստեր աչքերով

Իմ կեսդարյա ժուռնալիստական կյանքում բախտ եմ ունեցել հանդիպելու և հարցազրույց ունենալու ականավոր շատ մարդկանց հետ։ Նրանցից մեկն էլ մեծ զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի դստեր՝ Մարգարիտ Բաղրամյանի հետ հանդիպումն էր, որ տարիներ առաջ տեղի ունեցավ Մոսկվայում, Սիվցև Վրաժեք փողոցում գտնվող Բաղրամյանի բնակարանում։ Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակի ծննդյան 120-ամյակը։

Կարծում եմ, որ տարիներ առաջ հրապարակված այս հարցազրույցը այսօր էլ արդիական է և կհետաքրքրի մերօրյա ընթերցողին։ Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

 –Տիկին Մարգարիտ, զորապետ Բաղրամյանի մասին շատ է խոսվել ու գրվել։ Իսկ ինչպիսի՞ն էր նա առօրյա կյանքում։

-Նա սովորական մարդ էր, չափազանց գթասիրտ և հյուրասեր։ Բաղրամյանը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մարդկանց հետ մշտական շփման՝ լինի դա ընկեր, թե զինակից, հարևան, թե ազգական։ Նա սիրում էր մարդկանց։ Եվ նրանք պատասխանում էին նույն կերպ։ Հայրիկս բարեկամների և ծանոթների լայն շրջանակ ուներ։ Դրանց մեջ կային զինվորականներ, գիտնականներ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, պետական գործիչներ և պարզապես շարքային մարդիկ։ Չնայած զբաղվածությանը` նա միշտ էլ մարդկանց սիրալիր էր դիմավորում, անկեղծորեն ուրախանում այցելության համար, չափազանց ուշադիր էր ու նրբանկատ։ Նա հիրավի երկնային մարդ էր, մարդկանց հետ շփումից մեծ բավականություն էր ստանում։

Եվ հետո, հայրս տանել չէր կարող կեղծիքը, քծնանքը։ Նա շատ էր ջղայնանում, երբ որևէ մեկը նրան ինչ-որ նվեր էր բերում։

Ձեր հայրը իր ողջ կյանքն անցկացրել է բանակում։ Գաղտնիք չէ, որ զինավորական մարդիկ միշտ չէ, որ պատշաճ ուշադրություն են դարձնում ընտանիքին։ Դրանից հատկապես տուժում են երեխաները։ Ինչպիսի՞ն էր Իվան Քրիստաֆորիչն իբրև հայր։

-Իրոք, նա չափազանց զբաղված մարդ էր։ Սակայն և ես, և ես եղբայրս՝ Մովսեսը, մշտապես զգացել ենք նրա ուշադրությունը մեր նկատմամբ։ Իհարկե, եթե ժամանակը ներում էր։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմի ողջ ընթացքում մեր մայրը գտնվում էր հայրիկի կողքին՝ մենք զրկված չենք եղել ծնողական գուրգուրանքից։ Հայրիկս ողջ ազատ ժամանակն անցկացնում էր մեզ հետ։

-Մի առիթով մարշալ Ժուկովի դուստրը՝ Մարգարիտա Գեորգիևնան, «Արմենպրես»-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իվան Քրիստաֆորիչը իր հոր մերձավորագույն ընկերն էր։ Եվ ինչպես նա է ասել՝ «Հայրս սիրում էր նրան ազնվագույն մարդկային հատկանիշների, նուրբ հումորի, մեծ խելքի և առողջ բանականության համար»։ Իսկ ինչի՞ համար էր Բաղրամյանը սիրում Ժուկովին։ Չէ որ գաղտնիք չէ, որ նրանք իրենց բնավորությամբ հակապատկերներ էին։

-Բաղրամյանի և Ժուկովի մտերմությունը վաղեմի պատմություն ունի, որը սկսվել էր 1924 թվականից, երբ նրանք միասին սովորում էին Լենինգրադի հեծելազորային դասընթացներում։ Ի դեպ, նույն դասընթացների ունկնդիր էին նաև ապագա մարշալներ Կոնստանտին Ռոկոսովսկին և Անդրեյ Երյոմենկոն, որոնց բարեկամությունը կարող էր տղամարդկանց բարեկամության օրինակ ծառայել։

Իրենց բնավորությամբ Ժուկովը և Բաղրամյանը իրոք տարբեր էին։Հայրիկն ավելի բարի էր, Ժուկովը՝ կարծր։ Դե, երևի դիրքն էր պահանջում ավելի կոշտ բնավորություն դրսևորել։ Այդ հարցին բոլորից լավ պատասխանել է ինքը՝Բաղրամյանը։ Ահա թե ինչ է նա գրել Ժուկովի մասին. «Ինձ համար Ժուկովը ոչ միայն ականավոր ռազմական ստրատեգ է, փառապանծ հերոս և մեծ զորավար։ Նա իմ ընկերն էր ու հասակակիցը, ավելին՝ իմ եղբայրը, որը հսկայական դեր է խաղացել իմ զինվորական կյանքում։

Գեորգի Կոնստանինովիչը համարձակ մարդ էր։ Ռազմաճակատի այս այն տեղամասում ամենադժվարին պահերին նրա երևալը ինչ-որ անսովոր ուժ էր տալիս հրամանատարներին ու զորապետներին»։

Հայրս մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց այդ հիրավի մեծ բարեկամությանը։ Երբ Ժուկովին հալածում էին, նրա կողքին գրեթե չմնաց նրա շրջապատից և ոչ մեկը։ Բաղրամյանը միակն էր։ Կարելի է ասել, որ հայրս է թաղել Ժուկովի կնոջը՝ Գալինա Ալեքսանդրովնային։ Այդ օրերին կենդանի մարշալներից և ոչ մեկը թաղմանը ներկա չէր։

Տիկին Մարգարիտ, ասացեք խնդրեմ, այն որ Ժուկովը և Բաղրամյանն իրենց դուստրերին  կոչել են Մարգարիտ՝ դրանում որևէ իմաստ կա՞, թե՞ ընդամենը զուգադիպություն է։

-Կարծում եմ, զուտ զուգադիպություն է։ Մարգարիտա Ժուկովան Գեորգի Կոնստանտինովիչի չորս աղջնակներից մեկն է, ով ինձանից մի քանի տարով ջահել է։ Մենք երկուսս էլ թանկ ենք գնահատում մեր ծնողների մեծ բարեկամությունը, ուստի աշխատում ենք հնարավորին չափ հաճախակի հանդիպել։ Մեր հայրերին, երկարամյա ընկերությունից բացի, մերձեցնում էր նաև այն հանգամանքը, որ երկուսն էլ ծնվել էին դեկտեմբերի 2-ին։ Միայն Ժուկովը 1896 թվականին, իսկ հայրիկս՝ մեկ տարի հետո։ Այդ օրը երկու մարշալներն անպայման հանդիպում էին։ Մենք՝ Մարգարտաներս, աշխատում ենք պահպանել այդ ավանդույթը։ Եթե մեզ չի հաջողվում, հանդիպել,  ապա անպայման իրար «գտնում» ենք հեռախոսով և երկար-երկար զրուցում, հիշում մեր հայրերին։

Մարշալ Բաղրամյանի կենսագրության որոշ դրվագներ թույլ են տալիս ենթադրելու, որ ժամանակին երկրի ղեկավարները այնքան էլ չէին սիրում նրան։ Մեկը Խորհրդային Միության հերոսի երեք ոսկե աստղ է ստանում այն բանի համար, որ երկար է ապրել, իսկ Հովհաննես Բաղրամյանին՝ ռազմաճակատի  հրամանատարներից մեկին, Հաղթանակի հեղինակներից մեկին և մեծագույն ստրատեգին Հերոսի երկրորդ ոսկե աստղ մեդալը շնորհում են նրա ծննդյան 80-ամյակի օրը, երբ նա պառկած էր հիվանդանոցում։ Ասենք, մարշալի աստղը նա նույնպես ստացել է գրեթե բոլորից հետո, ինչի արդյունքում նա այնպես էլ չարժանացավ «Հաղթանակի» շքանշանի։ Ինչպես էր նա արձագանքում «աշխարհիս ուժեղների» նման վերաբերմունքին։

-Այո, նման բան կար։ Քյոնիգսբերգի օպերացիայի համար նրան իրոք հասնում էր «Հաղթանակի» շքանշան։ Բայց ստացավ Սուվորովի առաջին աստիճանի շքանշան։ Այդ եզակի ռազմավարական գործողությունը մշակել էր հայրս։ Բայց հարձակումը սկսվելուց ընդամենը մեկ օր առաջ նրան փոխարինելու եկավ մարշալ Վասիլևսկին։ Երևի «բոլոր ժողովուրդների հայրը» չէր ուզում, որպեսզի հայազգի Բաղրամյանը ստանա այդ պարգևը։ Մինչդեռ Վասիլևսկուն Քյոնիսգբերգի համար շնորհվեց «Հաղթանակի» երկրորդ շքանշանը։ Իսկ մարշալի կոչում հորս շնորհվեց Ստալինի մահվանից հետո, 1955 թվականի մարտին։ Ցավալի է իհարկե, բայց հայրս ոչ մի կերպ ցույց չէր տալիս դա։ Նա ներքին մեծ կուլտուրայի տեր մարդ էր, ուստի լռակյաց կրեց իր խաչը։

Մի անգամ «Կովկաս-85» զորավարժությունների ժամանակ ես հանդիպեցի Բաղրամով ազգանունով մի երիտասարդ սպայի, որը, ինչպես պարզվեց, մարշալ Բաղրամյանի ինչ-որ ազգականն էր։ Իմ հարցին, թե ինչո՞ւ նա ազգանունը չի փոխում և գրվում Բաղրամյան, լեյտենանտը պատասխանեց, որ այն ժամանակ մարշալ Բաղրամյանը կամա թե ակամա կնպաստեր իր հետագա առաջընթացին։ Նա ասաց, որ կուզենար, որպեսզի իր ուսադիրների աստղերը վաստակած լիներ ազնիվ և քրտնաջան աշխատանքով, այլ ոչ թե «քեռու» օգնությամբ։ Տիկին Մարգարիտ, չե՞ք կարող ասել,թե ինչպես դասավորվեց այդ երիտասարդ սպայի հետագա կյանքը։ Եվ Բաղրամյանների գերդաստանից ՝ Ձեր մերձավոր և հեռավոր ազգականներից քանիսն են ընտրել զինվորականի դժվարին մասնագիտությունը։

-Այո, Ձեր ասած լեյտենանտը Հովհաննես Բաղրամյանի եղբոր թոռն է՝ Ալեքսեյը։ Մինչև վերջերս նա ծառայում էր Գերմանիայում՝ ռուսական զորքերի կազմում, հասել է փոխգնդապետի աստիճանին։ Այդ երկրից ռուսական զորքերի դուրսբերումից հետո նա զորացվել է։

Մեր գերդաստանից քա՞նիսն են ընտրել զինվորականի մասնագիտությունը։ Դժվար է հաշվել։ Կհիշատակեմ մի քանիսին, մյուսները, հուսով եմ, չեն նեղանա։ Եվ այսպես. վերը հիշատակված Ալեքսեյի եղբայրը՝ Քրիստը, նույնպես զինվորական է, գնդապետ։ Իրավագիտության գնդապետի աստիճանով զորացրվել է իմ մյուս եղբոր տղան՝ Հրանտ Բաղրամյանը։ Իլյա Բաղրամյանը գեներալ-մայոր է, ի դեպ, «Բաղրամյան հիմնադրամի» նախագահն է։Նրա տղան՝ Արթուրը, կապիտան է։ Եվ վերջապես, իմ դուստրը՝ Կարինեն։ Նա փոխգնդապետ է և  իսպաներեն է դասավանդում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական համալսարանում։

Եթե ես թվարկեմ նաև մեր հեռավոր ազգականներին, որոնք ընտրել են զինվորականի մասնագիտությունը, ապա թերթի մի էջը չի բավարարի։ Ուստի կսահմանափակվենք միայն մի քանի անուններով, առավել ճանաչված մարդկանց հիշատակելով։ Ահա նրանք՝ գեներալ-լեյտենանտ Գեորգի Կարակոզով՝ Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Յուրի Մարտիրոսյան, գնդապետներ Վանյան, Մարտիրոսով,, Ծատուրյան, Գաբրիելյան… կարծես հերիք է…

-Բարեբախտաբար Ձեր հայրը չտեսավ, թե ինչպես պղծվեց նրա հուշարձանը Կիրովաբադում։ Ցավոք, ես դա տեսել եմ։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում վանդալիզմի այդ դրսևորումը և ի՞նչ եք արել Դուք, Ռուսաստանի վետերանների կազմակերպությունները և վերջապես՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Խորհրդային Միության   կրկնակի հերոսի հուշարձանը վերականգնելու համար։

– Բարբարոսությունը, սրբապղծությունը ում նկատմամբ էլ այն թույլ տրված լինի, չի կարելի արդարացնել։ Քաղաքակիրթ մարդիկ այդպես չեն վարվում՝ մանավանդ հերոսի նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է հուշարձանը վերականգնելուն, ապա ինձ թվում է, այսօր սա ոչ ոքի չի հետաքրքրում։ Ցավալի է, բայց փաստ է…

Մարգարիտա Իվանովնա, իսկ մարշալ Բաղրամյանն ի՞նչ հոբբի ուներ:

– Իհարկե, նա արվեստի մեծ  գիտակ  էր։ Նա հավասարապես սիրում էր երաժշտությունն ու գեղանկարչությունը, թատրոնն ու գրականությունը։ Նա արվեստագետ շատ ընկերներ ուներ՝ Արամ Խաչատրյան ու Տիխոն Խրեննիկով, Դմիտրի Շոստակովիչ ու Ալեքբեյ Հեքիմյան, Պավել Լիսիցյան ու Ալեքսանդր Մելիք-Փաշաև։ Ո՞ր մեկին թվարկես…

Հայրս հիացած էր Մարիետա Շահինյանով, հիացած էր նրա հանրագիտարանային գիտելիքներով, համարձակությամբ, կրքոտությամբ, աշխատասիրությամբ։ Կոմպոզիտորներից շատ էր սիրում Արամ Խաչատրյանին. «Խաչատրյանը հրաբուխ է, որ դեռևս չի ժայթքել,-ասում էր նա։- Ինձ թվում է, որ իր գլուխգործոցը նա դեռևս չի ստեղծել…»։

Ինձ միշտ էլ զարմացրել է ականավոր գրողներն«ի ու գիտնականների, արվեստի մարդկանց վերաբերմունքը հորս նկատմամբ։ Նրանք հաճախ էին ընդունում նրա իմաստուն խորհուրդները։ Բացի դրանից մարշալը ինքն էլ էր ստեղծագործում։ Նրա հուշագրություններն ու զինվորական թեմայով գրքերը մեծ ժողովրդականություն էին վայելում և անմիջապես սպառվում էին։

Տիկին Մարգարիտ, եթե կարելի է մի քիչ էլ Ձեր,  Ձեր ընտանիքի մասին պատմեք։  Ինչով են զբաղվում  մարշալ Բաղրամյանի թոռները, որոնց, որքան հայտնի է, պապիկը շատ էր սիրում։

-Ամուսինս մահացել է ութ տարի առաջ։ Ես երկու երեխա ունեմ՝ Վանյան և Կարինեն։ Վանյան ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ Նա միջազգայնագետ-տնտեսագետ է, աշխատում է ռուս-շվեյցարական-բելգիական համատեղ ձեռնարկությունում։ Դուստրս՝ Կարինեն, ասացինք՝ զինվորական համալսարանի դասախոս է, իսպաներեն է դասավանդում, փոխգնդապետ է։ Տղաս ամուսնացած չէ, դուստրս մի երեխա ունի՝ ութնամյա Գայանեին։

Հայրս իրոք շատ էր սիրում թոռներին, հատկապես Վանյային։ Դե, դա բնական է, չէ որ մեծանում էր նոր Հովհաննես Բաղրամյան։ Պատերազմից հետո,երբ հայրս  Մերձբալթյան զինվորական օկրուգի հրամանատարն էր և ապրում էր Ռիգայում,նրա հետ էր նաև իմ Վանյան, որին պապը «փոքրիկ Նապոլեոն» էր կոչում։ Ամեն անգամ, երբ զորահրամանատարի մեքենան մտնում էր տան բակը, փոքրիկ Վանյան դիմավորում էր պապին մուտքի մոտ և նրանից «զեկույց» ընդունում այն մասին, որ գործերը լավ են գնում։ Պատահում էր, որ գեներալի մեքենան ավելի շուտ էր բակ մտնում, քան Վանյան հասցնում էր մոտենալ դարպասներին։ Երեխային չնեղացնելու համար գեներալի մեքենան շրջադարձ էր կատարում և…նորից էր մտնում բակ, որպեսզի գեներալ պապը զեկույց տա «փոքրիկ Նապոլեոնին»։

Տիկին Մարգարիտ, քանի որ Դուք հիշեցիք այդ զվարճալի պատմությունը, կարո՞ղ եք մարշալի կյանքից մի քանի նման դրվագներ հիշել։

-Այդպիսի դեպքեր շատ են եղել։ Բայց ամենից շատ հիշողությանս մեջ տպավորվել է մի դեպք, որը հորս բնութագրում է որպես արտակարգ բարի մարդու։ Հիշում եմ, մորս՝ Թամարա Հմայակովնայի մահվանից հետո մեզ հյուր էր եկել մեր հեռավոր ազգականներից մեկը, եկել էր Չարդախլու գյուղից։ Մի անգամ հայրս պետք է գնար զորահանդեսի, հորաքույրս սկսեց հարդուկել նրա տոնական համազգեստը և այնքան ջանասիրություն գործադրեց, որ այդ համազգեստի ձախ թևի տակ մի մեծ հատված վառեց։ Հայրս չգիտեր ինչ անել, կիտելը փոխել հնարավոր չէր։ Հորաքույրը շատ էր նեղվում։Մենք սպասում էինք, որ հիմա ամպրոպ կժայթքի։ Բայց հայրս հանգիստ տոնով ասաց, որ ամեն ինչ կարգին է, հուզվելու կարիք չկա։ Զորահանդեսից հետո հայրս,հազիվ զսպելով ծիծաղը, պատմում էր այն մասին, թե ինչպես է ձախ ձեռքը կողքին սեղմած մի քանի ժամ կանգնել Կրեմլի տրիբունայում։ «Շնորհակալություն, որ ձախ կողմն էիր այրել, թե չէ Աստված գիտի, թե ինչպես էի պատվի բռնելու»։ Դրա համար հայրս հրաժարվել էր մասնակցել կառավարական ճաշկերույթին։

Եվս մի դեպքի մասին։

Մի անգամ մենք գտնվում էինք հայրիկիս քաղաքամերձ ագարակում։ Եվ հանկարծ հորս շտապ կանչեցին պաշտպանության նախարարություն։ Նրա մեքենան ուշանում էր։ Երբ այլևս  համբերել չէր կարելի, հայրս դուրս եկավ խճուղի և սկսեց Մոսկվա գնացող մեքենա կանգնեցնել։ Բոլորն անտարբեր անցնում էին ու երևի զարմանում էին, թե ինչ է անում այս ժամին Խորհրդային Միության մարշալը խճուղում։ Վերջապես մի բեռնատար մեքենա կանգնեց, որի ղեկին պատերազմի վետերան էր։

Ընկեր մարշալ, նստեք, տեղ կհասցնեմ…

Ահա այդ բեռնատար մեքենայով էլ հայրս հասավ Մոսկվա։ Ոչ ոք այդ մասին չիմացավ, ոչ մեկի գլուխը ուսից չթռավ…

Լևոն Ազրոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս