«Դա շատ հետաքրքիր խաղ է և այն նոր միայն սկսվում է». Դենիս Դվորնիկով
Հարցազրույց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովի հետ
– Պարոն Դվորնիկով, նոյեմբերի 24-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ շրջանակային համաձայնագիրը: Ի՞նչ է նշանակում այս փաստը, և այն ի՞նչ կտա Հայաստանին:
– Նախ և առաջ՝ Եվրամիության հետ պայմանագրի կնքումը Հայաստանին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը: Պարզ ասած` թույլ է տալիս ունենալ մի քանի այլընտրանքային սցենարներ և հավելյալ հնարավորություններ` իր միջազգային շահերը պաշտպանելու համար:
Բացի այդ, Հայաստանն ավտոմատ դառնում է կարևոր միջազգային բանակցային հարթակ, որը վստահություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից: Սա բոլոր ոչ մեծ երկրների երազանքն է, որ փորձում են ուղիներ գտնել խոշոր խաղացողների միջև միջնորդ դառնալու համար: Այնպես որ, Հայաստանին կարելի է շնորհավորել պատմական ձեռքբերման առթիվ:
– Ինչպիսի՞ տրամադրություններ են Մոսկվայում: Բրյուսելում հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես՝ նախագահ Պուտինից, երբևէ չի լսել կես բառ անգամ, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ Հայաստանի համագործակցելու առումով:
– Ռուսաստանի համար առավել կարևոր է տարածաշրջանում կայունությունը: Շատ կարևոր է, որ Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրման գործընթացը ներքին հակամարտություն չի առաջացրել Հայաստանում: Կարծում եմ, որ միայն դրա համար Ռուսաստանի ղեկավարությունը բավարարվածություն է զգում: Այս գործընթացի շուրջ ամբողջ «բացասականը» շրջանառվում է փորձագետների փոքր խմբի ներսում, որոնց աշխատանքը սահմանափակվում է՝ Անդրկովկասում իրադարձությունները մեկնաբանելով: Այդ խումբը, ինչպես նաև նրա ներկայացուցիչների հրապարակային գնահատականները հասարակության լայն շերտերի վրա ազդեցություն չունեն: Նրանց պետք է հանգիստ վերաբերվել, ինչպես աշնան վերջում անխուսափելի սառը անձրևներին:
– Ձեր կարծիքով` ի՞նչ է փոխվել այս 4 տարիների ընթացքում, որ այժմ ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձավ: Չէ՞ որ մեր երկրում թե՛ քաղաքական իշխանությունը, թե՛ ներքին իրադրությունը չի փոխվել:
– Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը հնարավորություն ունեցավ գնահատել այլ երկրների` նման պայմանագրեր կնքելու փորձն ու հետևանքները, կշռել բոլոր առավելություններն ու ռիսկերը, ինչպես նաև` ստորագրմանը մոտենալ հիմնավորապես, առանց շտապողականության: Այս ընթացքում երկրում իրադրությունը չի բարելավվել, բայց նաև չի վատթարացել:
Ներկայիս պարագայում, դա արդեն վատ չէ, հատկապես` հաշվի առնելով արտաքին գործոնները: Գլխավորն այն է, որ գրագետ օգտագործեք նոր տնտեսական հնարավորությունները, ապրանքներն արտահանեք եվրոպական շուկաներ` միաժամանակ չկորցնելով ռուսական շուկան:
– Հայաստան-Եվրամիություն պայմանագիրն ինչպե՞ս կազդի տարածաշրջանի վրա, և ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղյան հակամարտության վրա:
– Կարծում եմ` ԵՄ-ի հետ պայմանագիրը տարածաշրջանում իրադրության կայունացմանը նպաստող ևս մեկ անուղղակի գործոն է: Համենայն դեպս, Եվրամիության առանցքային երկրներին ավելի դժվար կլինի չլսել Հայաստանի ձայնը` հակամարտության հետ կապված ակտուալ խնդիրների վերաբերյալ:
– Հայաստանի քաղաքական օրակարգում կրկին քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հարցը: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն կամ անհրաժեշտություն, և դա բացասաբա՞ր կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:
– Լինել եվրոպացի, նշանակում է՝ լինել պրագմատիկ: Հենց դա պետք է սովորել արևմտյան գործընկերներից: ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները նման են նեղմիտ, պարզունակ դատողությունների` էմոցիոնալ և իմպուլսիվ: Կարելի է փորձել պատժել պայմանականորեն ռուսական քաղաքագետ Մարկովին, սակայն գործնականում պատժված կարող է լինել լիովին կոնկրետ հայկական ֆերմեր Թումանյանը, ով չի կարողանա իր ելակը վաճառել Ռուսաստանում:
Նախ և առաջ՝ պետք է հասկանալ` ի՞նչ է Եվրասիական տնտեսական միությունը, ի՞նչ կոնկրետ որոշումներ է այն կայացնում:
Եվրասիական տնտեսական միությունը ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ: Դա առևտրային կազմակերպություն է, որը բոլորովին վերջերս է սկսել ձևավորել խաղի կանոնները: Բայց այդ կանոններից արդեն շատ արդյունավետորեն օգտվում են հայկական շատ ձեռնարկություններ: Նախքան քաղաքական որևէ ժեստ անելը, ավելի լավ է՝ վերցնել հաշվիչը և հաշվել, թե ինչ օգուտներ կարելի է ստանալ:
Դա կլինի եվրոպական ձևով: Առավել ևս՝ այժմ, երբ Հայաստանը ներգրավված է աշխարհի երկու խոշորագույն տնտեսական կենտրոնների հետ առևտրային հարաբերությունների մեջ: Դա շատ հետաքրքիր խաղ է, և այն նոր միայն սկսվում է: