ԱՄՆ դատախազությունը մեղադրում է թուրքական պետական բանկին փողերի լվացման մեջ

Թուրք իրանցի ոսկու ոլորտի առևտրական Ռեզա Զարաբը վկայություն է տալիս ամերիկացի դատախազներին թուրքական պետական Հալքբանկի ղեկավարի գործի շրջանակում, ում մեղադրում եմ խոշոր փողերի լվացման գործում մասնակցություն ունենալու մեջ, որի միջոցով Իրանը շրջանցել էր ամերիկյան պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Զարաբը խոստովանել է իր մեղքը և համաձայնել համագործակցել իրավապահների հետ: Սպասվում է, որ նա վկայություն կտա Մանհեթանի դատարանում ընդդեմ Հալքբանկի ղեկավարներից մեկի՝ Մեհմեդ Հաքան Աթիլայի, որի գործը զգալիորեն վնասել է թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները:

ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել այս գործի շրջանակում 9 մարդկանց, սակայն միայն Զարաբը և Աթիլան են գտնվում կալանքի տակ: Մնացած մեղադրյալների թվում են «Հալքբանկ»-ի նախկին նախագահ Սուլեյման Ասլանը և Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայենը:

ԱՄՆ-ի դատախազների պնդմամբ մեղադրյալները ստեղծել են փողերի լվացման միջազգային խոշոր սխեմա, որը ներառում էր ոսկու անօրինական ներմուծումներ ու սննդի գնման կեղծ փաստաթղթերի պատրաստում, որի շնորհիվ Իրանը հնարավորություն էր ունեցել ձեռք բերել ամերիկյան դոլարներ՝ խախտելով ամերիկյան պատժամիջոցները:

ԱՄՆ-ի դատախազի օգնական Դեյվիդ Դենթոնը դատավարության ընթացքում իր խոսքում նշել է, որ Աթիլան ունի պատժամիջոցների վերաբերյալ խորը գիտելիքներ և օգտագործել է դրանք անօրինական բանկային փոխանցումներ իրականացնելու համար:

Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմը քննադատել է գործի հարուցումն՝ այն անվանելով կեղծ և քաղաքական: Այն սրել է առանց այն էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս