«Ոչ ռիսկային հարկ վճարողների աճի միտում է առկա». ՊԵԿ պաշտոնյա
Խոշոր և միջին հարկ վճարողների շրջանում ոչ ռիսկային համարվող հարկատուների մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 7 տոկոսով, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ այն կազմում է շուրջ 20 տոկոս:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը, հարկային վճարումների աճի տեմպը ռիսկայինների մոտ 2.7 անգամ ավելի բարձր է, քան ոչ ռիսկայինների մոտ:
«Մենք գնալով հզորացնում ենք մեր վերլուծական ներուժը, ինչը մեզ հնարավորություն է տալիս հարկ վճարողներին դասակարգել ըստ ռիսկայնության` ռիսկային ու ոչ ռիսկային: Ոչ ռիսկային հարկ վճարողների մոտ, եթե մեր վարչարարությունը սահմանափակվում է նրանց կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների վերլուծությամբ, ապա ռիսկային համարված հարկ վճարողների դեպքում պատկերն այլ է: Այստեղ նախևառաջ ունենում ենք ոլորտային ու անհատական հանդիպումներ, որոնց ժամանակ տարվում են բացատրական աշխատանքներ, որպեսզի հարկ վճարողներին մղենք օրինական գործունեության դաշտ»,- ասաց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է ոչ ռիսկային ու ռիսկային համարվող հարկ վճարողների թվային հարաբերակցությանը, ապա, ըստ Արմեն Սաֆարյանի, ցանկերն անընդհատ փոփոխվում են, ներկայում էլ ոչ ռիսկային հարկ վճարողների աճի միտում է առկա: «Ռիսկային ցուցակներում հայտնվող տնտեսվարողների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների ինտենսիվությունն ավելանում է, մինչև արձանագրվի վարքագծի փոփոխություն: Դրա մասին են փաստում նախորդ ամիսներին կատարված ստուգումները, մասնավորապես, նոյեմբերի ընթացիկ հսկողական աշխատանքների քանակը նախորդ ամիսների միջինի նկատմամբ կրկնապատկվել է»,-տեղեկացրեց ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետը:
Արմեն Սաֆարյանը շեշտեց, որ ռիսկային հարկ վճարողների նկատմամբ հսկողական աշխատանքների ընթացքում կիրառված տույժ-տուգանքներն իրենց մեծությամբ գերազանցում են հարկերի այն ծավալը, որը կվճարեին ոչ ռիսկային դաշտում գործելու պարագայում, ուստի առավել շահավետ է գործել օրինական դաշտում:
Հարցին ի պատասխան, թե որոնք են հարկերից խուսափելու տեսանկյունից առավել ռիսկային ոլորտները` Արմեն Սաֆարյանը նշեց. «Այն ոլորտները, որտեղ ունենք կանխիկ դրամաշրջանառության մեծ քանակ, այդ իմաստով` առավել ռիսկային են առևտրի ու ծառայությունների ոլորտները»:
Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչությունում հաշվառված է 1088 խոշոր ու միջին հարկ վճարող` 500 միլիոն դրամ ու ավել շրջանառության շեմով: 2017 թվականի հունվար-հոկտեմբերին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն աճել են շուրջ 37 միլիարդ դրամով կամ 9.2 տոկոսով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: