«Նույնիսկ մեկ ապրանքի թանկացումը 100-200 դրամով քաղաքացու ծախսերի մեջ ունենում է բավականին մեծ մասնաբաժին». Մեսրոպ Առաքելյան
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը համաձայն է այն կարծիքին, որ գնաճի պայմաններում աղքատության ցուցանիշը կբարձրանա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գնաճն այսօր մեր հասարակությանը հուզող թեմաներից մեկն է, քանի որ այն ոչ միայն տնտեսական երևույթ է, այլև սոցիալական:
«Ամբողջ աշխարհում սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով տեղի է ունենում գնաճ, որն անխուսափելի է, այդ թվում՝ նաև Հայաստանում: Հետևանքը Հայաստանում ավելի ցայտուն է արտահայտվում, քանի որ հասարակության մոտ 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև, և փոքր թանկացումները կարող են ունենալ լուրջ սոցիալական խնդիր: Այսօր հասարակության մոտ 1 միլիոն քաղաքացի վաստակում է օրական 1000-1500 դրամ, և նույնիսկ մեկ ապրանքի թանկացումը 100-200 դրամով իր ծախսերի մեջ ունենում է բավականին մեծ մասնաբաժին: Դրա լուծումն այն է, որ առաջին հերթին՝ այն ապրանքատեսակները, որոնք ներմուծման հաշվին են թանկանում, առավելագույնը տեղական արտադրությունն ակտիվացնելով՝ պետք է փորձել գտնել փոխարինիչներ, որովհետև բավականին զարմանալի է, որ Հայաստանում կարագի շուկան ամբողջովին գտնվում է Նոր Զելանդիայի հատվածում, և այնտեղ տեղի ունեցող թանկացումները նման կտրուկ թանկացումների են բերում մեզ մոտ»,- նշեց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրը, որ Հայաստանում անընդհատ ազդում է գնաճի վրա, մենաշնորհային ոլորտներն են. «Քանի որ ցանկացած փոփոխություն միջազգային գների, ընդամենը մի ժամ հետո Հայաստանում արտացոլվում է, սակայն բոլորս գիտենք, որ այդ ապրանքներն ավելի վաղ ներկրված ապրանքներ են, ցանկացած ապրանքի ներմուծում, հատկապես՝ Նոր Զելանդիայից, մեկ ժամում Հայաստան չի հասնում, իսկ հակառակ դեպքում՝ գների անկման պարագայում, բավականին դանդաղ և դժվար են տնտեսվարողներն արձագանքում գների նվազմանը»: