«Մեզ շանտաժով տարան ԵՏՄ. այդ կառույցը բարեկամական չէ». Հովհաննես Իգիթյան
Միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով`իշխանական թիմը ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ընդհանրապես չի քննարկում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փորձագետը ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին բաժանեց 3 մասի։
«Առաջինը պետք է լիներ 2013թ.՝ արդյոք մտնե՞լ, թե՞ ոչ, դա այլ խնդիր է, որը կապ չունի այսօրվա լսումների հետ։ Եթե այն ժամանակ քաղաքական թիմ լիներ, քննարկումներ լինեին, Հայաստանն այլ ձևով կիրականացներ այդ քայլը կամ չէր իրականացնի։ Երկրորդ՝ ԵՏՄ-ում գտնվելու փուլը լրիվ այլ հաշվարկ է, այլ հնարավորություններ են։ Արդեն 4 տարի է՝ ԵՏՄ-ում ենք և տեսնում ենք, որ ԵՏՄ հնարավորությունները տարբեր փոքրիկ տոկոսներ են կազմում։
Մենք զարգացման տենդենցը չենք տեսնում, նույնիսկ կառավարությունը չի տեսնում, նույնիսկ ամենահավատացյալ հանրապետականները լսումների ժամանակ չեն բերում տնտեսական հաշվարկներ։ Այո, մենք էլ ենք հասկանում, թե ում հետ գործ ունենք ԵՏՄ-ում։ Եթե ամփոփենք բոլոր ելույթները և բոլոր ակնարկները, որ անում են ՀՀԿ-ականները, ստացվում է, որ, եթե մենք ԵՏՄ-ում չլինեինք, մեզ կպատժեին, մեզ Ուկրաինայի օրը կգցեին։ Դա խոսում է այն մասին, որ մեզ շանտաժով տարան ԵՏՄ»,- պարզաբանեց փորձագետը։
Իսկ ԵՏՄ անդամակցության 3-րդ մասը, ըստ նրա՝ փորձն է՝ կասեցնել կամ սահմանափակել անդամակցությունը մի կազմակերպության մեջ, որը, Իգիթյանի խոսքով՝ Հայաստանի հարցերը չի լուծում, այլ տանում է դեպի ոչինչ. «Սա կարևոր հարց է, և շատ կարևոր է, որ ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը «Ելքը» ցույց է տալիս, բայց այն, թե ինչպես այնտեղից առանց կորուստի դուրս գալ, պետք է իշխանությունը ցույց տա»։
Հովհաննես Իգիթյանն ընդգծեց՝ եթե կա մի կառույց, որտեղից դուրս գալու համար քեզ պատժելու են, դա նշանակում է, որ այդ կառույցը բարեկամական չէ.
«Սրա մասին պետք է մտածենք։ Մենք գտնվում ենք մի կառույցում, որտեղ Ղրղըզստանը լրիվ ճնշված է և որևէ ազդեցություն չունի, Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական տրամադրություններ, և կա Ռուսաստան, որը խաղում է մեր և Ադրբեջանի հակասությունների վրա։ Որևէ բարեկամ այնտեղ չունենք։ Մենք հիմա Եվրոպայում կամ Եվրոպայից դուրս ավելի շատ ընկերներ ունենք, նույն Իրանը մեզ ավելի շատ ընկեր է, քան ԵՏՄ անդամ որևէ երկիր։ Այդ խնդիրը պետք է լուծվի»։