Աննախադեպ քննարկումներ՝ կանխատեսելի ելքով

Ազգային ժողովում երեկ թեժ քննարկումներ ծավալվեցին «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագծի բովանդակությունը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն չի ապահովել տնտեսական առաջընթաց, այլ նաև խաթարել է ՀՀ անվտանգությունը, սահմանափակել է ՀՀ-ի՝ երրորդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Նա շեշտեց, որ համաձայնագիրը չի գործում, և սա ՌԴ հերթական նախաձեռնությունն է, որ մնացել է թղթի վրա. «Ասում են` դե կարգուկանոնը լավը չի, չկա, բայց պետք է շուստրի լինենք, կարողանանք օգտվել դրանից, բաշարեք՝ դուք էլ օգտվեք, մի բան տարեք, մի բան բերեք… Բայց մենք չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շահ ստանաս»:

Անդրադառնալով իր իսկ խոսքով ՀՀ-ում «էյֆորիկ» տրամադրություններին, Է.Մարուքյանը հայտարարեց, որ «և-և» տեղի չի ունեցել: Նրա կարծիքով` «և-և» կլիներ, եթե ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեր ԵՄ հետ ասոցիացման և խորը և համապարփակ համաձայնագիր, այսինքն` ԵԱՏՄ շուկա ազատ մուտք գործելով, ստանար 500 մլնանոց շուկան: Պատգամավորի բնորոշմամբ` Հայաստանը թարմացրել է ԵՄ-ի հետ իր համագործակցության պայմանագիրը:

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ «Ելքի» նախաձեռնության Եվրասիական տնտեսական միության հետ շաղկապված ենթատեքստը միայն տնտեսական չէ, և դրա տակ կա քաղաքականություն, այդ թվում` գլոբալ քաղաքականություն: Նա համաձայնեց «Ելքի» քաղաքական փաստարկների` Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված, որ ԵԱՏՄ-ում ոչ բոլոր գործընկերներն են հայանպաստ քվեարկություններ անում, բայց հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ՌԴ նախաձեռնությամբ և ռուսական տնտեսության շուրջ. «Այսինքն` Արցախյան հակամարտության կարգավորման դերակատարներից մեկը ՌԴ-ն է՝ որպես ՄԽ համանախագահ, իսկ այդ պետության կառուցողական կեցվածքը որևէ մեկին կասկած չի հարուցում: Կապել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն Արցախյան հակամարտության հետ՝ այդքան էլ ճիշտ չէ»:

Կարդացեք նաև

Ա. Աշոտյանը հավաստիացրեց` «և-և»-ը կայացել է. «Որովետև «և-և»-ի տակ դրված չէր 2 տեղ ազատ առևտրի գոտի ունենալու հանգամանքը, այլ դրված էր նախ և առաջ՝ աշխարհաքաղաքական հանգամանքը, իսկ այդ տեսակետից Հայաստանին հաջողվել է զերծ մնալ կոնֆրոնտացիոն հռետորաբանությունից, աշխատել շահերի համադրման վրա, և լինելով ազատ տնտեսական մի գոտում՝ զուգահեռ կառուցել քաղաքական հարաբերություններ մյուս ուժի կենտրոնների հետ: Սա է «և-և»-ը»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշումը Հայաստանը պետք է օր առաջ կայացնի, իսկ իշխանությունն այլևս չունի գեղեցիկ խոստումներ տալ ինտեգրացիայից սպասվող տարբեր օգուտների մասին. «Փաստերը, անկախ մեր ցանկությունից, բավական անողոք են»:

Ըստ նրա` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը փաստարկվել է բացառապես ՀՀ անվտանգության նկատառումներով. «Իհարկե, ՀՀ իշխանությունները մինչև վերջ չեն պարզաբանել, թե անվտանգության հատկապես ո՞ր բաղադրիչն ի նկատի ունեին»: Ս.Սաֆարյանի կարծիքով` Հայաստանի անվտանգությունը չի բարձրացել, ներդրումներ գրեթե չեն եղել, և առաջիկա տարիներին չենք կարող որևէ լուրջ ակնկալիք ունենալ ԵԱՏՄ-ից:

«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նշեց, որ Ղազախստանում Նազարբաևը ցմահ նախագահ է, Լուկաշենկոն ևս ցմահ նախագահ է, Ռուսաստանում էլ փաստացի այդպես է. «Այսօր ես տենդենց եմ տեսնում, որ մեր երկրում էլ կդառնա այդպիսին»: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի նախկին հայտարարությունները, որ ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, ո՛չ որևէ պետական այլ պաշտոնի չի գնալու, բայց ԵԱՏՄ-ն փոխեց նրա մտադրությունները, և այսօր ասում է` դեռ չգիտի:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն այս լսումների անցկացումն իսկ ժողովրդավարության ապացույց անվանեց։ Պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ի համաձայնագիրը շատ շահեկան է մեզ համար, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը սխալ մոտեցում է. «Բոլոր այն երկրները, որոնք գնացել «կամ-կամ»-ի ճանապարհով՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, ունեցել են տարածքային կորուստներ։ Մեր «և-և»-ի քաղաքականությունը տվել է իր արդյունքները, ԵՄ հետ պայմանագրի ստորագրումը մեր արտաքին քաղաքականության հաղթանակն էր»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետություններին բնորոշ է համակարգային անպատժելիությունը, անպատասխանատվությունն ու անհաշվետվողականությունը սեփական երկրի քաղաքացիների հանդեպ: Նա հարցադրում արեց, թե ո՞րն է և ո՞վ է այս միության նախաձեռնողը, ու ո՞րն է նպատակը. «Նպատակն ակնհայտ բռնապետական իշխանության տարածումն է ետխորհրդային տարածքում»: Ա.Սաքունցը նշեց, որ իրենց ուսումնասիրության համաձայն` Հայաստանի հասարակությունը ԵՄ ինտեգրման կողմնակից է, և քաղաքական կամք է պետք դա ընդունելու համար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը պնդեց՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ԵԱՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին։ Նա տեղեկացրեց, որ 2015թ. մարտի 3-ին ՌԴ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ իր ներքին օրենքները գերակա են ԵԱՏՄ շրջանակներում ստորագրված պայմանագրերից, «այսինքն` այն, ինչ ՌԴ-ի օգտին է, աշխատում է, երբ օգտին չէ, չի աշխատում»: Նա առաջարկեց ՀՀ նախագահին` ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարող որոշումների վրա վետո դնել, ՀՀ ՍԴ-ին` ուսումնասիրել ՌԴ ՍԴ որոշումը, որը սահմանափակում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, քայլեր ձեռնարկել Իրանի հետ հարաբերություններում սահմանափակումները վերացնելու համար. «Այս երեք կետերի չփոխվելու պայմաններում ՀՀ-ն պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ դուռը շրխկացնելով փակելն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է:

«Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ մենք չկարողացանք և մինչ այս պահը չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի հնարավորություններից: Կարծում եմ՝ բոլոր պրոբլեմները պետք է փնտրել Հայաստանում»,- ասաց նա՝ մի շարք հարցադրումներ անելով՝ ինտեգրացիոն գործընթա՞ցն է մեղավոր, թե՞ իշխանությունը, որ մեր երկրի ներսում ծիրանի արտահանումը քվոտավորված է, ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը դարձել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, և որևէ այլ երկրի հետ իրավունք չունի գազային պայմանագրեր կնքել: Ըստ նրա՝ տնտեսական ցանկացած ինտեգրացիոն բլոկից միշտ էլ կարելի է օգուտ ունենալ, եթե կա ադեկվատ քաղաքականություն վարող իշխանություն և կառավարություն:

«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս