
Դանակահարություն Երևանում. Վրաստանի քաղաքացուն դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել ընկերոջը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում Վրաստանի քաղաքացու դանակահարությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վրաստանի քաղաքացի է։
2017թ.-ին նոյեմբերի 22-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տ.Տվիլդիանին՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1989թ. :
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ստեղծվել քննչական խումբ։ Երիտասարդը ճանաչվել է տուժող։
Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի բնակարաններից մեկում, որտեղ բնակվում է իր երեք այլ ընկերների հետ միասին, ովքեր ևս Վրաստանի քաղաքացիներ են: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ակումբից վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 05-ի սահմաններում, բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել ընկերներից երկուսի միջև, որի ժամանակ էլ 28-ամյա երիտասարդին խոհանոցային դանակի գործադրմամբ պատճառվել է ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հատվածին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ւ ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե