Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների 40 տոկոսը տեղյակ չէ վարակակիր լինելու մասին
Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժումն այսօր հասանելի է եւ այն ժամանակին սկսելու դեպքում հնարավոր է երկար եւ լիարժեք ապրել, ունենալ ՄԻԱՎ-ից զուրկ երեխաներ եւ չվարակել ուրիշներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ- ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում 3 հիվանդներից ընդամենը 2-ը գիտի իր կարգավիճակի մասին: Հայաստանում 60 տոկոսը գիտի իր կարգավիճակի մասին, 40 տոկոսը տեղյակ չէ: «Այսօր մեզ մոտ մարդիկ տարբեր պատճառներով չեն թեստավորվում: Ապացուցված է, որ բուժում ստացող անձի մոտ վիրուսի ծանրաբեռնվածությունն այնքան է նվազում, որ նա այլեւս վարակիչ չի դառնում այլ անձանց համար, իսկ դա եւս մեկ քայլ է ՁԻԱՀ-ի համաճարակը հաղթահարելու համար»,- ասաց նա:
2016 թվականին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայում մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, ստորագրել են հռչակագիր, որով պարտավորվել է մինչեւ 2030 թվականը վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին ամբողջ աշխարհում:
Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությամբ:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, որոնք երբեւէ գործածել են թմրաիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են առանց պահպանակի ռիսկային սեռական հարաբերություններ, երբեւէ հիվանդացել են սեռավարակով, ունեն հեպատիտ Բ կամ Ց, տուբերկուլյոզ, կատարել են դաջվածքներ եւ ունեն զուգընկեր, որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի: