«ԵՄ հետ պայմանագրի ստորագրումը մեր արտաքին քաղաքականության հաղթանակն էր». Սամվել Նիկոյան
ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների անցկացումն իսկ ժողովրդավարության ապացույց անվանեց։ Ըստ նրա՝ հայ քաղաքական մտքում միշտ էլ եղել են հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք քննարկումները, իսկ «Ելքի» տեսակետը նորություն չի։
Ս. Նիկոյանն առանձնացրեց ազգային անվտանգության խնդիրը՝ անընդունելի համարելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը և միաժամանակ նշելով, որ ՌԴ-ն Հայաստանին էլ էժան գնով է զենք վաճառում։ Նրա կարծիքով՝ չի կարող երկիրը գտնվել մի տնտեսական միությունում, իսկ ռազմաքաղաքականը՝ մեկ այլ. «Մեր պետության առաջնային խնդիրը ԼՂ խնդիրն է»:
Պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ի համաձայնագիրը շատ շահեկան է մեզ համար, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը սխալ մոտեցում է:
«Բոլոր այն երկրները, որոնք գնացել «կամ-կամ»-ի ճանապարհով՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, ունեցել են տարածքային կորուստներ։ Մեր «և-և»-ի քաղաքականությունը տվել է իր արդյունքները, ԵՄ հետ պայմանագրի ստորագրումը մեր արտաքին քաղաքականության հաղթանակն էր»,- հայտարարեց Ս.Նիկոյանը։