«ՀՀ հասարակությունը ԵՄ ինտեգրման կողմնակից է, և քաղաքական կամք է պետք դա ընդունելու համար». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ համոզվածություն հայտնեց, որ այս ելույթները քաղաքական մեծամասնության համար նշանակություն չունեն, բայց երևույթներ կան, որոնց մասին պետք է կրկին խոսել:

«Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ կա՛մ ընդունում են, կա՛մ՝ ոչ: ԵԱՏՄ-ին անդամագրության ժամանակ բերված հիմնավորումները` ամոթխած կամ համարձակ, որևէ փաստական հիմքով չեն ապացուցվել և չեն բռնել ժամանակի քննությունը»,- ասաց Ա.Սաքունցը:

Ըստ նրա` տնտեսական համագործակցության հիմքը ճանապարհն է, իսկ Լարսի անցակետի ճանապարհը պարբերաբար խափանվում է:

Նա նշեց, որ «Ֆրիդըմ հաուզի» գնահատականով` 2013-ին Ռուսաստանը մասնակի ազատ, հիմա՝ ոչ ազատ երկիր է, հոյակապ առաջընթաց կա նաև կոռուպցիայի տեսակետից, որ ծաղկում է: Ա.Սաքունցն անդրադարձավ Սահմանադրության փոփոխությանը, որ նախագահների պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին փոխվում է, իսկ Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ իշխանությունը փոխանցվում է ինտիմ ճանապարհով: Մեզ մոտ, ըստ նրա, անունն է փոխվում` նախագահը դառնում է վարչապետ, բայց հետևանքը նույնն է:

Կարդացեք նաև

Ա.Սաքունցը հայտարարեց, որ Ռուսաստանում կոպտորեն ոտնահարում են միջազգային կանոնները, ընտրությունները ԵԱՏՄ անդամ երկրներում ուղղակի միջոցառում են` ընտրակաշառքի լայն կիրառմամբ.

«Անդամ պետություններին բնորոշ է համակարգային անպատժելիությունը, անպատասխանատվությունն ու անհաշվետվողականությունը սեփական երկրի քաղաքացիների հանդեպ»:

Ա.Սաքունցը հարցադրում արեց, թե ո՞րն է և ո՞վ է այս միության նախաձեռնողը, ու ո՞րն է նպատակը. «Նպատակն ակնհայտ բռնապետական իշխանության տարածումն է ետխորհրդային տարածքում»:

Ա.Սաքունցը նշեց, որ իրենց ուսումնասիրության համաձայն` Հայաստանի հասարակությունը ԵՄ ինտեգրման կողմնակից է, և քաղաքական կամք է պետք դա ընդունելու համար:

Տեսանյութեր

Լրահոս