«Այս պայմանագրի շահառուները բոլորս ենք՝ միասին վերցրած և առանձին-առանձին». Ռուբեն Մեհրաբյան
Երեկ Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի նաև անվտանգության ոլորտում, չնայած անվտանգության բաղկացուցիչն ուղղակիորեն չի շոշափվում, այսինքն՝ բանակը, ուժային կառույցները, սպառազինությունները և այլն: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
«Եվ այնուամենայնիվ, այս համաձայնագրում կան ամբողջական բաժիններ, որոնք ներառում են ոլորտներ, որոնք իրենց ռազմակավարական կարևորությամբ գտնվում են նույն հարթության վրա, ինչ անվտանգության բաղկացուցիչները: Դա, այսպես կոչված՝ Sosk Secirity-ն է: Այն, որ սա կարևոր նշանակություն ունի նաև անվտանգության ոլորտում, երեկ ասաց նաև Անգելա Մերկելը՝ նշելով, որ Արևելյան գործընկերությունը Եվրամիության անվտանգության խնդիրն է: Եվ դա ուղղակի ճարտասանություն չէր, այլ՝ իրականության արձանագրում»,- ասաց Ռ.Մեհրաբյանը:
Ինչո՞ւ է կարևոր անվտանգության բաղադրիչը, հատկապես՝ Հայաստանի դեպքում:
Ըստ Ռ.Մեհրաբյանի` այս համաձայնագրով իրավաբանական ուժ է ստանում Եվրամիության մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որը կայանում է նրանում, որ դա պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով և Հելսինկյան 3 սկզբունքների հիման վրա: Մինչդեռ, ինչպես նշեց քաղաքագետը, հետխորհրդային տարածքի մնացած բոլոր կոնֆլիկտների հանդեպ ձևավորվել է եվրոպական մոտեցումն առ այն, որ այդ կոնֆլիկտները ռուսական օկուպացիայի հետևանք են, իսկ Ղրիմի պարագայում՝ նաև բռնակցում, որը վերջին անգամ Եվրոպայում 1938թ. իրագործել էր Հիտլերը.
«Եվ որ այդ կոնֆլիկտները պետք է լուծվեն բացառապես այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում: Խոսքը վերաբերում է Մոլդովային, Վրաստանին և Ուկրաինային:
Այսինքն, ղարաբաղյան կոնֆլիկտը դուրս է բերվում այդ ընդհանուր կոնտեքստից: Ես կարծում եմ, որ սա հայկական դիվանագիտության ջանքերի արդյունք է, և, բացի դրանից, սա Ադրբեջանի շարունակական, մաքսիմալիստական, կոշտ ու ոչ իրատեսական վարքի հետևանքն է, որն ուղղակի Եվրոպան չհանդուրժեց՝ այն դիտարկելով՝ որպես Եվրոպայի անվտանգությունը խաթարող և խափանող քաղաքականություն»:
Երկրորդ պարագան, որը, Ռ.Մեհրաբյանի կարծիքով, նույնպես չափազանց կարևոր է, վերաբերում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը:
Նրա խոսքով` ներկայումս աշխատանքներ են տարվում ատոմակայանի շահագործման երկարացման ուղղությամբ, բայց մենք նաև գիտենք, որ դա ՀԱԷԿ-ի վերջին և եզրափակիչ փուլն է, դրանից այն կողմ հնարավոր չէ ատոմակայանը պահել 2027 թվականից հետո.
«Ի՞նչ է դրանից հետո տեղի ունենալու: Այս պայմանագիրն ուրվագծում է այդ հետոն: Խոսքը վերաբերում է դրան համարժեք այլընտրանքի վերաբերյալ համատեղ ճանապարհային քարտեզ և գործողությունների պլան կազմելու մասին, որը պետք է ենթադրի բացառապես միայն նոր ատոմակայան, որովհետև, եթե մնացած բոլոր հզորությունները քանակապես էլ կարողանան լրացնել այս բացը, ապա որակական առումով համարժեք չեն դրան: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է մնա միջուկային-էներգետիկ պետություն: Սա Հայաստանի համար ռազմավարական կարևորության խնդիր է, և այդ իմաստով Հայաստանը ժամանակ չունի այլևս:
Մինչև 2027 թ. 10 տարի է մնացել, իսկ նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 5 տարի, այն նախագծելու համար՝ ևս 2 տարի: Այսինքն` քաղաքական որոշումների և բանակցային փուլն ավարտելու համար մեզ մնում է մոտ 3 տարի, ոչ ավելի»:
Ըստ Ռ.Մեհրաբյանի՝ այն, որ պայմանագրի կողմերից մեկն էլ «Եվրոատոմն» է, սա շատ մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար, որպեսզի հայկական կողմը կարողանա աշխատանքներն այնպես տանել, որ այս ատոմակայանը, որը վաղ թե ուշ պետք է փակվի, փակվի առավելագույնս անվտանգ՝ տեխնիկական և էկոլոգիական առումով, անվտանգ ուտիլիզացվի, և փակվելու ժամկետները լրանալուն պես մենք արդեն ունենանք պատրաստի նոր հզորություններ:
Քաղաքագետի համոզմամբ` սա շրջափակված, էներգառեսուրսներ չունեցող Հայաստանի համար ունի ուղղակի ռազմավարական նշանակություն, գտնվում է անվտանգության տիրույթում, և որևէ բանավեճ այս հարցում լինել չի կարող:
«Եվ, իհարկե, պետք է համաձայնենք, որ Հայաստանի տնտեսական վիճակը և ընդհանրապես՝ Հայաստանում քաղաքական ու տնտեսական համակարգն այսօրվա դրությամբ Հայաստանի թիվ 1 ներքին սպառնալիքն է: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացման նոր մակարդակի բարձրացնել այդ համակարգը:
Այսինքն` Հայաստանը պետք է իրական պայքար մղի կոռուպցիայի դեմ, տարանջատի բիզնեսն իշխանությունից, ապա մենաշնորհի տնտեսությունը, որովհետև տնտեսության սուբյեկտ է ոչ միայն շատ նեղ շրջանակ, այլ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ մենք տեսնում ենք, որ ներկա պայմաններում Հայաստանի քաղաքացիները տնտեսական սուբյեկտից վերածվել են պետության և օլիգարխիայի կլիենտների:
Իսկ դա նշանակում է` օտարում սեփական պետությունից: Հետևաբար՝ այս ամենն էվոլյուցիոն ճանապարհով շտկելու համար հնարավորությունների լայն դաշտ է բացում: Բայց սա աշխատելու է միայն այն դեպքում, երբ մենք հասկանանք շատ կարևոր մի բան` սա Սերժ Սարգսյանի պայմանագիրը չէ, չնայած նա ստորագրեց, սա Հայաստանի իշխանությունների, օլիգարխիայի պայմանագիր չէ, սա մեր բոլորի պայմանագիրն է, և այս պայմանագրի պոտենցիալ շահառուները բոլորս ենք՝ միասին վերցրած և առանձին-առանձին: Սա մեր երեխաների ու թոռների պայմանագիրն է: Այս պարագայում այս պայմանագիրը, այո, կծառայի բոլորիս»,- ասաց Ռ.Մեհրաբյանը: