Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց

Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՆ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

Ստորագրման արարողությամբ հետևեցին ծափահարություններ:

Այժմ Մոգերինին եւ Նալբանդյանը հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամություն են հայտնում ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Կընդլայնվի նաև շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը:

Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

Համաձայնագրում որպես ընդհանուր սկզբունքներ շեշտվում են ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը՝ ամրագրված մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և 1990 թվականի Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, կազմում է Կողմերի ներքին և արտաքին քաղաքականության հիմքը և սույն Համաձայնագրի կարևոր տարրը:

Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը:

Տեսանյութեր

Լրահոս