ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը պատրաստ է ադրբեջանցի զինծառայողի մարմինը փոխանցելու գործում հանդես գալ որպես անկախ միջնորդ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը պատրաստ է գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մենք պատրաստ ենք գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը այն պահից, երբ կունենանք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններից յուրաքանչյուրի հետ համաձայնություն»,-ասաց նա:
«Հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել ԿԽՄԿ-ի միջոցով դին ադրբեջանական կողմին փոխանցելու առնչությամբ, փաստորեն հիմա սպասում ենք մյուս կողմի հետ համաձայնությանը» հարցին ի պատասխան` Զառա Ամատունին ասաց. «Երբ մենք ասում ենք համաձայնություն, նկատի չունենք հայտարարությունները: Այստեղ կան որոշակի հարցեր, որոնք պետք է կարգավորվեն, որպեսզի մենք կարողանանք գործել որպես չեզոք միջնորդ: Համաձայնությունը մի կողմից խնդրանքն է կողմին, որին դիմում ես, մյուս կողմից` երբ բոլոր հարցերն արդեն համաձայնեցված են: Դա գործընթաց է, որը կարող է լուծվել մեկ կամ մի քանի օրում»,-եզրափակեց ԿԽՄԿ ներկայացուցիչը:
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նոյեմբերի 23-ի առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: