Բաժիններ՝

Վաշինգտոնում կայանալիք փառատոնի ժամանակ կներկայացվեն հայկական խոհարարական ավանդույթներն ու արհեստները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը «Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ հայտարարեց, որ 2018-ին Վաշինգտոնում կանցկացվեն հայկական մշակութային ժառանգության օրեր: «Ես հրավիրում եմ բոլորին գալ ու միանալ մյուս տարի հունիս-հուլիսին, Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից կազմակերպվելիք փառատոնին, որի շրջանակում ներկայացվելու են հայկական մշակույթն ու ավանդույթները»,-ասաց դեսպանը:

Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ֆոլքլայֆ» (ազգային կյանք) փառատոնի 2018 թվականի թիրախներից մեկը Հայաստանն է: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի կայքից, հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-8-ը նախատեսվող փառատոնի շրջանակում մի խումբ հայ նկարիչներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ կներկայացնեն մեր երկրի մշակութային ժառանգությունը: Մասնավորապես, հայկական ծրագիրը կկենտրոնանա խոհարարական ավանդույթների և արհեստների հանրայնացման վրա` աշխատաժողովների, ցուցադրությունների, վարպետության դասերի, քննարկումների միջոցով:

Ծրագրի ղեկավարներից Հալլե Բուտվենի դիտարկմամբ` հայկական առատ հյուրընկալությունը մշակութային հպարտության աղբյուր է: Փառատոնի այցելուները կսովորեն պատրաստել հայկական խնջույքների անբաժանելի բաղադրիչներից հացը, պանիրն ու խորովածը: Իսկ հայկական գինու համտեսը կուղեկցվի Հայաստանում հայտնաբերված 6000-ամյա գինեգործական քարանձավի պատմության, գինին կարասներում պահելու ավանդույթի ներկայացմամբ:

Արհեստների բաժնում կհամադրվեն ավանդական մոտեցումներն ու տեխնոլոգիական լուծումները: Մասնակից վարպետները տեղում կստեղծեն նորարարության և ավանդույթների միախառնումից ծնված ցուցանմուշներ: Մասնակիցները կկարողանան սեփական ձեռքերով գորգ գործել, ասեղնագործել ու փորագրել: Քննարկումների ժամանակ կշեշտադրվի արհեստների ոչ միայն տնտեսական կարևորությունը, այլև շարունակաբար աճող մշակութային արժեքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս