ԵԽԽՎ բյուրոն Ադրբեջանի կոռուպցիոն քայլերը հետաքննող անկախ մարմնի գործունեությունը երկարաձգելու որոշում է կայացրել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշում է կայացրել երկարաձգել վեհաժողովում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Կոպենհագենում ԵԽԽՎ բյուրոյի նիստում որոշում կայացվեց երկարաձգել ԵԽԽվ-ում կոռուպցիոն վերջին իրադարձությունները հետաքննող անկախ մարմնի գործունեությունը մինչև 2018 թվականի ապրիլի 15-ը։ Մինչ այդ ժամանակատվածըի ավարտը անկախ մարմինը բյուրոյին, այնուհետ Վեհաժողովին կներկայացնի իր զեկույցը։ Հիշեցնեմ,որ անկախ մարմինը ստեղծվել էր ամիսներ առաջ ԵԽԽվ որոշմամբ, և նախատեսվում էր, որ զեկույցը պետք է ներկայացվեր Վեհաժողովին մինչև 2018 թվականի հունվարը»,- գրել է Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհուրդը 2017թ. մայիսի 31-ին սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ: Մասնավորապես, կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ անդամներից մեկին՝ Լուկա Վոլոնտեին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի:

Տեսանյութեր

Լրահոս