
Ֆրանսիական Guepratte ֆրեգատը ժամանել է Բաթումի նավահանգիստ

Ֆրանսիայի Ազգային նավատորմի Guepratte բազմաֆունկցիոնալ անտեսանելի ֆրեգատը ժամանել է Բաթումի նավահանգիստ: Այդ մասին ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն: Guepratte-ի հրամանատար Ժակ Մալյարիին եւ անձնակազմի անդամներին դիմավորել են Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի տնօրեն Թեմուր Կվանտալիանին, Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն եւ այլ պաշտոնատարներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Guepratte-ի ժամանման նպատակը «Ֆրանսիայի եւ Վրաստանի առափնյա պահպանության նավերի փոխգործակցության մակարդակի բարձրացումն է»:
Այցի ընթացքում պլանավորված են վրացի ու ֆրանսիացի նավաստիների համատեղ վարժանքներ: Guepratte-ի հրամանատարն արդեն հանդիպում է անցկացրել Աջարիայի կառավարության ղեկավարի հետ՝ կարեւորելով այսօրինակ համագործակցությունը:
Guepratte անտեսանելի ֆրեգատը Վրաստանից կմեկնի նոյեմբերի 26-ին: Ինչպես նշվում է, սա Ֆրանսիայի Ազգային նավատորմի նավի առաջին այցը չէ Վրաստան: 2016 թվականի հոկտեմբերին Բաթում էր ժամանել կորվետ տիպի Premier maitre l՚Her մարտանավը, հաղորդել է Sputnik-ը: