Սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգով սպասարկվել է 15 000 շահառու
Ապահովագրական ընկերությունների միջոցով սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգն արդարացրել է ՀՀ առողջապահության նախարարության նախնական սպասումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
«Մեր սպասումներն արդարանում են: Արդեն ունենք նոր կարգով սպասարկված մոտ 15 000 հաճախորդ, թե տարեկան ստուգումների, թե դժվարամատչելի ծառայությունների գծով: Արվել է 1 500-ից ավելի վիրահատական միջամտություն, այդ թվում՝ մոտ 70-80 սրտի թանկարժեք վիրահատություններ»,- ասաց փոխնախարարը:
Երկուսից չորս միլիոն արժողությամբ վիրահատությունների ծախսերը մարվել են ապահովագրական ծառայությունների կողմից: «Հակառակ պարագայում պետական ծառայողն իր պաշտոնական աշխատավարձով գուցե ռիսկի առաջ կանգներ»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին սոցփաթեթի մատուցման կարգում փոփոխություններ չեն սպասվում, քանի որ այն իրեն արդարացրել է: Եթե նույնիսկ լինեն փոփոխություններ, դրանք կլինեն գրեթե անտեսանելի՝ նեղ մասնագիտական, իրավական բնույթի: Ըստ համապատասխան որոշման, ենթադրվում էր նաև, որ ապահովագրական ընկերությունները պետք է բուժմանն ուղղեին իրենց տրամադրած միջոցների առնվազն 90 տոկոսը: «Մեր սկզբնական հաշվարկները ճիշտ էին: Այդ թվերը ևս արդարացվել են»,- եզրափակեց Մարգարյանը:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր: Առողջապահության նախարարությունից զատ, բժշկական ծառայությունների մատուցմանը հետևում է նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ: