Պատգամավորներն առաջարկում են էականորեն խստացնել անչափահասներից խաղադրույք ընդունելու պատիժը
Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է խստացնել պատիժները անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար:
Նախաձեռնության հեղինակն է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, համահեղինակներ են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հրայր Թովմասյանը, Գագիկ Մելիքյանը, Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Վարդեւան Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ փաթեթով առաջարկվում է վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին, հատկապես՝ ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցելու իրավունք ընձեռելու առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք: Չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:
Պատգամավորը որպես հիմնավորում ներկայացնում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում մամուլում եւ սոցիալական ցանցերում գնալով ավելի հաճախակի են դառնում նման իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները. «Նման հրապարակումները փաստում են, որ գործող օրենսդրության առկա կարգավորումների խախտման արդյունքում ոչ միայն կարող է խեղվել անչափահաս քաղաքացու հոգեբանությունը, այլեւ շատ դեպքերում կործանարար ազդեցություն ունենալ առանձին անչափահաս քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար: Նման դեպքերի նկատելի աճին նպաստել է նաեւ լիզենցավորված այդ գործունեությունն իրականացնող ընկերությունների կողմից իրենց ցանցերի լայն տարածումը Հայաստանի Հանրապետությունում, համացանցային տիրույթում շահումով խաղերի կազմակերպման ծավալների աճող միտումները, ինչպես նաեւ սահմանված տուգանքների անհամապատասխանությունը պատճառված վնասին, թույլ վարչական վերահսկողությունը եւ այլն»:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ գործող օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանքի կիրառում՝ 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով: Օրենքում հստակեցված չէ իրավախախտումների կրկնվելու դեպքում պատիժը:
Փաթեթի ընդունման արդյունքում նախ՝ կիրառվող տուգանքի չափը կհամապատասխանի գերշահույթով աշխատող կազմակերպությունների շահույթին, երկրորդ՝ տուգանքների մեծ չափերը եւ նշված իրավախախտումը չորրորդ անգամ կատարելու դեպքում լիցենզիայից զրկվելը վիճակախաղի կազմակերպիչների համար կունենան զսպիչ նշանակություն, ինչը կհանգեցնի վիճակախաղերի դեպքում՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների դեպքում 21 տարեկանը չլրացած անձանց՝ վիճակախաղերին կամ շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցության դեպքերի հնարավորինս նվազմանը:
Պատգամավորներն էական են համարում այն հանգամանքը, որ վերոնշյալ շուկայում առկա է իրական կոշտ մրցակցություն, եւ նման տուգանքների սահմանման պարագայում այն կհանգեցնի շուկայի մասնակիցների կողմից միմյանց գործունեության փոխադարձ վերահսկողության, ինչը կարող է միայն օգտակար լինել խնդրի լուծման տեսանկյունից: