Բյուջետային քննարկումների սնանկությունը
2018 թ. բյուջետային քննարկումների առաջին «ռաունդն» ավարտվեց։ Ցավոք, այն ընթացավ այնպես, ինչպես և սպասվում էր։ 2 շաբաթ առաջ կանխատեսել էինք, որ կարևոր, խորքային հարցեր բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։ Հիմնականում կլինեն սիրողական, առանձին հոդվածներով ծախսերի վերաբերյալ հարցեր, որոնց տակից կառավարությունն առանց դժվարության դուրս կգա։
Շատ սուբյեկտիվ մի նկատառում անենք, որը ոմանց կարող է դուր չգալ։ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը բյուջետային քննարկումներին պատրաստվում և մասնակցում են «տնավարի»։ Ավելին՝ շատ քիչ հավանական է, որ լրջորեն պատրաստվում են։ Պատրաստվել ասելով՝ նկատի ունենք, որ կուսակցությունը մոբիլիզացնում է իր մտավոր ներուժը, իրեն անդամակցող տնտեսագետների, ֆինանսիստների և այլ մասնագետների հետ լրջորեն քննարկում բյուջեի նախագիծը, դրա տրամաբանությունն ու գաղափարախոսությունը, մշակում իրենց այլընտրանքը, և այլն։
Փոխարենը՝ մերոնք ֆիքսվում են բյուջեի առանձին հոդվածների վրա։ Ոմանք թերթում են հաստափոր այդ փաստաթուղթը, իրենց համար նշում մի քանի կոնկրետ թվեր, որ ելույթ ունենալիս կամ հարց տալիս տպավորություն ստեղծեն, թե ոտքից գլուխ ծանոթացել են նախագծին։ Մեծ մասը, սակայն, ավելի հեշտ մեթոդ է օգտագործում. մամուլից ծաղկաքաղ է անում քննարկման առարկա դարձած մի քանի թիվ ու դրույթ և դարձնում քննարկման առարկա։ Օրինակ՝ պետական համակարգում 5500 աշխատատեղերի կրճատումը։ Ասենք, որ այդ թիվը պետական բյուջեի նախագծում չկա։ Այդ թիվը երևան է եկել հոկտեմբերին՝ Ֆինանսների նախարարության կողմից Հանքավանում անցկացված սեմինարի ժամանակ. այն տեղ էր գտել Ֆիննախի աշխատակազմի կողմից պատրաստված տեղեկանքում։ Այդ մասին առաջինը գրել ենք մենք՝ զուտ ներկայացնելով փաստը, որից հետո մեր մյուս գործընկերները նույնպես անդրադարձան դրան, և թեման սկսեց ակտիվորեն քննարկվել։ Հիմա այն դարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթների գլխավոր մեխերից մեկը։ Ինչպես, ասենք, մեքենաների ձեռքբերման և պահպանման ծախսերի ավելացումը։ Ասել է թե՝ փոխանակ լրատվական դաշտն ինֆորմացիա քաղի ազգընտիրներից, որոնց հիմնական գործը պետք է լիներ հենց օրենսդրական նախագծերն ուղնուծուծով ուսումնասիրելը, ազգընտիրներն են մամուլից ծաղկաքաղ անում։ Ու քանի որ լրատվական դաշտում պրոֆեսիոնալ տնտեսագետներ չեն աշխատում, հաճախ լինում են նաև սխալ մեկնաբանություններ ու տարընթերցումներ։ Հետո այդ ամբողջը նույնությամբ տեղափոխվում է ԱԺ ամբիոն՝ համեմվելով պաթոսով ու լայն զանգվածներին ականջահաճո քննադատությամբ։
Դրա համար էլ ԱԺ ամբիոնից հնչում են աբսուրդի հասնող պնդումներ։ Օրինակ՝ պատգամավորներից մեկն ասում է, որ բյուջեին դեմ քվեարկելու պատճառներից մեկը խայտառակ գնաճն է։ Մինչ լսողները փորձում են հասկանալ այդ պատճառահետևանքային կապը, ելույթի հեղինակը պարզաբանում է, որ գնաճը զսպելու միակ միջոցը թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելն է, ինչը չի արվում բյուջեով: Տնտեսագիտությանը գոնե մի թեթև ծանոթ մարդիկ գիտեն, որ թոշակ ու աշխատավարձ բարձրացնելով՝ ոչ թե գնաճը ճնշում են, այլ նպաստում գների աճին, սակայն ելույթը սուր է և հուզական։ Դա է կարևորը։
Չէ, իհարկե, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել պետք է։ Սակայն փաստարկներն էլ պետք է հիմնավորված լինեն։
Սիրողական մակարդակով, մի քանի (շատ հաճախ՝ սխալ) տվյալների վրա ինքնանպատակ ելույթների փոխարեն՝ ընդդիմությունը պետք է կառավարության մոտեցմանը հստակ այլընտրանք առաջարկի՝ լուրջ մասնագիտական փաստարկներով։ Կառավարության առաջ քաշած գաղափարախոսությանը պետք է հակադրի իր սեփականը, ոչ թե կենտրոնանա դետալների վրա։ Մանավանդ, որ բյուջեում որդեգրված հիմնական մոտեցումները նորություն չէին։ Ֆինանսների նախարարությունը, արդեն 3 ամիս է, հանրային քննարկման է դրել հարկաբյուջետային կանոնների փոփոխությունները։ Դրանցում տեղ են գտել և՛ սոցիալական ծախսերի/կապիտալ ծախսերի համամասնությունները, և՛ պետական պարտքի շեմի հետ կապված բացառությունները և այլ կարևոր գործոններ։ Անգամ լրագրողներն են մասնակցել այդ քննարկումներին, և ավելի տեղին ու իմաստալից հարցեր տվել, քան պատգամավորներից շատերը։
Թերևս, միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էր, որ փորձեց ավելի լայն նայել հարցին. նա կասկածի տակ դրեց կապիտալ ծախսերի մեծացման արդյունավետությունը, նշեց, որ առաջարկը խթանելով՝ կոռուպցիոն ռիսկերն են աճում (ասենք՝ ասֆալտապատման ատկատների հնարավորությունը), իսկ թոշակ ու նպաստ բարձրացնելը խթանում է պահանջարկը, և պետք է այդ ճանապարհով գնալ։ Սա, թեպետ՝ կառավարության տեսակետից տարբերվող, սակայն մասնագիտական առումով առողջ տեսակետ է, որի շուրջ կարելի է բանավիճել։
Բայց սա շատ քիչ է։ Հարցերի ու ելույթների մեծ մասը մակերեսային են ու քաղաքականացված։ Կրթության և գիտության ծախսերը, իհարկե, պետք է ավելացնել։ Թոշակներն ու աշխատավարձերը՝ նույնպես։ Սակայն չի կարելի և՛ առաջարկել ֆինանսավորումն ավելացնել բոլոր ուղղություններով, և՛ ցույց չտալ փողի աղբյուրը՝ միևնույն ժամանակ դեմ լինելով պարտքի ավելացմանն ու հարկային վարչարարության որոշակի խստացմանը։ Կամ՝ չի կարելի կառավարությանը մեղադրել անիմաստ ու անարդյունավետ ծախսեր կատարելու մեջ, և միևնույն ժամանակ՝ քննադատել պետական համակարգում 5600 հաստիք կրճատելու որոշումը (առանց խորամուխ լինելու՝ ինչ հաստիքներ են կրճատվում)։ Չի կարելի բյուջետային քննարկումն ու երկրի հարկաբյուջետային քաղաքականությունը բերել հասցնել մեկ առևտրի կենտրոնի մասշտաբին, խոսել հավասարությունից ու կառավարությանն անուղղակի առաջարկել խախտել օրենքը՝ խտրականություն դնելով՝ ոմանցից հարկեր չգանձել։
Հասկանալի է, որ շարքային ու փոքր-ինչ անտեղյակ քաղաքացուն հաճելի է լսել թոշակների բարձրացման անհրաժեշտության, հարկերի կրճատման անհրաժեշտության, կառավարության սխալների, պաշտոնյաների «պադավատների» ու դղյակների մասին։ Բայց այսպես ամեն ինչ անլրջանում է, և տպավորություն է, որ ոչ թե երկրի խորհրդարանում ես, այլ բակի «բեսեդկում»։
Ինչպե՞ս կարելի է կառավարությանը չհիշեցնել այն մասին, որ այս տարի մենք արդեն պետք է բյուջետային ծրագրավորման անցած լինեինք։ Ինչպե՞ս կարելի է քննարկման առարկա չդարձնել պետական պարտքի մասին օրենքում սպասվելիք փոփոխությունները։ Ու փոխարենը՝ խոսել այն մասին, որ գյուղերում առաջին դասարաններ չեն բացվում՝ արտագաղթի պատճառով։ Ժողովրդագրական խնդիրը, իհարկե, սուր է, բայց ի՞նչ կապ ունի դա բյուջեի նախագծի հետ։ Ընդդիմությունը՝ իր պատրաստվածությամբ, պետք է ամեն ինչ անի՝ մասնագիտական դաշտում իշխանությանը ոչնչով չզիջելու համար։ Հասկանալի է, որ իշխանության ռեսուրսն ավելի մեծ է. մի ամբողջ պետական համակարգ աշխատում է կառավարության ծրագրերի կազմման, դրանց հիմնավորումների ու փաստարկների մշակման վրա։ Բայց խորհրդարան անցած քաղաքական ուժը նույնպես պետք է ունենա մասնագիտական կորիզ ու փորձի մասնագիտական դաշտում լուրջ հարցադրումներ անելով՝ նեղը գցել կառավարությանը։ Հենց սա է ստվերային կառավարության իմաստը։
Ճիշտ է, իշխանության կողմից էլ աբսուրդի հասնող փաստարկներ են հնչում։ Օրինակ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն աղքատության մասին այնպիսի դարակազմիկ ենթադրություններ արեց՝ թեման կապելով արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հետ, որ քիչ մնաց մտածեինք՝ պաշտոնապես 30% աղքատներն իրականում մեծահարուստներ են։ Սակայն, անգամ այս կիքսերով հանդերձ՝ կառավարությունը հաղթեց «բյուջետային ճակատամարտում»` մասնագիտական ու պրոֆեսիոնալ հարթության մեջ։ Հաղթեց ոչ թե այն պատճառով, որ շատ ավելի տաղանդավոր է կամ հզոր, այլ՝ որովհետև ընդդիմությունը «զահլա չունի» լուրջ պայքարի մեջ մտնելու։ Ընդդիմությունը պարզապես «իր համար բզբզում է»՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու։ Ինչո՞ւ չարչարվել, տեսողությունն ու ժամանակը վատնել՝ լուրջ փաստարկներ ու այլընտրանք առաջարկելու համար, եթե բյուջեն, միևնույն է, ընդունվելու է։ Հավանաբար այսպես են մտածում։ Ու եթե այդպես է՝ ապա ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խորհրդարանական ընդդիմություն ունենալ։ Միայն սուր ելույթների ու սկանդալային հարցերի համա՞ր։ Դրա համար արդեն կա Ֆեյսբուք։