«Ջարդարարների շարքում եղել են 14-18 տարեկան ադրբեջանցի տղաներ, և նույնիսկ՝ աղջիկներ». Մարինա Գրիգորյան
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սումգայիթի ողբերգության 30-ամյակին նվիրված՝ իրականացնելու են մի շարք նախագծեր։
«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից 2010թ. նոյեմբերից։ Մարինա Գրիգորյանն ասաց, որ այդ ընթացքում Սումգայիթը եղել է նախագծի հիմնական ուղղություններից. «Մի քանի գիրք է լույս տեսել, ֆիլմ ենք նկարահանել, կայք ենք ստեղծել և, ամենակարևորը՝ կարողացել ենք ստեղծել Սումգայիթի ողբերգությանը վերաբերող շատ մեծ արխիվ։ Կարողացել ենք փրկել այն տեսանյութերը, որոնք ոչնչացման եզրին էին կանգնած։ Դրանք բացառիկ են, կարողացել ենք հայթայթել նոր նյութեր, այդ թվում՝ դատական լսումներից, քննչական հետաքննություններից, և կարողացել ենք գտնել նոր նկարներ, որոնք ապացուցում են՝ Սումգայիթն Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից մշակված և մեկ կենտրոնից համակարգվող ու իրականացվող հանցագործություն է եղել հայերի դեմ: Այդ օրերին Սումգայիթում էին գտնվում Ադրբեջանի ղեկավարները»։
Խոսելով իրականացվելիք նախագծերից՝ նա ասաց, որ դրանցից առաջինը կոչվում է «Սումգայիթը՝ ադրբեջանցիների աչքերով». «Մենք այնտեղ կփորձենք ներկայացնել միայն ադրբեջանցի վկաների ցուցմունքները, որոնք տրվել են քննչական և դատական լսումների ժամանակ։ Մեր տրամադրության տակ կան 3 քրեական գործերի նյութեր, մնացածը գտնվում են ՌԴ-ի և Ադրբեջանի արխիվներում, հասանելի չեն։ Հենց ադրբեջանցի ականատեսներն են հաստատում, որ Սումգայիթի կոտորածը կազմակերպված է եղել Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից։ Մենք նաև ներկայացնելու ենք այն գործի վկայությունները, որտեղ մեղադրյալի կարգավիճակով հանդես է եկել Էդուարդ Գրիգորյանը։ Նրա միայն ազգանունն է հայի, և նրան ադրբեջանցիներն այս 30 տարվա ընթացքում փորձում են ներկայացնել այդ 3 օր տևած լայնածավալ ջարդերի ու սպանությունների հիմնական կազմակերպիչը՝ փորձելով ամբողջ մեղքը գցել հայերի վրա։ Մենք կներկայացնենք նաև այդ քրեական գործերի նյութերը, որտեղ Գրիգորյանը մեկն է 6 մեղադրյալներից, մնացած 5-ն ադրբեջանցիներ են։ Այդ վկայություններից պարզ կդառնա, որ այսօր Բաքուն դիմում է կեղծիքների»։
Մյուս նախագիծը կոչվում է «Սումգայիթի երեխաները»։ Նա ասաց, որ փորձում են գտնել այն մարդկանց, որոնք Սումգայիթի կոտորածի ժամանակ երեխաներ են եղել և ականատես են եղել իրենց հարազատների, ընկերների կտտանքներին, սպանություններին. «Իհարկե, Սումգայիթի դեպքերն այդ երեխաների վրա թողել են անդառնալի հետք, և շատ դժվար է դա հիշելը։ Մենք արդեն 5 հոգու գտել ենք։ Նաև փորձում ենք պարզել, թե արդյո՞ք Սումգայիթում սպանվել են երեխաներ, և այսօր ունենք այդ ապացույցները։ Շատ վկայությունների մեջ նշվում է, որ ջարդարարների շարքում եղել են ադրբեջանցի դեռահասներ (14-18 տարեկան տղաներ, և նույնիսկ՝ աղջիկներ): Նույնիսկ Մոսկվայում կայացած դատի ժամանակ մեղադրյալներից մեկն ընդամենը 17 տարեկան է, և նրա մայրը դատական նիստի ժամանակ հայտարարել է. «Այստեղ նստած են միայն կատարողները, իսկ կազմակերպիչները մնացել են անպատիժ»։ Այդ կադրերը կան»։
Նա ասաց, որ Սումգայիթի կոտորածն իրականացրած 1000 անձից միայն ութսունն է պատասխանատվության ենթարկվել. «Նրանք դատապարտվել են տարբեր ժամկետներով, սակայն ունենք տեղեկություններ, որ երկու-երեք ամիս անց բոլորն ազատ են արձակվել։ Միայն մեկն է մահվան դատապարտվել, բայց չգիտենք՝ մահապատիժն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ Էդուարդ Գրիգորյանը հիմա իր համար հանգիստ Մոսկվայում ապրում է։ Նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման և մի քանի տարի անց դուրս է եկել»։
Մ. Գրիգորյանը շեշտեց՝ Սումգայիթը մեր անցյալը չէ, մեր ներկան է, և ըստ նրա՝ մեր ներկան կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է իր հայատյաց քաղաքականությունը։